2026 թվականի առաջին օրը Հայաստանի քաղաքացիները կարթնանան ապահովագրված։ Երկար տարիներ քննարկված ու մի քանի անգամ հետաձգված «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքը 2026-ի առաջին նվերն է կառավարությունից Հայաստանի շուրջ մեկուկես միլիոն բնակիչներին։
Եթե բացենք սպասված նվերի տուփը, կտեսնենք, որ դրա համար տարեկան վճարելու ենք 129 600 դրամ։ Համակարգի ներդրման առաջին փուլում՝ 2026-ին, կառավարությունը մեր փոխարեն կվճարի ամբողջ գումարը կամ դրա մեծ մասը։
Հունվարի 1-ից առաջնահերթորեն կապահովագրվեն մինչև 18 տարեկան երեխաները, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող անձինք, սոցիալական անապահովության 28 բալ և ավելի ունեցող անձինք, զոհված զինծառայողների ընտանիքները և 65 տարեկանից բարձր անձինք։ Այս խմբերի ապահովագրության գումարն ամբողջությամբ կվճարի պետությունը։
2026-ի հունվարի մեկից ապահովագրության պարտադիր համակարգ կներառվեն նաև 2025 թվականի նոյեմբերի դրությամբ 200 հազար մեկ դրամից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Նրանց համար ևս 2026-ին պետությունը կվճարի գումարի մեծ մասը։




