
Չորեքշաբթի տաջիկա-աֆղանական սահմանին զինված բախում է տեղի ունեցել տաջիկ սահմանապահների և Աֆղանստանից երկիր ներթափանցած երեք «ահաբեկիչների» միջև, հաղորդում է տաջիկական պետական «Խովար» լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի սահմանապահ զորքերի մամուլի ծառայության հայտարարությանը:
«Ահաբեկիչները չեն ենթարկվել տաջիկ սահմանապահների հանձնվելու հրամանին և զինված դիմադրություն են ցույց տվել: Նրանք մտադիր էին զինված հարձակում իրականացնել սահմանային կետերից մեկի վրա»,-հաղորդում է Տաջիկստանի սահմանապահ զորքերի մամուլի ծառայությունը:
Հրաձգության ժամանակ սպանվել են տաջիկ երկու սահմանապահ և աֆղան երեք զինյալները: Աֆղանցիների մոտ հայտնաբերվել են երեք M-16 հրացան, մեկ Կալաշնիկով ինքնաձիգ, երեք խլացուցիչով ատրճանակ, 10 ձեռքի նռնակ, գիշերային տեսողության սարք, պայթուցիկ նյութեր և այլ զինամթերք: Սահմանապահների տվյալներով՝ աֆղանա-տաջիկական սահմանին իրավիճակը ներկայումս «հանգիստ» է։
Ըստ Տաջիկստանի սահմանային ծառայության՝ սա վերջին ամսվա ընթացքում արդեն երրորդ դեպքն է, երբ Աֆղանստանից եկած զինյալները կրակ են բացում սահմանի վրա:




