
ԱՄՆ-ի հետ լարվածության սրման պայմաններում Իրանի զինված ուժերը բերվել են «լիակատար պաշտպանական և մարտական պատրաստության», հունվարի 31-ին հայտարարել է Իրանի բանակի շտաբի պետ Ամիր Հաթամին։
Նրա խոսքով՝ եթե «թշնամին որևէ սխալ քայլ կատարի», ապա դա կվտանգի ոչ միայն իր սեփական անվտանգությունը, այլև ողջ տարածաշրջանի և «սիոնիստական ռեժիմի» անվտանգությունը։
Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերություններում լարվածությունն աճել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններից հետո։
Ուրբաթ օրը նա սպառնացել է նոր ռազմական հարվածներով, եթե Իրանը հրաժարվի իր միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնության գալուց։
Թրամփը նաև հայտնել է տարածաշրջան լրացուցիչ ռազմանավեր ուղարկելու մասին։
«Հուսով եմ՝ մենք կհասնենք համաձայնության։ Եթե համաձայնություն չլինի, կտեսնենք, թե ինչ կլինի»,-ասել է Թրամփը Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ՝ ընդգծելով Թեհրանի նկատմամբ ճնշումների շարունակականությունը։
ԱՄՆ նախագահը նաև կրկին հայտարարել է, որ իր սպառնալիքները Իրանի ղեկավարության հասցեին, իր գնահատմամբ, կանխել են 837 մահապատիժ։ Նրա խոսքով՝ Թեհրանի իշխանություններին զգուշացվել է, որ հակառակ դեպքում նրանք «կվճարեն այնպիսի գին, որը ոչ ոք երբևէ չի վճարել»։
Թրամփը հրաժարվել է նշել վերջնաժամկետ։




