Սպորտ

Ծանրամարտիկների անհաջող ելույթները Ղազախստանում

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

Ղազախստանում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Ցավոք՝ մեր մարզիկները այստեղ մեզ ուրախանալու առիթ չտվեցին: Մրցավայր մեկնած 14 հայ մարզիկներից ոչ մեկ չկարողացավ մեդալ նվաճել: Եվ սա այն դեպքում երբ ընդամենը մի քանի տարի առաջ հայ մարզիկներն էին տոն տվողը  աշխարհի ու Եվրոպայի առաջնություննեում։

Այս անգամ աշխարհի առաջնությունում հայ ծանրորդներից լավագույն արդյունքը ցույց տվեց Եվրոպայի փոխչեմպիոն 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը, ով գրավեց 5-րդ տեղը:

Հաջորդ լավագույն արդյունքը 105 կգ քաշային կարգում հանդես եկող Սիմոն Մարտիրոսյանի արդյունքն էր: Պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն  առաջին անգամ էր ուժերը փորձում մեծահասակների մրցաշարում և գրավեց 7-րդ տեղը: Սա կարելի է լավ արդյունք համարել, քանի որ Սիմոնն ընդամենը 17 տարեկան է:

Ի դեպ՝ նա աշխարհի առաջնությունում 1 կիլոգրամով  բարելավեց իր անձնական արդյունքը՝ միևնույն ժամանակ թարմացնելով իրեն պատկանող պատանիների աշխարհի ռեկորդը:

Աշխարհի առաջնությունում մենք մեծ սպասելիքներ ունեինք հատկապես Եվրոպայի փոխչեմպիոն գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանից: Սակայն մեր ամենածանր մարզիկի ելույթը պարզապես հիասթափեցնող էր: Ալեքսանյանը 3 փորձից ոչ մեկում չկարողացավ բարձրացնել 190 կիլոգրամանոց  ծանրաձող։ը։

Կանանց պայքարում նույնպես մենք ուրախանալու առիթ չունեցանք: Մեր մարզիկներից լավագույն արդյունքը, եթե դա կարելի է լավագույն համարել,  Մելինե Դալուզյանինն էր, ով գրավեց  11-րդ տեղը: Ինչևէ մեր միակ սփոփափանքը այս աշխարհի առաջնությունում այն էր, որ մեր մարզիկները նվաճեցին օլիմպիական միավորներ: Հուսանք, որ հայկական ծանրամարտի ղեկավարությունը լուրջ հետևություններ կանի և հաջորդ մրցաշարերում մեր արդյունքները ավելի հուսադրող կլինեն:

Կարդացեք նաև

Back to top button