ԿարևորՄիջազգային

Իսրայելը պաշտոնապես ճանաչել է Սոմալիլենդը որպես անկախ պետություն

Իսրայելը դարձել է առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչել է ինքնահռչակ Սոմալիլենդի Հանրապետությունը որպես անկախ և ինքնիշխան պետություն։

Համապատասխան որոշումը հրապարակվել է ուրբաթ օրը և կարող է էական ազդեցություն ունենալ տարածաշրջանային քաղաքական հավասարակշռության վրա։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է անհապաղ համագործակցել Սոմալիլենդի հետ գյուղատնտեսության, առողջապահության, տեխնոլոգիաների և տնտեսության ոլորտներում։

Նա շնորհավորել է Սոմալիլենդի նախագահ Աբդիրահման Մոհամեդ Աբդուլլահիին և պաշտոնական այցով նրան հրավիրել Իսրայել։

Նեթանյահուն նշել է, որ փոխադարձ ճանաչման հռչակագիրը «համապատասխանում է Աբրահամի համաձայնագրերի ոգուն», որոնք ստորագրվել են 2020 թվականին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջնորդությամբ։

Փաստաթուղթը ստորագրել են Նեթանյահուն, Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը և Սոմալիլենդի նախագահը։

Սոմալիլենդի նախագահը հայտարարել է, որ երկիրը կմիանա Աբրահամի համաձայնագրերին՝ ընդգծելով խաղաղության, գործընկերության և տարածաշրջանային կայունության կարևորությունը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։

Սոմալիի կառավարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի քայլը՝ այն որակելով որպես «անօրինական» և իր ինքնիշխանության դեմ ուղղված քայլ։ Սոմալիի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ դիվանագիտական և իրավական միջոցները՝ իր տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանները պաշտպանելու համար։

Կարդացեք նաև

Back to top button