
Սոնա Հակոբյան
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում տիրող բազմաթիվ բռնությունների և ապօրինությունների փաստը հնարավոր եղավ բացահայտել բացառապես ԶԼՄ-ների ակտիվ գործունեության արդյունքում, այսօր նշել է փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Նրա տեղեկացմամբ քննությունն այժմ վարում է Երևանի քննչական կոմիտեն։
Թվում է, թե հարուցված քրեական գործի շրջանակներում, պետք է որ առաջադրվեր համապատասխան մեղադրանք և մեղավորները ենթարկվեին պատասխանատվության: Այնինչ անցել է արդեն 7 ամիս, բայց ոչ միայն մեղավորները չեն պատժվել, այլև մեղադրանք անգամ չի առաջադրվել: Միակ փոփոխությունը, որ եղել է այս ամիսների ընթացքում, քննիչների փոփոխությունն է, ասում է փաստաբանը։
«Իմ ունեցած տեղեկություններով շատ փաստեր են հայտնաբերվել: Սակայն մեղադրանք չի առաջադրվել: Քննիչներն էլ ասում էին, որ քանի որ փաստերը բավականին շատ են, պատրաստվում են ծավալուն մեղադրանք առաջադրել:Սակայն վերջին 4 ամիսների ընթացքում, քանի որ քննիչներ փոխվեցին, բոլոր քննիչների պատասխանը հետևյալն էր՝ նոր ենք ստացել գործը, ծանոթանում ենք նյութերին և այս պահին չենք կարող տեղեկություն տրամադրել ընթացքի մասին»,- պատմեց Տիգրան Հայրապետյանը։




