Հասարակություն

Գործարկվելուց հետո Մարգարայի անցակետը դեռ փակ կլինի հայերի ու թուրքերի համար․ Փաշինյանը մանրամասներ է հայտնել

Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է մի շարք ռազմավարական հարցերի՝ նոր միջուկային ռեակտորի կառուցումից մինչև սահմանների բացման և տարածաշրջանային հաղորդակցությունների օրակարգ։ Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը փոքր մոդուլային միջուկային ռեակտորի կառուցման ուղղությամբ աշխատում է միաժամանակ մի քանի երկրի հետ՝ ընդգծելով, որ որոշումները կընդունվեն ռիսկերի և հնարավորությունների համապարփակ գնահատումից հետո։  
Փաշինյանը խոսել է նաև Հայաստանի էներգետիկ ցանցը Ադրբեջանի ու Թուրքիայի ցանցերին միացնելու մասին, անդրադարձել TRIPP ներդրումային ծրագրին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին ու սահմանների հնարավոր բացմանը վերաբերող «Ռադիոլուրի» հարցերին։

Հայաստան-Թուրքիա հարաբերություններում և հատկապես սահմանի վերաբացման առումով զարգացումներ կան, ու հասունացել է իրադարձությունների տեղի ունենալու ժամանակը՝ ասում է վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ռադիոլուրի» հարցին ու հույս հայտնելով, որ դեռ 2022-ին ձեռք բերված պայմանավորվածություններն առնվազն իրականություն կդառնան։ Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ժամկետներ վարչապետը չնշեց։

Նկատեց, որ Թուրքիայից դրական ազդակներ կան, մնացածն ասաց, կտեսնենք։ Քայլեր են արվում, որպեսզի հնարավոր որոշումները չխոչընդոտվեն անպատրաստ լինելու պատճառով՝ ասաց վարչապետը։

Այս պահին Մարգարայի մաքսային անցակետը լիարժեք պատրաստ է գործարկման։ Դրա գործարկման ժամկետ նախանշվո՞ւմ է, կարո՞ղ է Մարգարայի անցակետի բացումը համընկնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարին Հայաստան կատարելիք այցի հետ՝  հետաքրքրվեցինք վարչապետից։ 

«Տեսականորեն եթե հիմա ասեմ՝ ոչ, չի կարող համընկնել, բա որ այդ օրը հանկարծ Թուրքիան որոշում կայացնի բացե՞լ սահմանը, հետո ես ի՞նչ ասեմ։ Այսինքն, դա մեր որոշումների տիրույթում չէ, որ ես հիմա «այո» կամ «ոչ» ասեմ»։  

Հայտարարություններում նշվում է, որ սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար։ «Ռադիոլուրը» վարչապետին խնդրեց մեկնաբանել, թե ի՞նչ է սա նշանակում՝ ովքե՞ր են լինելու այդտեղով եկող-գնացողները՝ դիվանագետնե՞ր, բիզնեսի ներկայացուցիչնե՞ր, զբոսաշրջիկնե՞ր։ Այսինքն՝ փակ է մնում միայն հայերի ու թուրքերի՞ համար։ Ի պատասխան՝ վարչապետը հստակեցրեց. 

«Խոսքը երրորդ երկրի քաղաքացիների մասին է. ասենք, օրինակ, Իսպանիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Միացյալ Նահանգների քաղաքացի է, կարող է անցնել, իսկ Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիները՝ առայժմ ոչ,  բացի այն դեպքերից, երբ  ունեն դիվանագիտական անձնագիր։ Մնացած մանրամասները հընթացս երևի կերևան»։

Հայաստանը միջուկային նոր ռեակտորի կառուցումը քննարկում է միջուկային տեխնոլոգիաներին տիրապետող տարբեր երկրների հետ՝ շեշտում է  Փաշինյանը՝ պատասխանելով միջուկային էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի հետ  գործակցության վերաբերյալ հարցին: 

«Մենք այս պահին աշխատում ենք բոլոր գործընկերների՝ Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Չինաստանի հետ, և անհրաժեշտ որոշումները կկայացվեն բոլոր հնարավոր հարցերին հնարավոր վստահելի պատասխաններ ստանալուց հետո»։

Դեռ 2025-ի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահի հետ Վաշինգտոնում ստորագրված երեք մտադրությունների հուշագրերից մեկը վերաբերել է էներգետիկ ոլորտին, այդ թվում՝ միջուկային էներգետիկային: Թրամփն օրերս այն բնութագրել էր որպես «հիանալի համաձայնագիր»։ Փաշինյանը հստակեցրեց, որ «հիանալի համաձայնագիրը» միջուկային էներգիայի ոլորտում  գործակցության մասին է, և որևէ մտահոգություն չի անտեսվելու։

Նախորդ հոկտեմբերին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կայացրել է ռազմավարական որոշում, ու իր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային։

Փաշինյանն անդրադարձավ նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի էներգետիկ համակարգերին միանալու հարցին՝  բացառելով ռիսկերը։ Ադրբեջանն ու Հայաստանն ունեն ավելցուկ, դա նշանակում է, որ շատ մեծ պոտենցիալ կա։

«Մենք Ադրբեջանի ցանցերը օգտագործենք, արտահանման ավելի մեծ շուկաների հասանելիություն ունենանք, Ադրբեջանն էլ շահագրգռված է նույն տրամաբանությամբ, իրենք շահագրգռված են նաև Նախիջևանի հետ էներգետիկ փոխանցումներ ունենալու: Տեսեք՝ մեր էներգետիկ համակարգը միացած է Վրաստանին և Իրանին, և կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մեր էներգետիկ համակարգը միացած լինի Թուրքիային և Ադրբեջանին: Դա արտահանման մեր հնարավորություններն է մեծացնելու, և տարածաշրջանի հնարավորություններն է մեծացնելու, որպեսզի մենք միասնական արտահանում իրականացնենք դեպի շուկաներ դրա անհրաժեշտության դեպքում, բայց կարող է նաև դրա անհրաժեշտությունը չլինել »։

Հարցը վարչապետը դիտարկեց նաև անվտանգության տեսանկյունից։ Հայաստանից միջազգային շուկաներ ապրանքի հոսքի մեծացումն, ինչն ակնկալվում է սահմանի բացմամբ,  անվտանգության երաշխիքն է, որովհետև խոշոր շուկաները լրացուցիչ շահագրգռվածություն կցուցաբերեն, որ այդ հաղորդակցության ուղիները անվտանգ գործեն: Անվտանգության տեսանկյունից է դիտարկվում նաև  TRIPP նախագիծը, որից Փաշինյանը բազմամիլիոն ներդրումների ակնկալիք ունի։

«ԹՐԻՓՓ-ը ներդրումային խոշոր ծրագիր է, որը իհարկե իր հետ բերելու է անվտանգային խոշոր երաշխիքներ»։

Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ Ադրբեջանի և Թուրքիայի հատվածում երկաթուղագծերը վերականգնելու հարցով։ Դա ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև ցանկանում է գործակցել Ռուսաստանի հետ կապուղիների ապաշրջափակման հարցով։ Փաշինյանը դրական ազդակներ տեսնում է, ակնկալում առավել մեծ տեմպ։ 

«Հույս ունենք, որ ՌԴ մեր գործընկերները չեն հապաղի։ Եթե ինչ-ինչ պատճառներով Ռուսաստանի մեր գործընկերները չցանկանան այդ ներդրումը իրականացնել, մենք այդ հատվածները հետ կվերցնենք և մենք ինքներս կանենք»։

Մայիսի 4-ին Հայաստանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Իրադարձութանն այնքան մեծ կարևորություն է տրվում, որ այդ օրը համարվել է ոչ աշխատանքային՝ պայմանավորված   50 բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ։ Ի՞նչ ակնկալիքներ կան այդ համաժողովից։ Պատկառելի ներկայացուցչական պատվիրակությունների հետ երկկողմ ու տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցերի քննարկման լավ հնարավորություն է՝ ասաց Փաշինյանը։ Հույս ունի, որ հյուրերը լավ տպավորություններով կհեռանան Հայաստանից։

Կարդացեք նաև

Back to top button