ՀասարակությունՌեպորտաժներ

Աուդիտ խոցելի ընտանիքներում․ նոր նախաձեռնությունը կնպաստի էներգաարդյունավետության բարձրացմանը

Ի՞նչ գիտեն մարդիկ էներգախնայողության մասին։ Անցած տարեվերջին Հայաստանի չորս մարզում անցկացված հետազոտությունը պարզել է, որ ընդհանուր առմամբ էներգախնայողության մասին պատկերացումները սահմանափակվում են արևային պանելներով։ Հարցված ընտանիքների շուրջ 80 տոկոսն ուզում է փոխել կենցաղը, բայց նրանց միայն կեսն է պատրաստ ներդրումներ կատարելու դրա համար։ «Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների և խորհրդատվության խթանում Հայաստանում» նախաձեռնությունն իրականացվում է DSIK հայաստանյան գրասենյակի կողմից, Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ և GIZ կողմից իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի շրջանակում` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։

2025–ի դեկտեմբերին «Պրիզմա» սոցիոլոգիական հետազոտական ընկերությունը 575 խոցելի ընտանիքներում հարցումներ է անցկացրել՝ պարզելու, թե նրանք վառելիքի ի՞նչ աղբյուր են օգտագործում ջեռուցման համար, որքա՞ն են սպառում, ի՞նչ եկամուտ ունեն և արդյո՞ք տեղյակ են, թե ինչ է էներգախնայողությունը։ Հարցումները անցկացվել են առանձնատներում։ Արդյունքները «Պրիզմա» սոցիոլոգիական հետազոտական ընկերության հետազոտող  Շուշան Ղահրիյանն է ներկայացնում․

 «Այս խմբի ընտանիքների մեծամասնությունը ջեռուցման համար օգտագործում են կամ վառելափայտ, կամ գոմաղբ։ Իրենց էներգիայի ծախսերի մեծ մասը ուղղվում է հենց այս 2 վառելանյութերի վրա, որը կազմում է ընդհանուր առմամբ իրենց ծախսերի մոտ 17 %-ը»։

Հարցումները իրականացվել են Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի մարզերի տնային տնտեսություններում։ Մարզերը ընտրվել են՝ հաշվի առնելով աղքատության ցուցանիշը, սահմանամերձ լինելը, անտառներին մոտ գտնվելու հանգամանքը։ Հարցված ընտանիքների մոտ 80 տոկոսը պատրաստ է փոխելու իր կենցաղային պայմանները։ Բայց նրանց կեսն է միայն պատրաստ սեփական միջոցները ներդնելու կենսապայմանների բարելավման համար։

ԵՄ և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ վերը նշված չորս մարզում կիրականացվի «Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների և խորհրդատվության խթանում Հայաստանում» նախաձեռնությունը։ Նախաձեռնության ծրագրի ազգային համակարգող Արգամ Արշակյանն ասում է՝ ունեն երկու հիմնական ուղղություն․

 «Առաջինը՝ հասնել առնվազն վերը նշված 4 մարզերի 20 000 անձանց իրազեկվածության բարձրացմանը։ Նրանցից 10000-ի շրջանում պետք է իրականացվի նաև խորհրդատվական աշխատանք՝ էներգաարդյունավետ լուծումների, առավելությունների և կարևորության վերաբերյալ։ 2-րդ բաղադրիչը՝ հասնել 300 տնային տնտեսությունների, խոցելի և կին գլխավոր ունեցող տնային տնտեսությունների մասին է խոսքը, տնային տնտեսություններն են, որտեղ ընտանիքում հիմնական հոգսը կանանց ուսերին է, որոշումը կայացվում է կանանց կողմից։ Չափորոշիչներ ենք սահմանել, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, արդյունքում մենք ստեղծել ենք ցանց, ներգրավելով ՀԿ-ներին, միասնական սոցիալական ծառայությունների գրասենյակներին, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման գրասենյակները, շահառուներին տեխնիկական աջակցություն ցույց տալու հայտերի լրացման գործում, որպեսզի կարողանանք մարդկանց հասցնել ինֆորմացիան, ինչպես նաև հնարավորություն տանք այդ հայտերի լրացմանը»։

Շահառուներին ընտրելուց հետո ընտանիքներում էներգետիկ աուդիտ կանցկացվի՝ որոշելու տան ջերմային մթնոլորտը, էներգետիկ խնդիրները։ Հաշվետվության եզրակացության հիման վրա կորոշեն՝ ինչ ներդրում անել․

«Ունենք ներդրումային աջակցության չորս տիպ՝ արևային պանել, ջերմամեկուսացման տարբեր ուղղություններ, արևային ջրատաքացուցիչներ, էներգաարդյունավետ վառարանների տրամադրում»։

Տնային տնտեսությունները ընդհանուր առմամբ էներգաարդյունավետ ասելով հասկանում են արևային վահանակների տեղադրումը։ Մյուսների մասով իրազեկվածության պակաս կա։ Դա էլ կլրացնեն այս ծրագրի շրջանակում։ Նախաձեռնությունը կիրականացվի մինչև 2027թ փետրվար ամիսը։

Այն իրականացվում է «Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների և խորհրդատվության խթանում Հայաստանում» նախաձեռնությունն իրականացվում է DSIK հայաստանյան գրասենյակի կողմից, Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ և GIZ կողմից իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի շրջանակում` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։

Կարդացեք նաև

Back to top button