
Ո՞ր բուժծառայություններն են ներառված առողջության պարտադիր ապահովագրության համակարգում, ինչպե՞ս կարող է անձը, ով չունի սմարթֆոն ու ԱՐՄԵԴ հավելված, օգտվել ծառայություններից, ու քանի՞ այց է գրանցվել համակարգի մեկնարկին հաջորդած 29 օրում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում աշխատանքային քննարկման ձևաչափով պատասխանել է առողջության պարտադիր ապահովագրման մասին պատգամավորների ու քաղաքացիների հարցերին։
«Առողջության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը ԱԺ-ում ներկայացնելուց մեկ ամիս անց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նորից օրենսդիրում է՝ ներկայացնելու ապահովագրության համակարգի առաջին 29 օրվա աշխատանքը։ Ընդդիմադիր պատգամավորները, որ օրենքի թե առաջին, թե երկրորդ քննարկումների ժամանակ բազմաթիվ քննադատող հարցեր ունեին նախարարին, չէին մասնակցում հրավիրված աշխատանքային քննարկմանը։ Բայց նրանց բացակայությունը չի խանգարում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին՝ մեջբերել վերջիններիս ամենահաճախ հնչեցրած քննադատությունը․
«Երբ մենք այս կամ այն ռեֆորմն ենք անում, ընդդիմադիրներն ասում են․ «Իսկ դուք, օրինակ, հարցրե՞լ եք այն տատիկին, որը հիմա կանգնելու է այս խնդրի առաջ»։ Հայաստանի Հանրապետությունում երբևէ մեկ տատիկ կամ պապիկ չի եղել, որ պետության, պետական բյուջեի կողմից 4 միլիոն գումար ստանա իր առողջապահության համար։ Իսկ հիմա 57 հոգի՝ 4 միլիոն, 158 հոգի՝ 2-4 միլիոն, 802 հոգի՝ 1-2 միլիոն ստացել են։ Սա ուղղակի աննախադեպ է։»։
Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ հրապարակել էր այս վիճակագրությունը սոցցանցում՝ չպարզաբանելով՝ ինչի մասին է խոսքը։ Կոնջորյանը հստակեցնում է՝ հունվարի 27-ի դրությամբ 65 տարեկանից բարձր 50․73 քաղաքացի բյուջեից ստացել է 4․3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն։ Առողջապահության նախարարը թվերին ու վիճակագրությանն անցնելուց առաջ մեկ նախադասությամբ բանաձևում է առողջության ապահովագրության գլխավոր ձեռքբերումը․
«Այս բարեփոխման արդյունքում փրկվում են մարդկանց կյանքեր, որը ամենակարևորն է, մարդիկ վերագտնում են իրենց առողջությունը, աշխատունակությունը»։
Խոստացված թվերի մասին։ 29 օրում 255․000 անգամ են քաղաքացիները օգտվել առողջության պարտադիր ապահովագրության այս կամ այն ծառայությունից։ Բայց սա միայն այցերի թիվն է, ոչ թե օգտվողների․
«Ներկայացված այցերի շրջանակը ներառում է հիվանդանոցային, ամբուլատոր, շտապօգնության և ցերեկային ստացիոնար այցերը։ Ուզում եմ նաև նշել, որ այցերը կապված են մարդկանց հետ, այսինքն` մեկ մարդը կարող է մի քանի այցի շրջանակում սպասարկում ստանալ։ Այսինքն` չի նշանակում, որ 255․000 հոգի է օգտվել, այլ նշանակում է, որ 255․000 այց է գրանցվել»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը հետաքրքրվում է՝ ինչ-որ պահից կունենա՞նք անձերի մասին վիճակագրություն․
«-Եթե օրինակ չոր խրոնիկ հիվանդություն ունի, ամեն ամիս նույն մարդը գնալու է, արդյոք երկրորդ ամսից սկսած դուք թվերը առանձին կկարողանաք տալ՝ նախ քանի՞ մարդ է օգտվել և քանի՞ անգամ է օգտվել։
-Մենք կարողանալու ենք հստակ տալ վիճակագրություն՝ քանի անձ է օգտվել, մեկ անձի համար ինչքան ենք ծախսել։ Անձը ի՞նչ ծառայություններից է օգտվել, քանի՞ դեղ է առել, այդ դեղերը ընդհանուր ինչքա՞ն են եղել»։
Պատգամավորները փոխանցում են իրենց դիմած մարդկանց մտահոգությունները։ Նրանցից մեկին, օրինակ, հետաքրքրում է՝ անձը, ով համակարգի շահառու է, բայց չունի սմարթֆոն ու չի ներբեռնել ԱՐՄԵԴ հավելվածը, ինչպե՞ս կարող է ստանալ բուժօգնություն․
«Այս պարագայում մեր քաղաքացիները մոտենում են առաջնային օղակի իրենց պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, նրանց օգնում են գործընթացը իրականացնել։ Եթե անձը չունի սմարթ հեռախոս, ապա պոլիկլինիկայում նրանց բժիշկը բացում է ԱՐՄԵԴ-ի՝ իր արդեն տեսանելի դաշտերը և համաձայնության կոճակը սեղմում է՝ ներկայացնելով պացիենտին և էսպես իրականացնում։ Այսինքն` էստեղ էլ որևէ խնդիր չկա» ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը փոխանցում է տաքսու վարորդների մտահոգությունները․
«-Իրենք գրանցված են որևէ տաքսի ծառայությունում, ոչ թե աշխատանքային պայմանագրով, բայց փաստացի վճարում են հարկեր՝ տուրքերի տեսքով։ Իրենք ասում էին` մենք էլ ենք ուզում միանալ։
-Քաղիրավական պայմանագրերով աշխատանքի մասին է խոսքը, նրանց համար օրենքը կսկսի գործել 2027 թվականի հունվարի 1-ից»։

Սերգեյ Բագրատյանին հետաքրքրում է՝ դեռ օրենքի քննարկման փուլում «անկառավարելի հերթերի» մասին կանխատեսումներն իրականացա՞ն։ Ավանեսյանն արձագանքում է․
«Հունվարի 1-ից սկսած, այո, որոշակի տեղեկատվություն ստանալու համար պոլիկլինիկայում կային հերթեր, հետո հաջորդ շաբաթները արդեն այն անձինք, ովքեր նախկինում չեն ունեցել այս երաշխիքները, այո, դիմելիությունը աճեց, որովհետև մարդիկ գալու են արդեն, ուրեմն նախ ախտորոշվեն, որպեսզի կարողանան հետագա բուժօգնությունը կազմակերպել։ Բայց ես պետք է ասեմ, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մենք կուտակումներ և շատ մեծ հերթեր անգամ պոլիկլինիկայում չենք նկատում։ Ինչո՞ւ, որովհետև այս օնլայն հերթագրման համակարգը աշխատում է և անձը տանից ընտրում է բժշկի ազատ ժամը, հերթագրվում է, գալիս, մոտենում է իր բժշկին»։
Ավանեսյանը հիշեցնում է՝ ամեն շահառուի համար առողջության ապահովագրմամբ հասանելի անվճար կամ համավճարով բուժծառայությունները, դեղերի ցանկը, շտապօգնության կանչերի թիվը հասանելի է միայն այդ անձին՝ ԱՐՄԵԴ հավելվածով։
«Ընդհանուր ապահովագրական փաթեթի տարվա շեմ չկա։ Բայց կա ամեն կոնկրետ ծառայության համար։ Այո, կան դեպքերի սահմանափակումներ, օրինակ բերեմ, արտահիվանդանոցային կարգով MRT հետազոտության տարվա 2 դեպք ենք փոխհատուցում, դրանից ավելին արդեն ապահովագրական փաթեթից դուրս է»։
Աշխատանքային քննարկում- հաշվետվությունն ավարտվում է բլից հարցերով․ ․
«-Ատամնաբուժական ծառայությունները մտնո՞ւմ են, թե՞ ոչ։
— Ատամնաբուժական որոշակի ծառայություններ մտնում են, ցանկը առանձին ես կհրապարակեմ։
-Ակնաբուժական ծառայությունները մտնո՞ւմ են։
-Ակնաբուժական շատ լայն ծառայություններ են մտնում, նաև քաղաքացիների շատ սպասված կատարակտի վիրահատությունը, այո, ներառված է, ունենք արդեն 100-ավոր քաղաքացիներ, ովքեր վիրահատվել են և իրենց աչքի լույսը վերագտել։
-Էսթետիկ վիրաբուժությունը մտնո՞ւմ է, թե ոչ։
-Ոչ։ Ես շատ ուրախ եմ, որ պահանջները այդտեղ են հասել արդեն»։
Եթե քաղաքացին 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստանալու արդյունքում ընդգրկվել է առողջության ապահովագրության համակարգում, ապա մնում է այդ համակարգում 12 ամիս՝ անկախ աշխատավարձի հետագա փոփոխությունից: Հայաստանի քաղաքացիության և ռեզիդենտության պայմանը պարտադիր է միայն պետբյուջեի միջոցով ապահովագրվողների՝ 65 տարեկանից բարձր, 18 տարեկանից ցածր, հաշմանդամություն, անապահովություն ունեցող անձնանց համար։ 200 հազարից ավելի գրանցված աշխատավարձ ստացողները կարող են ապահովագրվել առանց քաղաքացիության պայմանի։ Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ քաղաքացիների անկեղծ գնահատականներն ու նաև քննադատությունը լսելու համար հաջորդ շաբաթից հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում QR կոդեր կփակցնեն։ Դրանք բացելով՝ բուժառուները անանուն կպատասխանեն նախարարության հարցերին։




