
Այսօր Երևանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան շենքի դիմաց, տեղի է ունեցել բողոքի ակցիա։ Ակցիայի մասնակիցները հավաքվել են՝ արտահայտելու իրենց մտահոգությունն ու դժգոհությունը Իրանում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ։
Ցուցարարները ունեցել են պաստառներ տարբեր կոչերով և հնչեցրել են կարգախոսներ՝ պահանջելով դադարեցնել բռնությունները և ապահովել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։
Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշել է․ «Մենք այստեղ ենք, որպեսզի մեր ձայնը լսելի դարձնենք և ցույց տանք, որ անտարբեր չենք Իրանում տեղի ունեցողի նկատմամբ»։
Մեկ այլ ցուցարարի խոսքով՝ ակցիայի նպատակն է նաև միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել իրավիճակի վրա․ «Խոսքը քաղաքական շահերի մասին չէ, խոսքը մարդկանց կյանքի և իրավունքների մասին է», — ասել է նա։
Ակցիայի մասնակիցները ընդգծել են, որ իրենց գործողությունը խաղաղ է և ուղղված է բացառապես հանրային ուշադրության ձևավորմանը։ «Մենք չենք կոչ անում բռնության, մեր միակ պահանջը արդարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունն է», — նշել է ակցիայի մեկ այլ մասնակից։
«Մենք նախորդ ակցիաների ժամանակ ռեֆորմ էինք պահանջում, հիմա կառավարող համակարգի փոփոխություն ենք ուզում։ Շահի վերադարձ ենք ուզում»,- իր պահանջն էլ այդպես է ձեւակերպել մեկ այլ մասնակից։
Իրանում կապի խափանումների ու սահմանափակումների հետեւանքով իրարամերժ տեղեկություններ կան բողոքի ցույցերի ընթացքում սպանված մարդկանց թվի մասին։ Ակցիայի մասնակիցները սարսափելի ու խիստ մտահոգիչ են գնահատել երկրում ստեղծված իրավիճակը։ Ցույցն անցել է խաղաղ պայմաններում։
Տարածքում ներկա են եղել ոստիկանության ծառայողները՝ հասարակական կարգի պահպանման նպատակով։ Միջադեպեր չեն արձանագրվել։




