ԱՄՆ-ի կողմից սառեցված ռուսական ակտիվները «կարելի էր օգտագործել» Ուկրաինայում պատերազմի հետևանքով ավերված տարածքների վերականգնման համար,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա այս կերպ է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված Խաղաղության խորհրդին միանալու առաջարկը։
Պուտինը նշել է, որ «մտածում է» խորհրդին ուղղել ԱՄՆ-ում նախորդ վարչակազմի օրոք սառեցված ակտիվներից 1 մլրդ դոլարը։
«Ի դեպ, մեր իսկ՝ ԱՄՆ-ի կողմից սառեցված ակտիվներից մնացած միջոցները նույնպես կարելի կլիներ օգտագործել ռազմական գործողությունների ընթացքում տուժած տարածքների վերականգնման համար՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։ Այդ հնարավորությունը մենք նաև քննարկում ենք ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը։




