ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Հայերի արտաքսումները Եվրոպայից զգալիորեն ավելացել են»․ ԵՄ վիզային և միգրացիոն ռազմավարությունը կրկին խստացվում է

Եվրոպական Միությունը ներկայացրել է միգրացիայի և վիզային քաղաքականության առաջիկա 5 տարիների նոր ռազմավարությունը, որում Ռուսաստանը և Բելառուսը փաստացի դիտարկվում են որպես թշնամական պետություններ։

Թեև վիզային ռազմավարության տեքստում այս երկրներն ուղիղ կերպով չեն նշվում, սակայն փաստաթղթերի ընդհանուր տրամաբանությունը հստակ ազդակ է տալիս, որ նրանց քաղաքացիների համար ԵՄ մուտքը կարող է էապես բարդանալ։ Որքանո՞վ կարող է ԵՄ վիզային քաղաքականության փոփոխությունն ազդել ԵՄ երկրներում գտնվող Հայաստանի քաղաքացիների վրա։

Եվրոպական Միությունը միգրացիայի և վիզային քաղաքականության նոր խստացումներ է պատրաստում՝ ուղղված առաջին հերթին Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին։ Խստացման ազդակները, սակայն, մտահոգիչ են այլ երկրների համար էլ։ Որքանո՞վ դրանք կարող են անդրադառնալ Հայաստանի քաղաքացիների և եվրոպական երկրներում գտնվող հայ միգրանտների վրա։ Այս համատեքստում Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահ, գերմանաբնակ քաղաքագետ Ազատ Օրդուխանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է․

«Բնական է՝ կազդի այնքանով, որքանով Հայաստանը կապված կլինի Ռուսաստանի հետ։  Որքան Հայաստանը հեռանա ռուսական շրջանակներից՝ ռուսական ծիրից, այնքանով ավելի կունենա եվրոպական ազատությունների հնարավորությունը։ Ինչքանով կապված մնա Ռուսաստանին և ռուսական ազդեցության գոտի համարվի, այսինքն՝ Ռուսաստանի շարունակություն, այնքանով սահմանափակումները կվերաբերվեն նաև Հայաստանին»։

ԵՄ միգրացիոն ռազմավարության մեջ Ռուսաստանը բնութագրվում է որպես ագրեսոր պետություն և հիբրիդային սպառնալիքների աղբյուր։ Բելառուսը ներկայացվում է որպես այդ քաղաքականության շարունակող, այսինքն՝ միգրացիայի միջոցով իրականացվող հիբրիդային հարձակումների համակատարող։ Եվրահանձնաժողովը արձանագրում է.

«2021 թվականից ի վեր Բելառուսի և Ռուսաստանի կողմից միգրացիայի օգտագործումը որպես զենք էապես վատթարացրել է ԵՄ միգրացիոն և անվտանգության իրավիճակը՝ ստեղծելով նոր տեսակի հիբրիդային սպառնալիքներ»։

Վիզային ռազմավարությունում նշվում է, որ ԵՄ-ն բախվում է մի շարք երրորդ երկրների թշնամական գործողությունների, և նման պայմաններում վիզաների հետագա տրամադրումը, մեջբերում, «կարող է այլևս չհամարվել նպատակահարմար», հատկապես զբոսաշրջային և ոչ պաշտոնական այցերի դեպքում։

Ուկրաինայի քաղաքացիների համար ԵՄ-ում ժամանակավոր պաշտպանության ռեժիմը պահպանվում է, սակայն Բրյուսելը արդեն խոսում է նաև այդ ռեժիմից աստիճանաբար դուրս գալու հնարավորության մասին՝ որպես ապագա քաղաքական նպատակ։ Մինչև այս փաստաթղթի ընդունումն էլ Եվրոպական Միությունն արդեն խստացրել էր իր միգրացիոն քաղաքականությունը։ Փորձագետները միանշանակ են համարում, որ խստացումները պայմանավորված են ռուս-ուկրաինական պատերազմով։

Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյան․   

«Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներն արդեն քանի տարի է՝ բավականին լուրջ սահմանափակումների առաջ են։ Բնական է, որ եվրոպացիները մերժում են ռուսական գործոնը, փորձում են սահմանափակել հնարավորինս»։

Սրան զուգահեռ՝ ԵՄ երկրներից, այդ թվում՝ Գերմանիայից, ավելացել են միգրանտների արտաքսման դեպքերը։ Այս արտաքսումներին անմասն չեն  նաև հայերը։ Թվեր չեն հրապարակվել, սակայն արտաքսումների մասին հրապարակումների հաճախականությունից էլ ակնհայտ է, որ արտաքսումների աճ կա՝ ասում է Ազատ Օրդուխանյանը։

«Կարող եմ ասել, որ զարմանալիորեն վերջին շրջանում հայաստանցիների արտաքսման տոկոսը չափազանց մեծացել է, և խստացումները, չեմ ասի աննախադեպ, քանի որ դրա համար հատուկ ուսումնասիրություն է պահանջվում, բայց այսպիսի խստացումներ ես երկար ժամանակ չեմ տեսել։ Չափազանց խստացել է հայաստանցիների հաստատման վիճակը Գերմանիայում, և արտաքսումները շատ-շատ ավելացել են»։  

Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ Գերմանիայի դպրոցներում սովորող հայ երեխաների արտաքսման դեմ պայքար է ծավալվել, քաղաքներում որոշ հաստատություններ պայքարել են իրենց հայ բնակչի՝ տվյալ երկրում մնալու համար, սակայն խստացումներից հետո  նման պայքարը շատ դեպքերում արդյունք չի տալիս, ու գերմանական միգրացիոն ծառայությունները արտաքսում են նաև հայ միգրանտների։ Ազատ Օրդուխանյանը նկատում է նաև, որ խստացումները չեն վերաբերում միայն հայերին։ Ոչ միայն Գերմանիայից, այլև եվրոպական տարբեր երկրներից են արտաքսվում մեծաթիվ միգրանտներ։ Բավականին խստացել է այդ երկրներում հաստատման գործընթացը։       

«Մերժումներ են ստանում անգամ այն դեպքերում, որոնց պարագայում 10-15 տարի առաջ ինքնըստինքյան  ապրելու իրավունք կստանային։ Սակայն հիմա շատ դեպքերում, նույնիսկ երբ շատ հիվանդներ, ովքեր բուժվում էին այստեղ, երկիրը լքելու պահանջ են ստանում։ Սա նախկինում գրեթե բացառված էր։ Ավելի շատ վտանգված է մեր հիվանդների բուժման գործընթացը»։

ԵՄ նոր ռազմավարության մեջ ընդգծվում է որ հումանիտար վիզաների տրամադրումը շարունակվելու է անհատական կարգով, սակայն ԵՄ օրենսդրությունը չի պարտադրում անդամ պետություններին պարտադիր կերպով տրամադրել հումանիտար վիզաներ ապաստան հայցող բոլոր անձանց։

Օրդուխանյանը կարծում է, որ այս առումով անելիք կա դիվանագիտության մակարդակով՝ ապահովելու բուժման կարիք ունեցող հայրենակիցների բուժման շարունակումը, մինչև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը արդյունք տա։ Իսկ երկխոսությունը մեկնարկել է 2024 թ.-ին, արդեն 2025-ի նոյեմբերին մտել գործնական փուլ՝ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով։ Դրանք ներառում են սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության, միգրացիայի և մարդու իրավունքների ոլորտներում ԵՄ չափանիշներին համապատասխանեցում։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը վերջերս Հանրային ռադիոյին տված հարցազրույցում պարզաբանել է.

«Սա այնքան նուրբ հարց է Եվրոպական միության համար։ Միգրացիոն ցանկացած խնդիր ունի բարձր քաղաքական զգայունություն ԵՄ-ի համար։ Ըստ այդմ՝ որոշումները կայացվում են միաձայնությամբ։ ԵՄ բոլոր պետությունները պետք է համաձայն լինեն, որ վիզաների ազատականացման գործընթացը ստանա դրական հանգուցալուծում»։

Այս պահին Հայաստանի Հանրապետությունը միակ պետությունն է որի հետ ԵՄ-ն վարում է Վիզաների ազատականացման գործընթաց:          

Կարդացեք նաև

Back to top button