
Եվրոպական Միությանը հնարավոր անդամակցելու վերաբերյալ որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, սակայն Երևանը պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ Եվրամիությունը աստիճանաբար տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքական միավորման։ Ինչպես գրում է ТАСС-ը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ եթե Հայաստանը երբևէ պաշտոնապես սկսի ԵՄ-ին անդամակցելու բանակցություններ, այդ գործընթացը կտևի երկար տարիներ, և այդ ընթացքում անհրաժեշտ կլինի ուշադիր հետևել Եվրամիության զարգացման դինամիկային։
«Մենք պետք է հետևենք նաև այն հայտարարություններին, որոնք այսօր հնչում են Եվրոպական հանձնաժողովից և Բրյուսելից՝ կապված այն փաստի հետ, որ Եվրամիությունը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքական միավորի։ Եվրամիության բնույթը փոխվում է մեր աչքերի առաջ, և սա նույնպես պետք է հաշվի առնել», – նշել է Օվերչուկը։
Ռուսաստանի փոխվարչապետը նաև հարցադրում է արել՝ արդյոք հայ ժողովուրդը պատրաստ է միանալ մի միավորման, որը, նրա բնորոշմամբ, ներկայումս բավական «ագրեսիվ» դիրքորոշում ունի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։
«Հնարավոր է՝ հայերը ստիպված լինեն իրենց տալ այս հարցը։ Սակայն բազմիցս ընդգծվել է, որ որևէ ինտեգրացիոն միավորման օգտին ընտրությունը միշտ տվյալ երկրի ժողովրդի ընտրությունն է», – հավելել է նա։
Օվերչուկը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձել է այս թեմային՝ նշելով, որ Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել երկու տարբեր ինտեգրացիոն միավորումների։
«Եթե երբևէ նման ընտրություն կատարվի, այն պետք է լինի համապարփակ և հիմնված Եվրամիության այն փոփոխվող բնույթի վրա, որը մենք այսօր տեսնում ենք», – եզրափակել է Ռուսաստանի փոխվարչապետը։




