
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ բանակցությունների սկզբում հայտարարել է, որ Մոսկվային տարօրինակ է թվում պարբերաբար լսել Հայաստանի դեմ հյուսիսից նախապատրաստվող, իր ձևակերպմամբ, «առասպելական հարձակումների» մասին հայտարարությունները։
Նրա խոսքով՝ անհասկանալի են նաև այն պնդումները, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարող է Հայաստանի համար գոյաբանական սպառնալիք հանդիսանալ։
«Մեզ համար մի փոքր տարօրինակ է պարբերաբար լսել Հայաստանի դեմ հյուսիսից նախապատրաստվող որոշ առասպելական հարձակումների և ՀԱՊԿ-ի կողմից գոյաբանական սպառնալիքի մասին»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովը նաև ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցության հետ՝ նշելով, որ այդ հարցում վերջնական որոշումը պետք է Հայաստանն ընդունի։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մնում է Երևանի հիմնական առևտրային գործընկերը և պատրաստ է ընդլայնել համագործակցությունը տարբեր ուղղություններով։
Իր հերթին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Երևանը ներկայումս անհրաժեշտ չի համարում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։
«Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ կապերով, և Հայաստանում այլ ըմբռնում չկա։ Միևնույն ժամանակ, պատերազմից հետո առաջին օրերից ի վեր, հասկանալի պատճառներով, մենք փորձում ենք կայունացնել մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Իմ կարծիքով, վատ չի ստացվում»,- ասել է Սիմոնյանը։
Անդրադառնալով ՀԱՊԿ հետ խնդիրներին՝ նա նշել է, որ Հայաստանը ունի հարցեր, որոնց պատասխանն այդպես էլ չի ստացել։
Հայաստանի ԱԺ նախագահը շեշտել է, որ Հայաստանին անհանգստացնում է այն հռետորաբանությունը, որը հնչում է ռուսական հանրային միջավայրում։
«Քաղաքական գործիչները այսօր կան, վաղը նրանց կարող են փոխարինել ուրիշները, սակայն հայկական հասարակության մեջ շատ բացասաբար են արձագանքում Մոսկվայից հնչող հայտարարություններին։ Այդպես են արձագանքում, քանի որ Մոսկվան կարևոր է, և մտածողությունը, որ Մոսկվան դաշնակից է, եղել է ու կա։ Շատ ցավալի է լսել նման արտահայտություններ»,- ասել է Սիմոնյանը։




