ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ատելության խոսքի, զրպարտության և վիրավորանքի նախընտրական «մեխանիզմը»

Ատելության խոսքի, զրպարտության և վիրավորանքի ծավալը աստիճանաբար ավելանում է հանրային կյանքում։ Վերլուծաբանները դա պայմանավորում են նախընտրական շրջանով։ Ատելության խոսքի, զրպարտության կամ վիրավորանքի հենքի վրա կառուցված հանրային խոսքը հանդիպում է երեք հարթությունում՝ միջկուսակցական պայքար, ներկուսակցական պայքար, զանգվածային լրատվամիջոցներ։

Ատելության խոսքի, զրպարտության և վիրավորանքի թարմ օրինակով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ըստ Datalex տեղեկատվական համակարգի՝ հայցի համար հիմք են եղել Ալեն Սիմոնյանի հասցեին Ռոբերտ Քոչարյանի արտահայտությունները վերջին ասուլիսի ժամանակ։ Քոչարյանը, անդրադառնալով զինվորական ծառայության մասին Սիմոնյանի նախկին հայտարարություններին, կասկածի տակ էր դրել վերջինիս ծառայությունը՝ օգտագործելով, ըստ հայցվորի, վիրավորական ձևակերպումներ։ Ընդ որում՝ Ալեն Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանին հորդորում է պատասխան հայցով հանդես գալ փոխադարձ կասկածանքների հիմքով։ Սա միջկուսակցական պայքարի օրինակներից մեկն է․

«Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը՝ մարդ, որ երբևիցե ՀՀ–ում ընտրված չի եղել որևիցե պաշտոնի, իրավունք չունի որևիցե հայ մարդու, հայ ժողովրդի ներկայացուցչի վիրավորելու, առավել ևս ինձ։ Ես, ի տարբերություն իրեն, ընտրված պաշտոնյա եմ։ Եթե ինքը խնդիրներ ունի, որ ես ասում եմ, որ ինքը չի ընտրվել երբևիցե ՀՀ–ում որևիցե բարձր պաշտոնի, կարող է դիմել դատարան։ Ես մեծ հաճույքով այդ դատական գործի մեջ կներքաշվեմ, և մենք կքննարկենք` արդյոք Ռոբերտ Քոչարյանը երբևիցե Հայաստանի Հանրապետությունում որևիցե ընտրություն հաղթել է, թե ոչ։ Բայց ես վստահ եմ, որ ինքը այս խոսակցության մեջ չի մտնի։ Ինքը հրապարակայնորեն ինձնից ներողություն է խնդրելու և այն գումարից, որը կփոխհատուցի, ես գումար կառանձնացնեմ և ծաղիկներ կխոնարհեմ Մարտի 1–ի հուշարձանի մոտ և Հոկտեմբերի 27–ի հուշարձանի մոտ»։

Ըստ հայցի՝ Ալեն Սիմոնյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Ռոբերտ Քոչարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրելու, ինչպես նաև 1 մլն դրամ բռնագանձել նրանից որպես փոխհատուցում։

Այս լուրը ուշագրավ է այն տեսանկյունից, որ նույնիսկ եվրոպական հարթակներում են նկատել Հայաստանի ներքաղաքական կյանքում առկա ատելության խոսքին առնչվող խնդիրները։ Ընտրություններից առաջ այդ մթնոլորտը շտկելու անհրաժեշտությունը անգամ նշված է կոնկրետ բանաձևերում։

Արդարադատության նախարարությունում օրերս տեղի է ունեցել ատելության խոսքի դեմ պայքարի օրենսդրական նախագծի վերջնական քննարկումը։ Սա  հաստատել է նախարար Սրբուհի Գալյանը․

«Սահմանելու ենք ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտ նաև ատելության խոսքի զոհ դարձած անձանց համար, ինչպես որ զրպարտության կամ վիրավորանքի պարագայում է նախատեսված։ Կարգավորումները պետք է լինեն այնպիսին, որ հնարավորություն տան պատասխանատվության ենթարկելու նյութը հրապարակող, արտահայտություն թույլ տվող անձին։ Այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է, և առաջիկայում նախագիծը պաշտոնապես կշրջանառենք»։ 

Ընտրություններից առաջ ատելության խոսքի, զրպարտության և վիրավորանքի գործիքակազմով են ընթանում նաև ներկուսակցական իրադարձությունները։ Հարաբերություններ պարզելու վերջին ամենահնչեղ օրինակը թերևս իշխող թիմում  է։ Աղմկահարույց օրենսդրական նախաձեռնություններով և տարբեր խոսակցություններով աչքի ընկնելուց հետո պատգամավոր Հայկ Սարգսյանին այժմ ուղեկցում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ տարաձայնություններ ունենալու աղմուկը։ Դա կարծես ճակատագրական եղավ պատգամավորի համար, քանի որ Սարգսյանը առաջիկա ընտրություններին չի ընդգրկվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակ։

«Ցավալի է, որ կան գործընկերներ, որոնք իմ հնչեցրած մտքերը փորձում են օգտագործել իմ դեմ, և այն հնարավոր բաները, որոնց մասին ես խոսել եմ, փորձում են վերագրել ինձ։ Դա չի հաջողվելու, չի հաջողվել։ 2004–ից դեռևս եթե հետևել եք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրապարակումներին, եղել են ինքնաքննադատության օրեր, որոնց ընթացքում ես խոսել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների ղեկավարմամբ գործող գերատեսչություններում որոշ խնդիրների մասին ոչ միայն Տավուշի մարզպետի, օրինակ, ծառահատումների մասին Տավուշի մարզում, Լոռվա մարզում, այլև խնդիրների մասին, որոնք համարել եմ վիճահարույց։ Նաև խաղադրույքների մասին»։

Ներկուսակցական այս խմորումներին ճեպազրույցներից մեկում անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պարոն Սարգսյանի հետ կապված հարցը ՔՊ վարչությունում մի քանի անգամ ենք քննարկել, և ես չեմ կարծում, թե այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։ Այդ պատմությունը ընդամենը մի բանի մասին է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նաև իր անդամների ոչ կանոնավոր գործողությունները և կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու։ Եվ սա պետք է պարզ լինի բոլորին»։

Կոռուպցիայի մասին ակնարկով վարչապետի հրապարակային խոսքը պատգամավոր Հայկ Սարգսյանը իրեն չի վերագրում և ի պատասխան հայտարարում է․

«Ես չեմ կարծում, որ դա ինձ է վերաբերում։ Ես որևէ կոռուպցիոն գործով չեմ անցնում, ինձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի ներկայացրել։ Եթե կա նման մեղադրանք, կխնդրեմ գործընկերներին հրապարակել։ Եթե վարչության նիստի ընթացքում քննարկվել են հարցեր, որ ինչ–ինչ մեղադրանքներ են հնչում իմ հասցեին, ես խնդրում եմ հրապարակել դրանք, և բոլորին պարզ կդառնա, որ այդ նիստերի բովանդակության հրապարակումը ուղիղ բխում է իմ շահերից»։

Ատելության խոսք, զրպարտություն և վիրավորանք․ այս դրսևորումները, քաղաքական դաշտից բացի, հանդիպում են նաև զանգվածային լրատվության միջոցներում։ Այստեղ խնդիրը երկսայր է՝ հաստատում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Նա վկայակոչում է վիճակագրական թվեր, որոնք փաստում են, որ նախորդ տարիների համեմատ 2025–ին լրատվամիջոցների դեմ վիրավորանքի և զրպարտության հիմքով դատական հայցերը ավելացել են։ Մյուս կողմից՝ դաշտում այն աստիճանի խիստ բևեռացվածություն և շահերի սպասարկում կան, որ երևում է, թե «քամին որտեղից է փչում»,– ասում է Մելիքյանը։

«Այս իրավիճակում, փաստորեն, քաղաքակիրթ բանավեճ, սուր հարցերի շուրջ կոնստրուկտիվ քննարկում և այլն գրեթե չի լինում, և դա հատկապես մտահոգիչ է գալիք խորհրդարանական ընտրությունների առումով»։

Աշոտ Մելիքյանն ասում է, որ, ըստ վիճակագրության, լրատվամիջոցների դեմ դատական հայցերի մեծ մասը պաշտոնյաներն են նախաձեռնում։ Իսկ Եվրոպական դատարանի որոշումներում, նախադեպային իրավունքում բազմաթիվ գործերով նշվում է, որ քաղաքական գործիչները, բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ձեռնպահ մնան վիրավորանքի և զրպարտության գործերով հայցեր ներկայացնելուց, հատկապես երբ այդ հայցերն ուղեկցվում են ֆինանսական բարձր պահանջներով։

«Բայց երևում է, որ մեզանում առայժմ այդ մշակույթը չի ձևավորվում։ Իհարկե, այս ամենը, ինչպես ես արդեն ասացի, պայմանավորված է նաև լրատվական դաշտի բևեռացվածությամբ և տարբեր քաղաքական շահեր սպասարկելով, տարբեր միջոցներով քաղաքական գործիչներին նսեմացնելու ձգտումով և այլն։ Բայց, այդուհանդերձ, մենք պետք է հաշվի առնենք, որ իշխանական վերնախավը բազմաթիվ այլ հնարավորություններ ունի և՛ արձագանքելու, և՛ հերքելու, և՛ վերաբերմունք արտահայտելու, և սա է հաշվի առնում եվրոպական նախադեպային իրավունքը, որ հորդորում է բարձրաստիճան պաշտոնյաներին ձեռնպահ մնալ այս տիպի հայցերից»։

Եթե 2024–ին զրպարտության և վիրավորանքի գործերով դատական հայցերը 43–ն էին, ապա 2025–ին դրանց թիվը հասել է 63–ի։

Կարդացեք նաև

Back to top button