
Չորս գերիների վերադարձը և Սիրիային երկու վարձկանի փոխանցումը իրար հետ կապ չունեն, այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ: Մենք հույս ունենք, որ մեր բարեկամական որոշումը Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը նպաստավոր կդարձնի»,- ասել է նա:
Ադրբեջանը հունվարի 14-ին Հայաստանին է վերադարձրել 4 գերիների։ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին:
Հունվարի 14-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանը Թուրքիայի միջոցով Սիրիային է փոխանցել ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին։ Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացիները ՀՀ զինված ուժերի կողմից գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նրանց մեղադրանքներ էին առաջադրվել վարձկանության, միջազգային ահաբեկչության հոդվածներով։




