
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլն արձագանքել է վիզայի պատճառով Եվրոպայի առաջնությանը հայ գեղասահորդների չմասնակցելու խնդրին։
Ալեքսանդրա Քոուլը ուղերձ է տարածել, որը հրապարակվել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության ֆեյսբուքի էջում։
«Ափսոսանքով տեղեկացա, որ հայ գեղասահորդները չեն կարողացել մասնակցել Շեֆիլդում անցկացվող Եվրոպայի առաջնությանը։ Պատկերացնում եմ՝ որքան հիասթափեցնող էր դա մարզիկների համար։
Այս իրավիճակի մասին առաջին անգամ տեղեկացա սոցիալական մեդիայից՝ բացառապես նրանից հետո, երբ մարզիկներն արդեն ստիպված էին եղել չեղարկել իրենց ճամփորդությունը։ Դրանից հետո մենք անմիջական կապի մեջ ենք եղել Գեղասահքի ֆեդերացիայի և Միացյալ Թագավորության վիզաների և ներգաղթի ծառայության (UKVI) հետ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել։
UKVI-ից ինձ ասացին, որ վիզաներն արդեն տրամադրվել են, սակայն հասկանում եմ, որ սա փոքր մխիթարանք է՝ հաշվի առնելով բաց թողնված առաջնությունը։
Թեև Բրիտանական դեսպանատունը Երևանում որևէ կերպ չի առնչվում կամ զբաղվում վիզաների դիմումների հարցերով և չի կայացնում դրանց վերաբերյալ որևէ որոշում, նման հատուկ դեպքերում մենք պատրաստ ենք հնարավորության սահմաններում աջակցել՝ տրամադրելով գործընթացի վերաբերյալ ուղղորդումներ»,-մասնավորապես նշել է դեսպանը՝ խրախուսելով բոլոր ճամփորդողներին Միացյալ Թագավորության վիզայի համար դիմել հնարավորին շուտ։
Նրա խոսքով՝ ստանդարտ ընթացակարգը տևում է նվազագույնը 15 աշխատանքային օր, իսկ ծանրաբեռնված ժամանակահատվածներում կամ պետական տոների շրջանում այն կարող է ավելի երկար տևել։
«Ժամանակի սղություն ունեցող ուղևորությունների համար՝ օրինակ մրցաշարերի կամ միջոցառումների, խնդրում եմ նախապես բավարար ժամանակ նախատեսել դիմելիս։
Շուտով սպասվող Երևան-Լոնդոն նոր ուղիղ չվերթների մեկնարկով ակնկալում եմ, որ Հայաստանից ավելի շատ մարդիկ կայցելեն Միացյալ Թագավորություն՝ զբոսաշրջության, ընտանիքի այցելությունների կամ գործնական նպատակներով
ՄԹ-ն վիզաների տրամադրման բարձր ցուցանիշ ունի և ջերմորեն ողջունում է հայ այցելուներին»,-հավելել է Քոուլը։
Ավելի վաղ՝ Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիան հայտարարել է, որ ազգային հավաքականի գեղասահորդները չեն մասնակցի Մեծ Բրիտանիայում անցկացվող Եվրոպայի Առաջնությանը մուտքի վիզան սահմանված ժամկետում չստանալու պատճառով։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, «Արմենպրես»—ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով վիզայի աջակցություն ստանալու հարցով չի դիմել:
Փոխնախարար Հասմիկ Ավագյանը նշել է, որ ֆեդերացիաներից համապատասխան գրություն ստանալու պարագայում այն դիտարկում է և ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ միջնորդություն է ներկայացնում Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությանը՝ մուտքի արտոնագիր (վիզա) ստանալու նպատակով (անհրաժեշտության դեպքում կիրառելով նաև արագացված ընթացակարգ):
Նախարարությունից ընդգծել են, որ նախկինում՝ 2025 թ., 2024 թ. և 2023 թ.-ին Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան նման գրություններ ներկայացրել է ԿԳՄՍ նախարարություն, որոնց տրվել է համապատասխան ընթացք:




