ԿարևորՀասարակություն

Իսպանական Լլեյդա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հունվարի 30-ին Լլեյդայի քաղաքապետարանի (Paeria) լիագումար նիստում Կատալոնիայի էթնիկ փոքրամասնությունների և ազգերի միջազգային կենտրոնը (CIEMEN) և Կատալոնիայում գործող Հայկական «Արարատ» ասոցիացիան ներկայացրել են միջնորդություն՝ պահանջելով Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում և դրա ամնամյա ոգեկոչումը Լեյդա քաղաքում։

Orer.eu-ն հայտնում է, որ միջնորդությունը միաձայն է ընդունվել։ Որոշման համաձայն՝ այս տարվանից Լլեյդայում կսկսվի ցեղասպանության հիշատակման ամենամյա ծրագիր, որի մեկնարկը կտրվի ֆոտոլրագրող Անդրեու Ֆեռնանդեսի «Էթնիկ զտման դեմքեր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսով։

Ելույթ ունենալով քաղաքապետարանի լիագումար նիստում՝ համայնքի ներկայացուցիչ Աստղիկ Գալստյանը հիշեցրել է, որ Իսպանիայի հինգ ինքնավար խորհրդարաններ, այդ թվում՝ Կատալոնիայի խորհրդարանը, արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ավելի քան 48 քաղաքապետարաններ, որոնցից առաջինը եղել է Սանտա Կոլոմա դե Գրամենետը։

Իր հերթին «Արարատ» հայկական ասոցիացիայի նախագահ Սարգիս Հակոբյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր նախապայման է պատմական ճշմարտության լիարժեք բացահայտման համար և անհրաժեշտ քայլ՝ ժողովուրդների միջև վստահության, երկխոսության և հաշտեցման հաստատման ճանապարհին։

Նրա խոսքով՝ միայն ճանաչման և համատեղ հիշողության միջոցով է հնարավոր հասնել արդար, կայուն եւ երկարատեւ խաղաղության՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։

Կարդացեք նաև

Back to top button