Հասարակություն

Քաղաքաշինության նախարարը կհանդիպի Կոնդի և Ֆիրդուսի բնակիչների հետ

Կարևոր է 2005 թվականին լուծարված՝ քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննությունների կենտրոնի վերստեղծման հարցը: Այս մասին ասել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն հոկտեմբերի 20-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում՝ հանձնարարելով այս առումով առաջիկայում խորհրդակցություն հրավիրել՝ կատարված աշխատանքներն ամբողջացնելու և խնդրին հնարավորինս արագ լուծում տալու համար:

ՀՀ քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախարարն անդրադարձել է նաև «Հայսեյսմշին ԳՊ ԳՀԻ» ԲԲ ընկերության և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի» համագործակցության անհրաժեշտությանը՝ գիտատեխնիկական բնագավառում, սեյսմամեկուսացման եղանակով գոյություն ունեցող շենքերի սեյսմազինվածության բարձրացման և այս համատեքստում հանրապետությունում և հատկապես մայրաքաղաքում առկա մանսարդների կանոնակարգմանը:

Խորհրդակցության ընթացքում կարևորելով Հայաստանում քաղաքաշինական անվտանգության հայեցակարգի ձևավորումը՝ նախարար Սարգսյանը նշել է, որ հայեցակարգը մշակելիս Հայաստանը և Արցախը հարկ է դիտարկել քաղաքաշինական միասնական նախագծի մշակման համատեքստում համատեղ՝ մշակման աշխատանքներին մասնակից դարձնելով «Հայնախագիծ» ՓԲ ընկերության մասնագետներին:

Նախարարը նաև հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումներին առաջիկայում նախապատրաստել հանդիպում Կոնդի և 33 թաղամասի` Ֆիրդուսի իրացման տարածքների բնակիչների հետ:

Անդրադարձ է եղել հանրապետությունում գործող մշակութային օբյեկտները հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու խնդրի վերաբերյալ քաղաքաշինության և մշակույթի նախարարությունների, ինչպես և այս բնագավառի Հ/կ-ների հետ արդեն իսկ սկսված համագործակցությանը, հանդիպում-քննարկումների կազմակերպմանը:

Լոռու մարզ կատարվելիք առաջիկա այցելության ընթացքում նախարարության աշխատանքային խումբը քննարկում-խորհրդակցություն կանցկացնի աղետի գոտու բնակապահովման ծրագրերի վերաբերյալ:

Back to top button