ԿարևորՔաղաքական

Ֆրանցիսկոս պապը Թուրքիայում կբարձրացնի Հայոց ցեղսպանության հարցը, համոզված է գերմանացի պատմաբանը

«Ամոթ է, որ թուրքական կառավարությունը մինչ այսօր հերքում է հայերի ցեղասպանությունը՝ օգտագործելով այն նույն սուտն ու արդարացումը, որոնք օգտագործում էին 1915 թ.- ին այն ժամանակվա պապի նախաձեռնությանն ի պատասխան։ Նույնն զգաց նաեւ Ֆրանցիսկոս պապը, երբ 2013- ի հունիսին 1915- ի իրադարձությունները շատ ճիշտ բնութագրեց «20- րդ դարի առաջին ցեղասպանություն»։ Անկարան անմիջապես բողոք հայտնեց, Սուրբ աթոռից հետ կանչեց իր դեսպանին եւ Պապի հայտարարությունը որակեց «միանգամայն անընդունելի»,- ասել է գերմանացի պատմաբան Միքայել Հեսեմանը՝ Հռոմի պապի՝ Թուրքիա նոյեմբերի 28- 30- ին կայանալիք այցի նախաշեմին «Զենիթ» գործակալությանը տված հարցազրույցում։

«Սակայն Ֆրանսցիկոսը ճիշտ է։ Ցանկացած չեզոք պատմաբան կպաշտպաներ այս տեսակետը։ Ես շատ հպարտ եմ, որ այս Մեծ պապը չնահանջեց եւ կրկին հիշատակեց հայ ժողովրդի նահատականությունը՝ 2014 թ. մայիսի 8- ին Վատիկանում ընդունելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Վստահ եմ, որ նա չի անտեսի այս հարցը Թուրքիա իր այցի ժամանակ, քանի որ թուրքական դիրքորոշումն ուղղակի անընդունելի է»,- ասել է գերմանացի պատմաբանը։

«Հաջորդ տարի, ապրիլի 24- ին, աշխարհը կնշի այս ցեղասպանության 100- րդ տարելիցը։ Չե՞ք կարծում, որ ժամանակն է ընդունել, որ դա տեղի է ունեցել։ Տեսեք, ես գերմանացի եմ, իմ ժողովուրդը իրականացրել է մարդկության պատմության ամենամեծ հանցագործությունը՝ Հոլոքստը։ Ցավոք, մենք չենք կարող կենդանացնել 6 մլն հրեաներին։ Սակայն մենք կարող ենք ափսոսալ, կարող ենք անել առավելագույնը հաշտության համար, կարող ենք դասեր քաղել մեր պատմությունից եւ կանխել դրա կրկնությունը։ Ոչ ոք չի մեղադրում ժամանակակից Թուրքիային նախնիների արածի համար, բայց մենք մեղադրում ենք այսօր այն ժխտելու համար, քանի որ ցանկացած հանցագործության ժխտումը քեզ դարձնում է մեղսակից այդ հանցագործությանը, մարդասպանների պաշտպան»,- նկատել է Հեսեմանը։

Պատասխանելով հարցին, թե Ֆրանսիկոս պապը արդյո՞ք Հայաստան պետք է այցելի, նա պատասխանել է. «Դա հիանալի կլինի, քանի որ կլինի տառապյալ նահատակված ազգի հետ եղբայրական համերաշխության դրսեւորում ընդդեմ լռության եւ ճշմարտության հաղթանակի։ Ես աղոթում եմ, որ նա 2015- ին այցելի Հայաստան՝ առանց վախենալու դիվանագիտական հետեւանքներից։ Ես հավատում եմ, որ նա կգնա, քանի որ վախենում է միայն Աստծուց, ոչ թե մարդկանցից։ Բայց ավելի կարեւոր կլիներ երկու ժողովուրդների հաշտեցնելը։ Իսկ սա կարող է լինել միայն այն ժամանակ, երբ Թուրքիան ընդունի այն, ինչ եղել է մեկ դար առաջ։ Միայն ճշմարտությունն է ստիպում մարդկանց ներել»։

Back to top button