
Ուկրաինական հակամարտությունը «ինչ-որ մի պահի կավարտվի», Վաշինգտոնն արդեն Կիևի հետ քննարկում է վերակառուցման հնարավոր նախագծերը, մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար և ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Մարկո Ռուբիոն՝ մեկնաբանելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Աբու Դաբիում եռակողմ հանդիպումները:
«Այս պատերազմը ինչ-որ մի պահի կավարտվի: Եվ երբ դա տեղի ունենա, Ուկրաինան վերականգնվելու համար պետք է կարողանա մոբիլիզացնել իր բոլոր տնտեսական ռեսուրսները», — ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
«Այն ունի անհավանական տնտեսական ներուժ: Դա մի երկիր է, որը ճիշտ տնտեսական քաղաքականության դեպքում, հավանաբար, կարող է կրկնապատկել իր ՀՆԱ-ն հաջորդ 10 տարիների ընթացքում», — նշել է Ռուբիոն:
«Մենք հույս ունենք, որ գործողություններ կարող են ձեռնարկվել հենց որ պատերազմն ավարտվի», — պարզաբանել է պետքարտուղարը:
«Ինչ վերաբերում է կարևորագույն հանքանյութերին, ապա խոսքը ապագա Ուկրաինայի տնտեսական բարեկեցության [ռազմավարության] մի մասի մասին է», — հավելել է Ռուբիոն։
Նա նաև ընդգծել է Աբու Դաբիում տեղի ունեցող հանդիպումների կարևորությունը։ «Ինչ վերաբերում է բանակցություններին, դրանք ընթանում են Աբու Դաբիում այսօր և վաղը (փետրվարի 5-ին) ։ Լավ լուրն այն է, որ երկար ժամանակ անց առաջին անգամ և Ռուսաստանից, և Ուկրաինայից ունենք ռազմատեխնիկական թիմեր, որոնք հանդիպում են ֆորումում, որին մեր փորձագետների հետ մենք ևս մասնակցում ենք », — ասել է պետքարտուղարը։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները նույնպես ներկա կլինեն հանդիպումներից մի քանիսին։
«Մենք կարծում ենք, որ սա կարևոր է», — նշել է Ռուբիոն։
Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ անվտանգության հարցերով եռակողմ խորհրդակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 23-24-ը Աբու Դաբիում։ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը սկսվել է ԱՄԷ մայրաքաղաքում չորեքշաբթի օրը։




