ԿարևորՄիջազգային

Ռուսաստանը մինչև փետրվարի 1-ը ձեռնպահ կմնա Ուկրաինային հարվածելուց

Ռուսաստանը համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքին՝ մինչև փետրվարի 1-ը ձեռնպահ մնալ Ուկրաինայի ուղղությամբ հարվածներից, Ria Novosti-ի փոխանցմամբ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ նախագահ Թրամփն անձնական կոչով դիմել է Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով մեկ շաբաթով՝ մինչև փետրվարի 1-ը, չհարվածել Կիևին՝ բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։ Պեսկովը նշել է, որ Մոսկվան աջակցել է Վաշինգտոնի նախաձեռնությանը։

Կրեմլի խոսնակը նաև ընդգծել է, որ Պուտինը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին որևէ հանդիպման չի հրավիրել։ Նրա խոսքով՝ հանդիպման նախաձեռնությունը եղել է Զելենսկու կողմից, իսկ Պուտինի պատասխանը եղել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցությունների, բայց միայն Մոսկվայում։

Ուրբաթ և շաբաթ օրերին Աբու Դաբիում տեղի է ունեցել անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը՝ Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Փակ դռների հետևում կողմերը քննարկել են ամերիկյան խաղաղության ծրագրում առկա չլուծված հարցերը։ Նոր հանդիպումը նախատեսված է փետրվարի 1-ին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ առաջիկա հանդիպումը կլինի երկկողմանի, սակայն Միացյալ Նահանգները կարող է միանալ գործընթացին։

Բանակցություններից առաջ տեղի է ունեցել նաև Վլադիմիր Պուտինի հանդիպումը ամերիկյան պատվիրակության հետ, որը գլխավորել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Կրեմլի տեղեկություններով՝ ամերիկյան կողմը խոստովանել է, որ առանց տարածքային հարցի լուծման երկարաժամկետ կարգավորման հասնել հնարավոր չէ։ Մոսկվան շարունակում է պնդել, որ Ուկրաինայի զինված ուժերը պետք է դուրս գան Դոնբասից՝ որպես բանակցությունների կարևոր պայման։

Կարդացեք նաև

Back to top button