
Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում հունվարի 29-ին տեղադրված հաղորդագրությունը հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվել, քանի որ հարուցված քրեական վարույթն առնչվում է Հայ Առաքելական Եկեղեցուն։ Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթը միանգամից երկու հոդվածով է հարուցվել։ Իրավապահ համակարգի այս քայլում փաստաբանները հեռուն գնացող նպատակներ են տեսնում, ինչի մասին ահազանգում են։ Իշխանություն-եկեղեցի հարաբերությունների համատեքստում շարունակում է քննարկման առարկա մնալ նաև ԵԽԽՎ-ում օրերս ընդունված բանաձևը։
Լրատվական դաշտում և սոցցանցերում շատ են գնահատականները, թե պետությունը գնացել է աննախադեպ քայլի և դատի է տվել Հայ Առաքելական եկեղեցուն։ Իրականում հունվարի 29-ին Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը հիմնականում առնչվում է Մասյացոտն թեմի շուրջ ստեղծված իրավիճակին, որտեղ հակադրվել են պետական մարմինների ու Հայ առաքելական Եկեղեցու որոշումները՝ մի կողմից թեմի առաջնորդին կարգալույծ անելու և մյուս կողմից այդ որոշումը չընդունելու և վիճարկելու առնչությամբ։ Քրեական վարույթը նախաձեռնվել է դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ։
Քննչական կոմիտեի գործողություններում և պաշտոնական հաղորդագրության մեջ ներկայացված ձևակերպումներում, սակայն, քողարկված նպատակներ են տեսնում եկեղեցու շահերը պաշտպանող փաստաբանները։ Ռուբեն Մելիքյանը ենթադրում է, որ հարուցված քրեական գործը կարող է կապ ունենալ Եպիսկոպոսաց արտագնա ժողովի հետ, որը ծրագրված է անցկացնել փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում:
«Տեղի է ունենում կարգալուծություն Գերագույն Հոգևոր Խորհրդի առաջարկության հիման վրա, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ, և դրա հարկադիր կատարումը դիտվում է որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պայմանների չկատարում և դիմում է Քննչական կոմիտեին։ Քննչական կոմիտեն էլ քրեական վարույթ է նախաձեռնում։ Ոչ մեծ ծանրության արարքի մասին է խոսքը։ Հոդված 507–ով մինչև 2 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսված, բայց Քրեական օրենսգրքի մեկ այլ հոդված առաջին անգամ կատարած լինելու դեպքում նախատեսում է, որ ազատազրկում պատժատեսակ չի կարող կիրառվել։ Այլընտրանքային պատժատեսակներ կարող են կիրառվել։
Այսինքն սրա նպատակը բացառապես Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելն է, որ չկարողանան Հայաստանից դուրս գալ, որով խոչընդոտեն Հայ Առաքելական եկեղեցու բնականոն գործունեությունը, մասնավորապես կարևորագույն մարմնի Եպիսկոպոսաց ժողովի գումարումը»։
Այս գործով դատական նիստը նշանակված է փետրվարի 6-ին։ Փաստաբանները սա դիտարկում են որպես փաստացի քրեական վարույթի հարուցում կաթողիկոսի և հոգևոր խորհրդի դեմ, ինչն աննախադեպ են որակում։ Փաստաբան Արա Զոհրաբյանի ձևակերպմամբ՝ այս քայլով վատ նախադեպ է ստեղծվում։
«Չի կարող պետությունն իր գործադիր և դատական իշխանության միջոցով միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Դա արգելված է Սահմանդրությամբ և օրենքներով։ Պատկերացրեք, օրինակ, եթե եկեղեցին կարգալույծ անի մի քահանայի, որը դավանաբանական լուրջ խախտում է թույլ տվել, ու այս քահանան որոշի դիմել դատարան և այս գործն էլ որոշի քննել աթեիստ որևէ դատավոր։ Ի՞նչ է լինելու հետևանքը, արդյո՞ք դատավորը կարող է որոշել, որ քահանան ճիշտ է և այդ որոշումով արդյո՞ք մի ամբողջ եկեղեցու, որը ունի բազմադարյա դավանաբանական կեցվածք, սխալ չի հանելու այս դատարանը»։

Ուշագրավ է, որ Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն արդեն դուրս է եկել Հայաստանի սահմաններից և քննարկվել է անգամ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։ Ստրաստբուրգում եվրոպացի պատգամավորները այս թեմայով հարցեր էին ուղղել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Եվրոպայի պահպանողական կուսակցության պատվիրակներից մեկի հարցը ներկայացնում ենք համաժամանակյա թարգմանությամբ․
«Պարոն նախարար, պարոն Փաշինյանն ասաց, որ ուզում է առաքելական եկեղեցին փոխել ազգային եկեղեցով, որը չի կարող միջամտել ազգային գործերին։ Նա ձերբակալել է մեծ թվով եպիսկոպոսների։ Սա մի՞թե ժողովրդավարական, կրոնական ազատությունների ու իրավունքների խախտում չէ»։
Չհամաձայնելով եվրոպացի պատվիրակի ձևակերպումներին՝ նախարար Միրզոյանը պատասխանել է, թե նա ամբողջական և ստույգ տեղեկատվությանը չի տիրապետում։
«Լիովին անհամաձայն եմ ձեր որոշ որակավորումների հետ։ Ցավում եմ, որ ձեր տեղեկատվությունն ամբողջապես ճշմարիտ չէ։ Ամենաքիչը, որ կարող եմ ասել` հալածանք չկա հոգևորականների Հայաստանում, սակայն ուզում եմ մի հարց ուղղել ձեզ․ դուք ունեք մի իրավիճակ, որտեղ Հայաստանի որոշ քաղաքացիներ հրապարակայնորեն կոչ են անում, ժողովրդավար եղանակով ընտրված կառավարությանը իշխանությունը ձեռքից առնելու։ Կխնդրեմ ուշադրություն դարձնեք, այստեղ բռնի բացահայտ կոչ են անում, իշխանության որոշ ղեկավարների սպանության կոչեր, ընդ որում դրանցից մեկը ես էի։ Ձեր գործողությունները ո՞րը կլիներ։ Օրենքի գերակայություն կա Հայաստանում և ամեն մարդ, բոլոր քաղաքացիները ՀՀ-ում պետք է գործեն օրենքի շրջանակում՝ լինեն հոգևորականներ, թե քաղաքական գործիչներ»։
ԵԽԽՎ-ն այս հարց ու պատասխանով չի սահմանափակվել։ Կառույցի ընդունած բանաձևում Հայաստանի մասին՝ որպես ամբողջական մոնիտորինգի տակ գտնվող երկրի, մի քանի անդրադարձ կա։ Դրանցից մեկը հենց իշխանություն-եկեղեցի հարաբերությունների մասին է։
Բանաձևի 5-րդ բաժնում, մասնավորապես, նշվում է, որ կառույցը «խորապես մտահոգված է վարչապետի և Հայ եկեղեցու առաջնորդի միջև լարվածությամբ, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցուն պատկանող մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրությունների մասին հաղորդագրություններով»:
Բանաձևի 21-րդ կետն արդեն ավելի մանրամասնորեն է անդրադառնում իրավիճակին՝ հիշեցնելով արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի ղեկավարած «Սրբազան պայքարի» մանրամասները, կոչերը և նպատակները։
Հայաստանի ինչպես խորհրդարանական այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմությունը անակնկալի է եկել ԵԽԽՎ այս բանաձևից։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անգամ հասել է Ստրասբուրգ բանաձևի հեղինակների հետ հանդիպելու համար։
«Ի՞նչ ենք անում, տիկին Ամբերգ կամ պարոն Ֆասինո, այս ի՞նչ զեկույց ենք գրել։ Այդ զեկույցը չպետք է նման ձևով լույս տեսներ։ Ես մարդու իրավունքների հարց եմ բարձրացնում, ժողովրդավարության հարց եմ բարձրացնում»։
ԵԽԽՎ բանաձևից դժգոհել է նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հենց դատական նիստի ընթացքում։
«Ես էլ ասում եմ՝ դուք կեղծավորներ եք։ Մաղթում եմ նույն դեմոկրատիան լինի ձեր երկրներում, ինչպես Հայաստանում է»։
Որքանով էր ճիշտ առանց կայացված դատավճիռների ԵԽԽՎ-ում պնդումներ անել Հայաստանում իշխանությունը զավթելու և որոշ պաշտոնյաներին սպանելու մտադրությունների մասին․ հարցին անդրադարձել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կան փաստեր։ Նախ մենք միջազգային հարթակներում որևէ հարցի քննարկման հետ կապված խնդիր չունենք, որովհետև մեր գործելակերպը թափանցիկ է, հստակ է, հիմնավորված է։ Երկրորդ՝ չկա եկեղեցի-պետություն հակամարտություն, կա եկեղեցում իշխանությունը ուզուրպացրած անձ, որը ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում»։
Հայաստանի վարչապետը պնդել է, որ իշխանությունը թույլատրելի և օրինական բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու է եկեղեցուն առնչվող իր նպատակներն իրականացնելու համար։




