ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Եկեղեցական ու ժողովրդական ծիսակարգերի խաչմերուկում. այսօր սուրբ Սարգսի հիշատակության օրն է

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է սուրբ Սարգսի հիշատակության օրը: Սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում առավոտյան մատուցվել է սուրբ պատարագ, իսկ մյուսներում կատարվել  երիտասարդների օրհնության կարգ: Սուրբ Սարգիսը երիտասարդների սիրո արագահաս բարեխոսն է ու տոնը հիմնականում նշվում է ժողովրդական սովորույթներով: Սուրբ Սարգսի տոնի նախօրեին աղի բլիթ են ուտում ու սպասում երազում ջուր տվողին։

Սուրբ Սարգսի տոնը եկեղեցական տոնացույցում նշվում է, որպես երիտասարդների օրհնության օր: Հայ Առաքելական եկեղեցում սուրբ Սարգսի տոնը համընկնում է Առաջավորաց պահքի 5-րդ օրվա հետ՝ ասում է Արմավիրի թեմի Սարդարապատի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Սարգիս քահանա Խլղաթյանը:

«Առաջավորած 5-օրյա պահքը հաստատվել է Գրիգոր Լուսավորչի կողմից, որպեսզի արքունիքում 5 օր պահք պահեին ու մկրտվեին, դարձի գային: Առաջավորաց պահքից հետո շաբաթ օրը նշվում է սուրբ Սարգսի տոնը և սրբի հիշատակի համար պատարագ է մատուցվում»:

Սուրբ Սարգիս զորավարն իր որդու Մարտիրոսի և 14 զինվորների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի ու դասվել սրբերի շարքը:

«Նա յուրահատուկ սրբերից էր, որ լինելով զինվորական, ունենալով բազում նվաճումներ, հեթանոսական շրջանում, երբ իմացան նրա քրիստոնեական ծագումը, նրա գործունեությունը, նրան տարան զոհ մատուցելու հեթանոս աստվածներին: Նա հրաժարվեց կուռքերին զոհ մատուցել ու նահատակեցին: Բայց սկզբում նահատակեցին իր որդի Մարտիրոսին»:

Նահատակվելուց առաջ Սարգիս զորավարն աղոթքում նշել է՝ ովքեր կդիմեն իր բարեխոսությանը, արագահաս կերպով նրանց խնդրանքները կատարվեն:

Սուրբ Սարգսի տոնը ժողովրդի սիրելի տոներից մեկն է, որին սպասում են հատկապես երիտասարդները: Այդ օրը սիրահարները դիմում են սրբի բարեխոսությանն ու ասում՝ «Մուրազատու սուրբ Սարգիս, դու հասնիս մըր էրկուսիս»: Անսալով ժողովրդական հավատալիքներին, տոնի նախօրեին երիտասարդներն աղի բլիթ են ուտում ու երազում ցանկանում են տեսնել իրենց ծարավը հագեցնող ընտրյալին: Զրուցակիցս ներկայացնում է աղի բլիթի խորհուրդը:

«Աղի բլիթի իմաստը ո՞րն է. սուրբ Սարգիսը սիրահարների հովանավորն է և մենք էլ հավատում էիք, որ աղի բլիթ ուտեինք, երազում պետք է տեսնեինք, թե ո՞վ է լինելու մեր ընկերը, կամ ո՞ւմ հետ էինք ամուսնանալու»:

Իսկ աղի բլիթ պատրաստելու նախապատվությունը տրվում է նոր ամուսնացած հարսներին, նրանց, ովքեր արդեն գտել են իրենց երջանկությունը:

«Պետք է պատրաստեին նորահարսները: Գտնում էինք մեկին, ով նոր ամուսնացած բարեկամ ուներ, գնում էինք այնտեղ, պատրաստում էր, բաժանում էինք ու երեխաներով ուտում: Ուսանող ժամանակ էլ ենք կերել: Ես չգիտեմ, թե որքանով է ճիշտ, բայց առավոտյան ասում էինք՝ ես տեսել եմ այս տղային, այսպիսի շորերով: Հավատում էինք»:

Բայց շատ հաճախ աղի բլիթ կերած աղջիկները չեն հիշել կամ տեսել իրենց ապագա ընտրյալի դեմքը, իսկ երազում տեսածը նույնացրել են տան իրերի, հագուստների, անգամ տղայի հարազատների հետ: Հաջորդ զրուցակիցս, պատմում է, որ աղի բլիթ կերել ու երազում տեսել է հենց իր սիրելի տղամարդուն:

«Աղի բլիթը սարքել էր մեր հարևանուհին, որն այդ տարի էր ամուսնացել: Սարքեց, կերանք, ջուր ընդհանրապես չեմ խմել: Ասում են, որ այդպես ընդունված է, ջուր չպետք է խմել, ու երազումս տեսել եմ սպիտակ ձիով իմ ասպետին: Հեծյալն ինքն էր, հետո իջավ ձիուց ու մոտեցավ ինձ: Իր շորի մի մասն եմ տեսել, հետո պարզվեց, որ ինքն այդ շորից ունի: Երբ ծանոթացանք, ինքն արդեն կրում էր այդ հագուստը, իսկ հաջորդ տարի ամուսնացանք»:

Աղի բլիթից բացի ժողովրդական սովորույթներից էր սուրբ Սարգսի տոնի գիշերը փոխնդով լի սկուտեղը դրսում թողնելը: Երիտասարդները հավատում էին, որ Սուրբ Սարգիսն իր ձիով անցնելու տան մոտով, սմբակի պայտի հետքը դաջվելու է բոված ցորենի ալյուրի վրա և կատարվելու է իրենց երազանքը:

Պատմում է տարեց զրուցակիցս. «Փոխինդը լցրեցինք սինիների մեջ, դրեցինք տանիքի վրա: Առավոտ շուտ՝ ժամը 6-ին, գնացինք, իջացրինք ու տեսանք, որ ձիու պայտի տեղն այդ փոխնդի վրա կար»։

Ժողովրդական հավատալիքներով պայմանավորված  այդ օրը երիտասարդները կանխորոշում էին ապագա ընտրյալի բնակավայրը: Դա կատարվում էր պարզ մեթոդով՝ տանիքին կամ բակում լավաշով փաթաթած փոխնդե խաշիլ էին դնում ու սպասում թևավորների հայտնվելուն, թե որ ուղղությամբ  կտանեն:

«Այ այսպիսի գնդեր էինք անում, նախքան մեր ուտելը լավաշով բրդուճ էինք անում, դնում կտրին ու սպասում ծտին, թե ծիտը որ կողմ պետք է տանի այդ բրդուճը: Ուրեմն՝ այդ կողմից աղջիկ էինք բերում, կամ հարս էինք գնում»:

Հավատալիքները շատ են, իսկ այսօր երիտասարդները միմյանց են պատմել երազներն ու փորձել մեկնաբանել՝ չմոռանալով հիշատակել սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի անունը:

Կարդացեք նաև

Back to top button