
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական գրառմամբ հաստատել է Հայաստանում արդեն երկու ամիս շրջանառվող տեղեկությունը․ փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի մասին։
ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ այցը տարածաշրջանային է․ Միացյալ Նահանգների փոխնախագահը այցելելու է Հայաստան և Ադրբեջան։ Նախագահ Թրամփը գրառման մեջ որոշակիորեն բացահայտել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի աշխատանքային օրակարգը Երևանում և Բաքվում։
Միացյալ Նահանգները ծրագրում է փետրվարին Հայաստանի հետ միջուկային խաղաղ համագործակցության համաձայնագիր կնքել, ինչպես նաև պայմանագիր՝ առաջատար կիսահաղորդչային արտադրողների համար։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի երևանյան այցի առաջնային նպատակն այսպես է ձևակերպել նախագահ Թրամփը՝ չշրջանցելով նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ամերիկյան ջանքերը։
TRIPP ծրագիրը վերջին շրջանում շատ է քննարկվել ու վերլուծվել։ Նույնը չի կարելի պնդել Միացյալ Նահանգների հետ Հայաստանի միջուկային համագործակցության ծրագրի մասին։ Թեման, սակայն, շոշափվել է պաշտոնյաների ՝ տարբեր տարիներին արած հայտարարությունների մեջ։
Խոսակցությունը, կարելի է ասել, սկսվել է դեռևս 2022 թվականից։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ-ում համապատասխան հուշագիր էր ստորագրել։ ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան, Վաշինգտոնում բնակվող իրավաբան Արմեն Խարազյանն այդ փաստաթղթի մասին լրատվամիջոցներին ասել էր հետևյալը․
«Հուշագիրը շատ ավելի լայն է, հարցերի ավելի մեծ շրջանակ է շոշափում, քան զուտ Հայաստանում միջուկային արտադրական հզորությունների կառուցումը, թեև այդ կառուցման հնարավորությունն էլ նշվում է։ Այս հուշագրի մի մասը վերաբերում է միջուկային չտարածման խնդիրներին։ Հայաստանի միջազգային միջուկային չտարածման ոլորտում Հայաստանի ազգային պրոֆիլի բարձրացման խնդիր կա, և հուշագիրն այդ հարցը ներկայացնում է ճիշտ անկյան տակ։ Կա նաև Մեծամորի շահագործման անվտանգություն, կադրերի պատրաստում, ընթացիկ համագործակցություն։ Տեխնոլոգիա բերելը ենթադրում է նաև մի մեծ էկոհամակարգ այդ տեխնոլոգիայի սպասարկման, դրա հետ կապված մասնագիտական կադրերի պատրաստման, դրանց կենսապահովման։ Սրանք բազմացիկլ գործընթացներ են»։
Հետագայում՝ մի քանի տարի անց արդեն, սովորական հուշագրի նպատակները ամրագրվեցին Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ, ապա՝ Հայաստան-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրում։ Առաջինը ստորագրել էին արտգործնախարար Միրզոյանը և նախկին պետքարտուղար Բլինքենը, իսկ երկրորդը օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության փաստաթուղթը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»։ Խոսքը Միացյալ Նահանգների ատոմային էներգիայի գործակալության ակտի միայն 123-րդ հոդվածի մասին էր։ 2025 թվականի հունվարի 13-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում ասում էր․

«Մենք նաև սկսում ենք բանակցությունները ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ։ Այն կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ և կնշանավորի մեր հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը` ապահովության, անվտանգության և չտարածման ամենաբարձր չափանիշներով»։
ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինը, խոսելով կնքված փոխըմբռնման հուշագրի մասին, նշել էր, որ Միացյալ Նահանգները, լինելով միջուկային էներգիայի ժամանակից արդյունաբերության ոլորտի առաջատար, Հայաստանին առաջարկում է միջուկային էներգիայի ապահով ու անվտանգ շահագործման, էներգետիկ անկախության բազմաթիվ հնարավորություններ։ Ըստ նախկին դեսպանի՝ էներգետիկ անվտանգության շուրջ գործընկերությունը կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը, ցանցի արդիականացմանը և բիզնեսի ու համայնքների համար հուսալի էներգիայի մատակարարումներին։
Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը հնարավորություն ունի ստանալ ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներ` նոր ատոմակայան կառուցելու համար․ այս հարցին և պաշտոնական Երևանի ակնկալիքներին դեռ 2023-ին անդրադարձել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Մենք ունենք գործող ատոմակայան, և մեր նպատակադրումն է աշխատեցնել այն մինչև 2036 թվականը կամ մի փոքր ավելին, եթե մեզ հաջողվի։ Այդ պրոցեսում մենք լայնածավալ աշխատանքներ արել ենք և շարունակում ենք անել, որպեսզի բոլոր լիցենզիաները, թույլտվություններ ունենանք անվտանգային և այլ առումներով ատոմակայանը մինչև 36 թվականը շահագործելու։ Բայց քանի որ մենք ունենք որոշում, որ դրանից հետո պետք է շարունակենք լինել ատոմակայան ունեցող երկիր և մեր էներգետիկ հաշվեկշռում ատոմակայանի դերը լինի և առկա լինի իր որոշակի տոկոսային հարաբերությամբ, ուստի առաջանում է նոր էներգաբլոկ կառուցելու հարց։ Ամերիկյան տարբերակում կարծես ունեն մեթոդ, որը բերում է նրան, որ սկզբից կառուցվում է փոքր հզորության, հետագայում դա անընդհատ ավելացնելու և փոքր նոր էներգաբլոկ ավելացնելու հնարավորություն է տալիս»։
Նոր ատոմակայանի կամ էներգաբլոկի հարցում Հայաստանը զուգահեռաբար բանակցել է նաև այլ պետությունների, մասնավորապես, Ռուսաստանի հետ։ Ամերիկայում Հայաստանի նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանը դժվար է պատկերացնում խաղաղ միջուկային համագործակցության բնագավառում տարբեր պետությունների հետ զուգահեռ աշխատանքը, քանի որ այստեղ խոսքը որոշակի տեխնոլոգիաների փոխանցման մասին է․
«Գործնականում ես չգիտեմ որևէ երկիր, որ կառուցել է ռուսական և արևմտյան տեխնոլոգիայով աշխատող ռեակտոր և համադրում է դրանք իր պրակտիկայում։ Երկրները գնում են կա՛մ մեկ, կա՛մ մյուս ճանապարհով»։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի փետրվարյան այցից առաջ Միացյալ Նահանգների նախագահը իր գրառմամբ բացել է ոչ միայն Երևանում և Բաքվում ծրագրված հանդիպումների օրակարգը։ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ծրագրերում անհանգստացնող դրույթներ չկան։
«Ես հուսով եմ, որ ատոմակայանի նոր ծրագրեր կստորագրվեն, քանի որ Թրամփը հստակ ասաց՝ Հայաստանի հետ խաղաղ միջուկային ծրագրերի հետ կապված կստորագրեն պայմանագիր։ Որքան հասկացա, խոսքը գնաց նաև կիսահաղորդիչների մասին։ Այստեղ էլ ամերիկյան խոշորագույն ընկերությունները հիմա համագործակցում են։ Հայաստանի դեպքում այս երկու ծրագրերը նա նշեց։ Ադրբեջանի դեպքում խոսեց նրա մասին, որ զարգացնում են ռազմավարական նշանակություն համագործակցությունը և պաշտպանողական տեխնիկա կուղարկեն Ադրբեջանին։ Խոսքը ոչ թե զենք-զինամթերքի մասին է, ասացին, որ զրահաբաճկոններ կտան և նավակներ։ Պարզ է, նավակները կապված է Կասպից ծովի հետ․ Իրան-Ադրբեջան հարաբերությունների հետ։ Տալիս են, որ Ադրբեջանը կարողանա է՛լ ավելի պաշտպանել իր ծովային սահմանները։ Բայց պետք է ասեմ, որ այն փաստը, որ Վենսը գնում է նաև Ադրբեջան, շատ բանի մասին է խոսում։ Ադրբեջանն էլ լավ էլ օգտագործում է պահը ու ակտիվ աշխատում է Միացյալ Նահանգների հետ»։
Նախագահ Թրամփը, այնուամենայնիվ, Դի Վենսի այցի համար շեշտը դրել է խաղաղության ամրապնդման և բարգավաճման ծրագրերի վրա։ Հայաստանյան վերլուծական դաշտում նեթադրում են, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցի ընթացքում էլ հնարավոր է ստորագրվի TRIPP-ին առնչվող առաջին փաստաթուղթը։ Հայաստանի արտգործնախարարը 2025-ի տարեվերջին համոզված էր, որ այդ փաստաթուղթը շաբաթների ընթացքում պատրաստ կլինի։




