ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներՏեսանյութեր

Թրամփի երկրորդ նախագահության մեկ տարին

Աշխարհակարգի փոփոխություն

Ճիշտ մեկ տարի առաջ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը ստանձնել է 47-րդ նախագահի պաշտոնը՝ նա ոչ թե վերընտրվել է, այլ մեկ ժամկետ սպասել և նորից է ընտրվել: Ընդ որում հաջողացրել է երկու անգամ ենթարկվել իմպիչմենտի:

Նրա ընտրությամբ փոխվել է գրեթե ամբողջ աշխարհակագրը: Որո՞նք են արտաքին ասպարեզում Թրամփի երկրորդ պաշտոնավարման առաջին տարվա առավել կարևոր նախաձեռնությունները: Նրա կարգադրությամբ ԱՄՆ դուրս է եկել տասնյակ միջազգային պայմանագրերից:

Նա մի քանի անգամ դառնացած ասել է, որ կարողացել է դադարեցրել ութ պատերազմ, բայց Նոբելյան մրցանակ այդպես էլ չի ստացել: Ինչ է այսօր նա մտածում այդ մրցանակի մասին:

«Ինձ չի հետաքրքրում Նոբելյան մրցանակը»

Թրամփը թեմային անդրադարձել է Դավոս՝ Համաշխարհային տնտեսական ֆորումին մեկնելու ճանապարհին: Նա հիշեցրել Է, որ Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր, Վենեսուելայի ընդդիմության լիդեր Մարիա Մաչադոն իրեն Է փոխանցել մրցանակը:

«Ոչ, ինձ չի հետաքրքրում Նոբելյան մրցանակը, նախ մի շատ պատվելի կին ինքն է զգացել, որ ես արժանի եմ դրան և ցանկացել է ինձ տալ Նոբելյան մրցանակը, ես իսկապես դրանով հետաքրքրված չեմ, միակ բանը, որի մասին մտածում եմ՝ մարդկանց կյանքը փրկելն է»,- ասել է ԱՄՆ ղեկավարը:

Որոնք են Թրամփի հիշատակած ութ պատերազմները

Դառնանք նախագահ Թրամփի աշխատանքին 2025-ի հունվարի 20-ից ցայսօր: «Նա ութ ամսում ութ պատերազմ է դադարեցրել»,- պնդում են 47-րդ նախագահի աջակիցները և գաղափարակիցները:

«Խաղաղության նախագահ»՝ Թրամփի մասին ասվում է ԱՄՆ արտաքին գերատեսչության X-ի էջում:

Ահա այդ կոնֆլիկտները՝ Իսրայել և Իրան, Պակիստան և Հնդկաստան, Ռուանդա և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Թաիլանդ և Կամբոջա, Եգիպտոս և Եթովպիա, Սերբիա և Կոսովո, վերջինն էլ՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատերազմն է Գազայում:

2025-ի օգոստոսի 8-ի եռակողմ Հռչակագիրը

Բայց ցուցակում կա մեզ համար բառիս բուն իմաստով ճակատագրական և դարակազմիկ նշանակության հակամարտություն՝ հայ-ադրբեջանական պատերազմը:

Ավելի քան հինգ ամիս առաջ Վաշինգտոնում՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ու մասնակցությամբ, գործնական քայլ են արել արյունալի առճակատման դադարեցման ուղղությամբ.՝ստորագրել են համատեղ Հռչակագիրը:

Ընդգծենք, խոսքը հռչակագրի, այլ ոչ թե պայմանագրի մասին է, սակայն այդ հռչակագրով է դրվում վերջնական փաստաթուղթը կնքելու հիմքը:

Փաշինյանը և Ալիևը շնորհակալություն են հայտնում Թրամփին

Նախագահ Թրամփն իրեն հատուկ վստահությամբ հայտարարել է, թե կոնֆլիկտ այլևս չկա:

«35 տարի նրանք կռվել են, իսկ հիմա դարձել են բարեկամներ և այդ բարեկամությունը երկար կտևի»,- ասել է Թրամփը:

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները շնորհակալություն են հայտնել նրան՝ այս գործընթացն առաջնորդելու համար:

Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ առճակատման էջը կփակվի, և լուսավոր ապագայի հեռանկար կբացվի երկու երկրների երեխաների համար:

«Երջանիկ եմ, որովհետև այսօր մենք նոր նշանակալից պատմություն ենք կերտում, շնորհակալ եմ Ձեզ, պարոն նախագահ, այն ամենի համար, ինչ անում ենք մեր տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար»,- ասել է Ալիևը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին և նրա թիմին այս շրջադարձային համաձայնությունը կայացնելու համար: Մենք մեծ արդյունքի ենք հասել, սա մեր երկրների և մեր տարածաշրջանի հաջողությունն է և հաջողություն է աշխարհի համար, քանզի ավելի խաղաղ տարածաշրջանը նշանակում է ավելի ապահով աշխարհ»,- ասել է Փաշինյանը:

Ահա այսպիսի կացություն է աշխարհում Թրամփի երկրորդ նախագահության առաջին տարում. ութ կոնֆլիկտներ, որոնք չի կարելի համարել ամբողջությամբ կարգավորված, Գրենլանդիայի շուրջ ի հայտ եկած նոր մտահոգությունները, Ուկրաինայի շարունակվող պատերազմը:

Եվ այնուամենայնիվ մոլորակի բոլոր անհանգիստ ու հրդեհված տարածքներում ժողովուրդները խաղաղություն են ուզում, ասելով «Թող արժանին ստանա խաղաղության մրցանակը»: Իսկ ժողովուրդների համար իսկական մրցանակը հենց խաղաղությունն է: Այդ մասին են երազում նաև Հարավային Կովկասում:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները 2025 թվականի օգոստոսին՝ Վաշինգտոնի հանդիպումից հետո, ասել են, որ կառաջարկեն Նոբելյան Խաղաղության մրցանակը շնորհել ԱՄՆ նախագահին և համատեղ հայտը դեկտեմբերին են փոխանցել Նոբելյան կոմիտեին:

Կարդացեք նաև

Back to top button