
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրում արտակարգ դրություն՝ Կուբայից բխող «ազգային անվտանգության սպառնալիքի» պատճառով։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
Հրամանագրում նշվում է, որ Կուբայի իշխանությունների քաղաքականությունն ու գործողությունները միտված են վնաս հասցնել ԱՄՆ-ին, ինչպես նաև աջակցել թշնամական երկրներին և ահաբեկիչներին, որոնք ձգտում են ոչնչացնել Միացյալ Նահանգները։ «Երկրում սույն հրամանագրով հայտարարված արտակարգ դրության խնդիրը լուծելու համար անհրաժեշտ և նպատակահարմար եմ համարում սահմանել սակագնային համակարգ»,- ասվում է փաստաթղթում։
Այս փաստաթղթի շնորհիվ ԱՄՆ-ը կարող է սահմանել լրացուցիչ մաքսատուրք այն երկրների ապրանքների նկատմամբ, որոնք Կուբային նավթ են մատակարարում։ Փաստաթղթում ընդգծվում է, որ այս մոտեցումը կարող է վերանայվել կամ փոխվել, եթե Կուբան կամ այն երկրները, որոնք տուժում են մաքսատուրքերից, իրենց քաղաքականությունը համապատասխանեցնեն ԱՄՆ արտաքին քաղաքական շահերին և ազգային անվտանգության նպատակներին։




