
RFI-ն՝ Ֆրանսիական միջազգային ռադիոն, եթովպական ջազին նվիրված Éthiopiques շարքի հերթական համարը նվիրել է Ներսես Նալբանդյանին։
«Ի՞նչ կասեք, եթե Ադիս Աբեբայում ծնված եթովպական ջազին այդքան հատուկ փողային գործիքները իրականում ունենան… հայկական ծագում։ Համենայն դեպս, գործիքավորման, եթե ոչ ներշնչանքի առումով»,- նշում է RFI-ն՝ սկսելով Ներսես Նալբանդյանի մասին պատմությունը։
Նրան որակում է եթովպական երաժշտության պատմության «ստվերային կերպար, որը շարունակում է ապրել երկրի ձայնային հիշողության մեջ»։
Իսկ ամեն ինչ սկսվել է 1924 թվականին, երբ Եթովպիայի վերջին կայսր Հայլե Սելասիեն Երուսաղեմում հայտնաբերում է փողային նվագախումբը, որտեղ նվագում էին Հայոց ցեղասպանությունից փրկված որբ երեխաներ։ Հմայվելով նրանց կատարումներով՝ կայսրը նրանց տանում է Ադիս Աբեբա, վերցնում իր հոգատարության տակ եւ «քառասուն մանկանց» միջոցով ձեւավորում թագավորական փողային նվագախումբը։
Հենց այս նվագախումբն է իր մասնակցությունը բերում եթովպական ժամանակակից երաժշտության ստեղծման գործում։ Երիտասարդ նվագախմբի ղեկավար Գեւորգ Նալբանդյանին է կայսրը հանձնարարում գրել Եթովպիայի ազգային օրհներգը, որը պետական հիմն էր մինչեւ 1974 թվականը՝ մարքսիստական հեղափոխությունը։
Գեւորգի եղբորորդի Ներսես Նալբանդյանը 1930-ականների վերջին գալիս է Եթովպիա։
Հենց նա՝ տաղանդավոր գործիքավորողն ու դիրիժորն էլ դառնում է եթովպական ժամանակակից երաժշտության ճարտարապետներից մեկը։ Նրա գործիքավորումներն են հնչում Կայսերական թատերական նվագախմբի կատարմամբ։
Հայլե Սելասիե Առաջին կայսրը հենց Ներսես Նալբանդյանին է պատվիրում գրել «Աֆրիկա» ստեղծագործությունը, որը 1963 թվականին հնչում է Աֆրիկայի միացյալ կազմակերպության հիմնադրման արարողության ժամանակ։ Իսկ արդեն 1977 թվականին՝ իր մահից քիչ առաջ, նա եթովպական պատվիրակության կազմում Նիգերիայում մասնակցել է Համաաֆրիկյան մշակույթի եւ արվեստի փառատոնին։




