
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանում ցուցարարներին գրավել կառավարական շենքերը։ Նա այդ մասին հայտարարել է իր Truth Social սոցիալական ցանցի էջում։
«Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքել՝ գրավեք ձեր կառավարական շենքերը!!! Հիշեք մարդասպանների և բռնություն կիրառողների անունները։ Նրանք թանկ կվճարեն։ Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները դադարեցվեն։ Օգնությունը ճանապարհին է», — ասել է Սպիտակ տան նախագահը։
Թրամփն իր ուղերձն ավարտել է «MIGA» հապավումով, որը նշանակում է «Make Iran Great Again»։
Ավելի վաղ Միացյալ Նահանգները կոչ էր արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը։ Ամերիկացիներին նաև խորհուրդ է տրվել մտածել Իրանից ցամաքային ճանապարհով հեռանալու մասին՝ Հայաստանով կամ Թուրքիայով։
Իրանում հակակառավարական բողոքի ցույցերը շարունակվում են 2025 թվականի դեկտեմբերի 28-ից: Սկզբում բնակիչները բողոքում էին տեղական արժույթի արժեզրկման ֆոնին առաջացած ֆինանսական ճգնաժամի դեմ, սակայն ցուցարարների տնտեսական պահանջները շուտով զիջեցին քաղաքական պահանջներին։
Բողոքի ցույցերը տարածվել են երկրի 25 նահանգների ավելի քան 60 քաղաքներում: Ամենամեծ հանրահավաքները տեղի են ունենում Թեհրանում, ինչպես նաև Իրանի արևմտյան և հարավարևմտյան Մալեքշահի, Քերմանշահ և Լորդեգան քաղաքներում: Իշխանությունները սկսել են ճնշել բողոքի ցույցերը, սակայն չկա հավաստի տեղեկատվություն այն մասին, թե ինչ է կատարվում. ինտերնետը մի քանի օր է, ինչ անջատված է։
Նորվեգիայում գործող «Իրանի մարդու իրավունքներ» (IHR) կազմակերպության տվյալներով՝ հունվարի 12-ի դրությամբ բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 648 մարդ։ Այնուամենայնիվ, որոշ գնահատականներով՝ զոհերի թիվը հասնում է հազարների։




