
Հայաստանի նոր Սահմանադրության տեքստի վերջնականացումը Կառավարության առաջիկա տարվա առաջնահերթություններից է՝ հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ իր ղեկավարած կառույցի կատարած աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ։ Նախարարի խոսքով՝ նոր սահմանադրության մշակման ճանապարհին ժամկետից չեն շեղվելու։ Թեև դեռ բավական անելիք կա փաստաթղթի մշակման հարցում, բայց նախարարն արդեն նաև ժամկետ է հրապարակել, թե երբ է հանրության դատին հանձնվելու նոր սահմանադրության տեքստը։ Արդյոք հանրաքվեի ժամկետները հարմարեցվելու են Բաքվից հնչող պայմաններին և խաղաղության պայմանագիր կնքելու ձգտումներին։
Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի մարտին՝ հաստատել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Հանրաքվեի ժամկետ, սակայն, դեռ որոշված չէ։ Այս պահին այս առումով որոշակի է, որ օրենքով արգելված է հանրաքվեն և համապետական ընտրությունները համաժամանակ կազմակերպելը։
«Կարծում եմ, որ Հանրաքվեն կկազմակերպվի ընտրություններից հետո, բայց թե երբ, չեմ կարող ասել»։
Նոր սահմանադրության ընդունման ժամկետի հարցն ուշագրավ է նաև այն առումով, որ Բաքուն հրաժարվում է ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ Մայր օրենքի նախաբանից չի հեռացվել հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա:
Մի կողմից օրերս խորհրդարանի պատգամավորի մակարդակով Բաքվից կարծիք էր հնչել, որ պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, այսինքն՝ մինչև հունիս։ Մյուս կողմից կա Անկախության հռչակագրին հղմանն առնչվող թեման։
Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը, ըստ Գալյանի, այս հարցին դեռ չի անդրադարձել, որոշել են ներածության խմբագրումը թողնել աշխատանքների ամենավերջում։
«Մենք համոզելու խնդիր չունենք որևէ մեկին՝ ներքի՞ն օրակարգն է, արտաքի՞ն օրակարգը։ Մեզ չի հետաքրքրում երրորդ երկրների պահանջ, ցանկություն, հուզմունք։ Ընդհանրապես չի հետաքրքրում։ Բազմիցս շեշտել ենք, որ Սահմանադրության հետ կապված աշխատանքները սկսվել են հեղափոխությունից հետո։ Մենք աշխատանքները սկսել ենք 2018 թ.–ից, երբ դեռ պատերազմը չկար, և միակ բանը, որ ես հիմա կասեմ, մեր այն օրակարգն է, որով որ մենք առաջնորդվում ենք, և դա հետևյալն է․բավականին ծանր գնով ձեռք բերված խաղաղությունը պետք է փայփայել և Հայաստանի զարգացման համար ունենալ հստակ պլան, որն իր արտացոլումն է ունենալու նաև Սահմանադրության համատեքստում։ Սա պետք է հաշվի առնեն քաղաքացիները` իրենց որոշումը կայացնելիս»։
Նոր Սահմանադրություն ունենալու որոշումից հետո վարչապետ Փաշինյանը իր անձնական քաղաքական դիրքորոշումն էր հայտնել, որ տեքստում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Արդարադատության նախարարը վստահեցնում է, որ այսպես ասած կուլիսային մոտեցումներ չկան։ Ամեն ինչը կքննարկեն նախագիծը հանրությանը ներկայացնելիս։
Սահմանադրական փոփոխությունների խորհրդի աշխատանքները բոյկոտող ընդդիմադիրների որոշումը չի կարող նոր սահմանադրության լեգիտիմության հարց առաջացնել՝ ընդգծում է Գալյանը;
«Սահմանադրությունը պետք է ընդունվի ժողովրդի կողմից ազատ և արդար ընտրությունների միջոցով, որպեսզի ժողովրդի և պետության միջև օրգանական կապը երաշխավորվի։ Այս դեպքում մենք կունենանք լեգիտիմ Սահմանադրություն։ Այսօրվա գործընթացը նկարագրելով ու ասելով, որ ընդդիմադիրները բոյկոտում են, չնայած նրանք տեղ ունեն գալու և զբաղեցնելու խորհրդում ու չեն գալիս, երբեք չի կարող նշանակել, որ պրոցեսը ոչ լեգիտիմ է»։
Թեև նոր Սահմանադրության նախագծի տարբեր գլուխներ խորհրդում դեռ չեն քննարկել, բայց արդեն հստակ գիտեն, որ Հայաստանում կառավարման գործող համակարգը չի փոխվելու․ Հայաստանը մնալու է խորհրդարանական կառավարմամբ երկիր։ Հետևաբար մինչև Սահմանադրության հանրաքվեն, քաղաքական ուժերը գիտեն՝ինչ կանոններով են մրցապայքարի մեջ մտնելու խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Արդարադատության նախարարն, ի դեպ, փակագծեր բացեց կայացված այն որոշման առումով, որ կուսակցությունների համար նախընտրական շրջանում «խաղի կանոններ» փորձելու են չփոխել։ 2025–ի հոկտեմբերին Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության հարցը կարող է ազդել ընդհուպ ընտրություններին կուսակցությունների մասնակցության–չմասնակցության հարցի վրա։ Գալյանը հիշեցնում է, որ թափանցիկությանն առնչվող նոր կարգավորումներ ընդունվել են անցած տարվա ընթացքում, բայց սա դեռ ամենը չէր․
4 – «Մնացին որոշակի բացեր, որոնց հետ կապված մենք մեր սեղանին դրած օրենսդրական մշակած փաթեթ ունենք, բայց վերջերս քննարկեցինք, որ նշված երևույթից խուսափելու համար այս պահին գուցե և նպատակահարմար չէ այդ «խաղի կանոնները» ավելի կարգավորելու տրամաբանություն որդեգրելը։ Այս պահին դեռևս որոշում չունենք` փոփոխություն անելո՞ւ ենք, թե՝ ոչ։ Ամենայն հավանականությամբ չենք անի, բայց եթե այդ օրենսդրական փաթեթը, նույնիսկ ընդունվի ընտրություններից առաջ, հայտարարում եմ, որ դա որևէ խաղի կանոն չի փոխելու»։
Հայաստանի համապետական ընտրություններից առաջ խաղի կանոնների որոշակի փոփոխություն մինչդեռ ակնկալում են միջազգային կառույցներում։ Վերջին անգամ այդ խնդիրների մասին, մասնավորապես, անդրադարձ կա ԵԽԽՎ կողմից օրերս ընդունված բանաձևում։ Վեհաժողովը կոչ է անում բարելավելու քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները, որպեսզի ընտրարշավը լինի խնդիրների և քաղաքականության վրա հիմնված, և զերծ լինի ընտրությունների մասնակիցների միջև անձնական հարձակումներից: Եվրոպական կառույցը նաև նպատակահարմար է գտնում քաղաքական դաշտում համապատասխան վարքագծի կանոնների ընդունում։
Բայց մինչև այս բանաձևի ընդունումը Հայաստանի կառավարությունում արդեն մշակում էին մեխանիզմներ ատելության խոսքի դեմ պայքարի համար։ «Ռադիոլուր»–ի հարցին, թե ինչպե՞ս է կազմակերպվելու այդ պայքարը, Գալյանը պատասխանեց․
«Հենց այսօր ինձ մոտ վերջնական քննարկում ենք ունենալու նախագծի այն փաթեթի, որը վերաբերում է ատելության խոսքի դեմ պայքարին, ու սահմանելու ենք ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտ նաև ատելության խոսքի զոհ դարձած անձանց համար, ինչպես որ կա նախատեսված զրպարտության կամ վիրավորանքի պարագայում։ Քաղաքացիական դատավարության շրջանակում նաև քննարկում ենք վարչական պատասխանատվություն նախատեսելու հնարավորությունը ։ Ամեն դեպքում կարգավորումները պետք է լինեն այնպիսին, որպեսզի հնարավորություն տան պատասխանատվության ենթարկել նյութը հրապարակող, արտահայտություն թույլ տվող անձին։ Այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Առաջիկայում նաև ոլորտի պատասխանատուների հետ վերջնական հանդիպում–քննարկում կունենանք և նախագիծը պաշտոնապես կշրջանառենք»։
Առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ դիտորդների լիազորությունների հետ կապված փոփոխություններ արդեն արվել են։ Հետագա շահարկումներից խուսափելու համար նախընտրական փուլից առաջ նախարար Գալյանը հիշեցնում է նաև ՀՀ օրենսդրական դաշտում առկա մյուս կարգավորումները, համաձայն որոնց՝ կան մարմիններ և մարդիկ, ում արգելված է մասնակցել նախընտրական քարոզարշավին։ Կրոնական կազմակերպությունները հատուկ նշված են այդ կարգավորումներում։




