
Ալբերտ Ավետիսյան
«Ռադիոլուրի» համար
Ադրբեջանի վերահսկողությանն անցած Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերում մնացել են բռնի տեղահանված հայերի բազմաթիվ գերեզմաններ։ Դրանցից շատերը մնացել են առանց գերեզմանաքարի, քանի որ հուղարկավորությունները եղել են տեղահանման վերջին օրերին։ Այս հարցը հանգիստ չի տալիս հանգուցյալների հարազատներին, որոնք արդեն մի քանի անգամ կառավարության դիմաց ակցիաներով ակնկալիք են հայտնել, որ կատարվի արտաշիրմում, ու գերեզմանները կտեղափոխվեն Հայաստանի տարածք։ Զգայուն այս խնդիրը հումանիտարից զատ՝ նաև քաղաքական բանակցությունների ու միջպետական կարգավորումների դաշտում է։
Արտաշիրմել այն աճյունները, որոնք հուղարկավորված են Լեռնային Ղարաբաղում՝ առանց գերեզմանաքարի մնացած գերեզմաններում․ կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիների պահանջն է ու ակնկալիքը, ինչը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ներկայացնում է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը, ով համակարգում է ակցիան։
«Արտաշիրմում ենք պահանջում, որովհետև կահավորված գերեզմաններ չեն։ Արտաշիրմում ենք պահանջում, որ բերեն այստեղ, ու խնկարկելու տեղ ունենանք, հավուր պատշաճի վերաբերմունք լինի զոհված հարազատների նկատմամբ»։
Ռուզաննա Ստեփանյանն ասում է՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից տեղահանումից հետո հողածածկ բազմաթիվ գերեզմաններ են մնացել Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում։
«Բազմաթիվ զոհեր ունեցանք, և այդ գերեզմաններն այդպես էլ այս մարդիկ չկարողացան կահավորել։ Այնքանով, որքանով հասցրին հողը փորել, հուղարկավորել և դուրս գալ Արցախից»։
Ակցիայի մասնակիցները Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության քաղաքական հայտարարության տողերում ակնկալում են տեսնել նաև մարդասիրական այս հարցին անդրադարձ ու լուծում։
«Հիմա քանի որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ խաղաղության դարաշրջան է, առևտուր են սկսել անել , ինչու՞ այդ հումանիտար հարցը չի լուծվում։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ չենք կարող վերադառնալ Արցախ։ Եթե այս պահին չենք կարող վերադառնալ, ուրեմն այդ շիրիմները չենք կարող թույլ տալ, որ մնան։
Ակցիայի մասնակիցները քանիցս դիմել են կառավարությանը և ԱԳՆ-ին։ Արտաքին գործերի գերատեսչությունը դեռ երկու տարի առաջ փոխանցել է, որ զբաղվում են այս հարցով։ Կառավարության բակում հավաքված մարդիկ դեռ սպասում են այդ լուծմանը։
ԱԳՆ-ից «Ռադիոլուրին» առաջարկեցին հարցի առնչությամբ դիմել կառավարություն կամ համապատասխան իրավասու մարմնին։ Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ հարցն իրենց իրավասության ներքո չէ։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է, որ բարձրացված հարցը վաղուց է հանրային քննարկման թեմա։ Շեշտում է, որ իրենք ունեն միջնորդի դեր և այս փուլում սպասում են կողմերի հստակ որոշումներին։
«Մենք դրա մասին խոսել ենք նախկինում, որ նման հարցերում ԿԽՄԿ-ն լսում է ընտանիքներին, այսինքն՝ թեման, որպես մասնակցի իրական խնդիր, մենք ընկալում ենք, հասկանում ենք։ Դա մի փոքր այլ հարթության մեջ է գտնվում՝ որոշումներ կայացնելու համապատասխան իշխանությունների միջև։ Շատ բարդ հարց է, որը ավելի շատ քաղաքական բանակցային հարթակում է»։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչն ասում է, որ այսպիսի հարցերը լուծվում են երկու կողմերի համատեղ որոշումներով։
Որքանո՞վ է այս հարցը քննարկվել կամ դիտարկվել հայ-ադրբեջանական քննարկումներին՝ հումանիտար հարցերի ընդհանուր շրջանակում։ Վարչապետ Փաշինյանը քանիցս խոսել է հումանիտար հարցերի մասին՝ դրանք բնորոշելով որպես խիստ զգայուն ու շեշտել, որ դրանք արծարծվում են բոլոր հնարավոր շրջանակներում։
«Կան հարցեր, որոնք գերզգայուն են։ Սկզբնական շրջանում մեր ընկալումն այն էր, որ մենք պետք է գերզգայուն հարցերը լուծենք, որպեսզի հասնենք խաղաղության։ Հետո մենք հասկացանք, որ եթե մենք այս մարտավարությունը որդեգրենք, երբեք չենք հասնի խաղաղության»։
ՀՀ օրենքն ունի կարգավորումներ վերահուղարկավորության առումով․ «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքով՝ մահացածի հարազատների ցանկությամբ մահացածի մարմինը (աճյունը) կարող է վերահուղարկավորվել կառավարության սահմանած կարգով: Սակայն այս իրավիճակում պետք են միջպետական իրավական լուծումներ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար հարցերը կարգավորելու նպատակով։
Միջազգային իրավական պրակտիկան ոչ մի դեպքում չի կապում արտաշիրմումը տարածքի իրավական կարգավիճակի հետ։ Սա դիտարկվում է մարդասիրական և իրավական հարց, այլ ոչ թե քաղաքական։ Վերահուղարկավորությունը դիտվում է մարդասիրական քայլ, որն իրագործման ենթակա է զինված հակամարտություններից, բռնի զտումներից հետո։
Միջազգային փորձը հիմնվում է Ժնևյան կոնվենցիաների, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների վրա։
Օրինակ՝ Սերբիայի վերահսկողության տակ եղած տարածքներում հուղարկավորված ալբանացիների աճյունների հարցով ևս նման նախադեպ է եղել։ ՆԱՏՕ-ի միջամտությամբ իրականացվել են արտաշիրմումներ, դատաբժշկական փորձաքննություններ և վերահուղարկավորումներ։ Գործընթացը համակարգել են ՄԱԿ-ի, Կարմիր խաչի և տեղական կառույցները։ Ընդ որում, այս պարագայում արտաշիրմումը դիտարկվել է որպես պատերազմական հանցագործությունների փաստագրման միջոց։
Միջազգային իրավունքի նորմերը հաշվի առնելով՝ կառավարության դիմաց հավաքված քաղաքացիներն իրենց պահանջ-խնդրանքը լսելու խնդրանքով դիմեցին նաև Ֆրանսիայի դեսպանատուն՝ փոխանցելով ակցիայի մասնակիցների ստորագրած նամակը։ Նրանք ակնկալում են իրենց հարազատների մասունքների պահպանություն և վերահուղարկավորման հարցերի լուծում։




