
Վերջին շրջանում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նամակներ է ստանում իրենց երեխաների անվտանգությամբ մտահոգված քաղաքացիներից, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը` մանրամասնելով, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է 𝗥𝗼𝗯𝗹𝗼𝘅 խաղային հարթակին։
Կցանկանայի այս հարթակով երկխոսություն ունենալ ծնողների, մանկավարժների հետ և իմանալ ավելին իրենց մտահոգությունների մասին, որոնք առաջանում են, երբ երեխաներն օգտագործում են այնպիսի խաղային հարթակներ և խաղեր, ինչպիսին են 𝗥𝗼𝗯𝗹𝗼𝘅-ը, 𝗠𝗶𝗻𝗲𝗰𝗿𝗮𝗳𝘁-ը, 𝗕𝗿𝗮𝘄𝗹 𝗦𝘁𝗮𝗿𝘀-ը, 𝗙𝗼𝗿𝘁𝗻𝗶𝘁𝗲-ը, 𝗣𝗨𝗕𝗚-ին և այլն։ Գոյություն ունեն տարբեր գնահատականներ նմանատիպ խաղերի ստեղծագործական առավելությունների և, միևնույն ժամանակ, վնասակար սովորությունների և տարաբնույթ վտանգների վերաբերյալ։ Ցանկանում եմ ավելի շատ կարծիքներ ստանալ ծնողների մոտեցումների և մտահոգությունների մասին, և արդյունքում կփորձենք մեր իրավասությունների շրջանակներում նվազեցնել այդօրինակ ռիսկերը՝ երեխաների համար ավելի անվտանգ թվային միջավայրի ձևավորմանը միտված մեր աշխատանքների շրջանակում։
Նախարարը խնդրել է մեկնաբանությունների հատվածում գրել մտահոգությունները և դիտարկումները։
Ստացված արձագանքների հիման վրա նախարարը խոստացել է կազմակերպել հանդիպում և անցկացնել ավելի լայն քննարկում՝ տարբեր գերատեսչությունների գործընկերների, ծնողների և մասնագետների մասնակցությամբ։




