Հասարակություն

Այրվել է Մարզահամերգային համալիրի շոգեբաղնիքը

Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 22.44-ին, մարվել՝ 23.26-ին:
Այրվել է շոգեբաղնիքը՝ մոտ 25քմ, ջերմահարվել են հարակից սենյակները (25քմ): Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան՝ ժամը 21.25-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Դեպքի վայրում է եղել նաեւ  ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Ի դեպ հավելենք, որ ՄՀՀ-ում երեկ  Հայաստանի երիտասարդական հիմնադրամը համերգ էր կազմակերպել՝ Ուսանողության միջազգային օրվա առթիվ: Ըստ հիմնադրամի տարածած հաղորդագրության՝ ուսանողության միջազգային օրվա առթիվ Մարզահամերգային համալիրում կազմակերպված միջոցառման ընթացքում ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել։ «Ավելի քան 14 հազար երիտասարդ ռազմահայրենասիրական երգերի և պարերի ներքո մեծ ոգևորությամբ են նշել իրենց տոնը  եւ միջոցառման ընթացքում ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել։ Համերգը սկսվել և ավարտվել է ըստ նախատեսվածի»,- ասված է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

Back to top button