ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

«Թթվածնի զուր վատնում»․ ԱՄՆ-Իրան բանակցությունները հույս չեն ներշնչում փորձագետներին

Օմանում ընթացող ԱՄՆ-Իրան բանակցություններից մանրամասներ դեռ չեն հրապարակվում։ Միայն հայտնի է, որ Օմանի մայրաքաղաք Մասկատում հանդիպել են Իրանի և Օմանի արտաքին գործերի նախարարները։ Բացի այդ՝ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այժմ խորհրդակցություններ է անցկացնում Օմանի արտաքին գործերի նախարարի  հետ։ Այդ հանդիպումների մասին  հայտարարել է Օմանի Սուլթանության ԱԳ նախարարությունը։ Մինչև Օմանում հանդիպում կազմակերպելը ԱՄՆ-Իրան բանակցությունները առաջարկվում էր կազմակերպել Ստամբուլում, սակայն Թեհրանը դեմ արտահայտվեց այդ առաջարկին, և հանդիպման վայրը տեղափոխվեց Մասկատ։

ԱՄՆ նախագահի՝ Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությունների՝ Օմանում նախատեսված հանդիպումից առաջ տարածված տեղեկությունները, հայտարարություններն ու իրադարձությունները որոշակի վերլուծությունների հիմք են տվել վերլուծաբաններին։

Մասնավորապես՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, պատասխանելով ԱՄՆ-Իրան բանակցությունների մասին լրագրողների հարցերին, պարզաբանել է, որ նախագահ Թրամփը չի հանդուրժի իրանական միջուկային կարողությունների գոյությունը․

«Դիվանագիտությունը շարունակվում է: Նախագահը ակնհայտորեն բավական հստակ է արտահայտվել իրանական ռեժիմին ուղղված իր պահանջներում:

Զրոյական միջուկային կարողությունները մի բան են, որի մասին նա շատ հստակ է արտահայտվել, և նա ցանկանում է տեսնել, թե արդյոք հնարավոր է համաձայնության հասնել: Եվ մինչ այս բանակցությունները տեղի են ունենում, ես կցանկանայի հիշեցնել իրանական ռեժիմին, որ նախագահն իր տրամադրության տակ ունի բազմաթիվ տարբերակներ, բացի դիվանագիտությունից, որպես աշխարհի պատմության մեջ ամենահզոր բանակի գլխավոր հրամանատար»:

Ամերիկյան կողմը հիշեցնում է, որ Թրամփը նախապես զգուշացրել էր, որ եթե հնարավոր չլինի գործարք կնքել, ապա, իր խոսքով՝ «վատ բաներ կարող են տեղի ունենալ»։ Ի պատասխան՝ Իրանը հակադարձել էր, որ կոշտ կարձագանքի յուրաքանչյուր ռազմական հարվածի:

Բանակցությունները Օմանում դեռ չսկսած՝ Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանությունը հաղորդագրություն էր տարածել, որով ԱՄՆ քաղաքացիներին կոչ էր արվում անհապաղ հեռանալու Իրանից։ Նաև առաջարկվել է ինքնուրույն լքել այդ երկրի տարածքը և հույս չկապել ամերիկյան կառավարության օգնության հետ։

ԱՄՆ–ն Իրանում իր երկրի քաղաքացիներին զգուշացնում է, որ նրանք կարող են ձերբակալվել նույնիսկ միայն ամերիկյան անձնագիր ունենալու համար։

«Եթե չեք կարող լքել տարածքը, գտեք անվտանգ տեղ՝ ձեր տանը կամ մեկ այլ անվտանգ շենքում։ Սննդի, ջրի, դեղերի և անհրաժեշտ այլ ապրանքների պաշար հավաքեք։ Խուսափեք ցույցերից, պահեք ձեզ աննկատ և ուշադիր եղեք շրջապատի նկատմամբ»,— նշված է ԱՄՆ վիրտուալ դեսպանության հաղորդագրության մեջ։

Որպես Իրանից դուրս գալու հնարավոր ուղիներ այս անգամ էլ ԱՄՆ իշխանությունները նշել են ցամաքային ճանապարհները` Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով։

Օմանում ԱՄՆ-Իրան հանդիպումից առաջ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, գեներալ Հեյդար Հոնարիան Մոջարադն էլ հայտարարել էր, որ առգրավվել և իշխանություններին է հանձնվել մոտ 1 մլն լ մաքսանենգ նավթամթերք։ Նա, սակայն, չի նշել առգրավված նավերի անունները, պատկանելությունը կամ անձնակազմի քաղաքացիությունը։

«Հեղափոխության պահապանների երկրորդ շրջանը տարածաշրջանի նկատմամբ իր լիակատար վերահսկողության ներքո նկատել է մաքսանենգ վառելիք տեղափոխող երկու նավ։ Դատարանի որոշմամբ՝ տանկերները բռնագրավվել են Ֆարսի կղզու մոտ և տեղափոխվել Բուշեր։ Մոտ 1 մլն լ մաքսանենգ վառելիք, ներառյալ դիզելային վառելիք, բռնագրավվել և հանձնվել է Իրանի ազգային նավթավերամշակման և բաշխման ընկերությանը։ Երկու նավերի 15 օտարերկրյա անձնակազմի անդամներ ձերբակալվել են և այժմ դատական մարմինների կալանքի տակ են դատական գործընթացը արագացնելու համար»։

Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածությունը պահպանվում է դեռ անցած ամսվանից, երբ Թեհրանում և այլ քաղաքներում բռնի կերպով ճնշվեցին համազգային բողոքի ցույցերը։

Վերջին շրջանում ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել  ռազմանավերի տորմիղ՝ «Աբրահամ Լինքոլն» ավիակրի գլխավորությամբ։

Ի պատասխան՝ Իրանն էլ ստորգետնյա հրթիռային նոր համալիրում տեղակայել է մեծ հեռահարության «Խորրամշահր-4» բալիստիկ հրթիռը։ Ըստ իրանական Fars գործակալության՝ հրթիռի հեռահարությունը մինչև 2․000 կմ է, մարտական գլխիկը կարող է կրել մեկ տոննայից ավելի պայթուցիկ նյութ, ինչը այն դարձնում է իրանական հրթիռային ծրագրի ամենահզոր մարտագլխիկներից մեկը։

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը ԱՄՆ-Իրան բանակցությունները անիմաստ է համարում․

«Այդ հանդիպումները «թթվածնի զուր վատնում են»: Այս հարցում Իրանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնության համար պարզապես տեղ չկա: Ես չգիտեմ, թե ինչ կձեռնարկի Թրամփը, բայց չեմ կարծում, թե այդ բանակցություններից որևէ արդյունք լինի՝ Օմանում, Թուրքիայում, թե Լուսնի վրա: Պարզապես ժամանակի զուր կորուստ է»:

Մինչև բանակցությունների մեկնարկը իրանական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, տեղեկացնում էին, որ Թեհրանը մտադիր է քննարկելու միայն իր միջուկային ծրագիրը, իսկ այլ թեմաների վերաբերյալ ամեն ենթադրություն անհիմն է, և բալիստիկ հրթիռների հարցը քննարկման առարկա չի կարող լինել։

Սակայն Վաշինգտոնը, ըստ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, նպատակ ունի քննարկելու նաև Իրանի բալիստիկ հրթիռների սահմանափակման հարցը ևս, ինչպես նաև Իրանում ցուցարարների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը։

Կարդացեք նաև

Back to top button