ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Միջազգային հարթակներում քննարկում են Իրանին ամերիկյան հարվածների հավանականությունն ու դրա հետևանքները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ վերջին օրերին բանակցություններ է վարել Իրանի հարցով և մտադիր է դրանք շարունակել։ Նա չի հստակեցվում, սակայն, թե կոնկրետ ում հետ կամ երբ է բանակցել։ Թեև ԱՄՆ նախագահը բանակցությունները շարունակելու մասին է խոսում, նաև շեշտում է, որ ամերիկյան ավիակիրների հերթական տորմիղն է մոտենում Իրանին։

Այս հայտարարություններին զուգահեռ միջազգային հանրությունը տարբեր փորձագիտական վերլություններ է անում հետագա հնարավոր իրադարձությունների վերաբերյալ։

Իրանի ռազմածովային ուժերն առաջիկա օրերին Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի հետ։ Այս տեղեկությունը լայնորեն տարածվում է միջազգային մամուլում։ Սրան զուգահեռ հաղորդվում է նաև, որ Իրանը փետրվարի առաջին օրերին Հորմուզի նեղուցում զորավարժություններ է նախատեսել։

Միաժամանակ հայտնի է դարձել, որ Իրանի ափերին մոտ ամերիկյան հզոր ավիակիրների խումբ է մոտեցել։ Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունների ձախողումից հետո փորձագետները կարծում են, որ ամերիկյան նոր հարվածը գրեթե անխուսափելի է։ Ինչպիսի՞ն կարող է լինել այն։ Ողջ միջազգային մամուլը հեղեղված է Իրանին հարվածելու շուրջ փորձագիտական վերլուծություններով ու կանխատեսումներով։ Հունվարի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացավ շատ կոշտ միջոցներ ձեռնարկել Իրանի իշխանությունների դեմ՝ բողոքի ցույցերը բռնի ուժով ճնշելու համար։

Այնուհետև Թրամփը հրաժարվեց այդ ծրագրերից՝ հայտարարելով, որ «Իրանում սպանություններն ավարտվում են»։

Reuters-ը գրում է, որ վերջին օրերին Պարսից ծոց ուղարկված ամերիկյան «Abraham Lincoln» ավիակրի գլխավորած հարվածային խումբը, որը կարող է տեղափոխել մինչև 90 ինքնաթիռ և ուղղաթիռ, մոտեցել է Իրանին։ Ըստ գործակալության՝ դա ևս մի փաստ է, որը հուշում է Իրանին հարվածելու ամերիկյան մտադրության մասին։

Ավելին, Պենտագոնը, ըստ տեղեկությունների, իր զորքերը դուրս է բերում տարածաշրջանի հիմնական բազաներից։ Թեհրանը ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը։ Շատ դիտորդներ կարծում են, որ ԱՄՆ-ի նոր հարձակումը Իրանի վրա գործնականում անխուսափելի է։

Արդյո՞ք ԱՄՆ-ն ունի Իրանի դեմ ռազմական գործողությունների իրատեսական սցենար։ Այս հարցի պատասխանը մեծապես կախված է հնարավոր հարձակման նպատակներից՝ ասում է ԱՄՆ ծովային հետևակի թոշակառու գնդապետ Մարկ Կանսիանը։ Նա այժմ Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող է:

«Միացյալ Նահանգները կարող է հարձակվել անվտանգության ուժերի, հավանաբար՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) վրա՝ Իրանին պատժելու և նրանց խոցելիությունը ցույց տալու համար»։

Շվեդիայի Ուփսալայի համալսարանի Խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ Աշոկ Սվեյնը համաձայն է, որ ցանկացած ռազմական միջամտություն պետք է լինի սահմանափակ և հետապնդի որոշակի նպատակներ, ինչպիսիք են ԱՄՆ զորքերի կամ դաշնակիցների պաշտպանությունը:

Երկու փորձագետներն էլ համաձայն են, որ B-2 ռմբակոծիչների և տարբեր հրթիռների կիրառումը, ինչպես դա արվեց  անցյալ տարվա հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելիս, այս դեպքում անիմաստ է: Նրանց կարծիքով՝ դա կարող է սխալ մեկնաբանվել և հարվածի տակ դնել ԱՄՆ տարածաշրջանային գործընկերներին:

Արևելագետ Ռուստամ Սուլեյմանովը ԱՄՆ կողմից բաց առճակատման գնալու տարբերակը խելամիտ չի համարում․

«Հավանական չեմ համարում, որ Թրամփը պատրաստվում է լայնածավալ պատերազմի, ռազմական արշավի, ինչպես օրինակ՝ Աֆղանստանում կամ Իրաքում։ Թրամփը սիրում է կայծակնային արագ գործողություններ, սիրում է արագ արդյունքներ, սիրում է իրեն հաղթող հայտարարել։ Սակայն կարծում եմ, որ այսօր Թրամփը առավելագույնը, ինչին պատրաստ է իրեն թույլ տալու՝ թիրախային հարվածներ հասցնելն է՝ «վաու» էֆեկտ ստեղծելու համար։ Բայց դա, հավանաբար, որևէ լուրջ բանի չի հանգեցնի»։

Շատ դիտորդները զգուշանալու կոչեր են անում։ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն նվազագույն ռազմավարական օգուտներ կբերի, բայց կտրուկ կմեծացնի անկայունությունը տարածաշրջանում:

Որոշ փորձագետներ էլ հուշում են թիրախային ավիահարվածների մասին և համոզված են, որ դա հավանաբար, միակ տարբերակն է, որ լուրջ հետևանքներ չեն ունենա և Վաշինգտոնը դա կքննարկի: Միացյալ Նահանգների հարվածներն, ամենայն հավանականությամբ, կարող են թիրախավորել Իրանի անվտանգության շտաբներն ու օբյեկտները, գրում է DW–ն։

Քննարկման առանձին թեմա է հարցը, թե կարո՞ղ է ԱՄՆ-ն գերի վերցնել կամ սպանել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին։

DW-ին փորձագետները չեն կարծում, որ Վենեսուելայի նախագահ Մադուրոյի առևանգումը կարող է կրկնվել Իրանի գերագույն առաջնորդի դեպքում, սակայն Խամենեի սպանությունը տեսականորեն հնարավոր է։

Շատ փորձագետներ էլ հարցնում են, թե արդյո՞ք ԱՄՆ-ն իրավունք ունի միայնակ նման որոշումներ կայացնելու: Նրանք գտնում են, որ միակողմանի միջամտությունը միայն սրում է անկայունությունը և կրկնում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ի հայտ եկած վարքագծի այն մոդելը, որտեղ ռազմական միջամտությունը անխուսափելիորեն հանգեցնում է երկարատև անկայունության, այլ ոչ թե կարգուկանոնի հաստատման։

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Աբդալա Հաջի Սադեղին այս լարվածության պայմաններում հստակեցնում է, որ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կխաթարի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական բազաների անվտանգությունը Մերձավոր Արևելքում։ Նա շատ հստակ հասկացրել է՝ Վաշինգտոնի ցանկացած քայլ կհանդիպի ջախջախիչ հակահարվածի՝ ցամաքում, ծովում և ամերիկյան բազաներում։ Նման հայտարարությունները լուրջ անհանգստություն են առաջացրել Կատարում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում։

ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը հայտարարել է, որ Եվրամիությունը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն։  

Սա, ըստ էության, նշանակում է, որ Իրանի ներկայիս ղեկավարությունը նույնպես կարող է համարվել ահաբեկչական, ինչպես «Ալ Քաիդան» և «ՀԱՄԱՍ»-ը։

Կարդացեք նաև

Back to top button