
Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով կեղծ դատավարությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօրվա դատական նիստում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը շարունակել է իր եզրափակիչ խոսքը և իրեն մեղավոր չի ճանաչել
Մնացականյանը նշել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմի գործողությունները միայն պաշտպանողական են եղել։ ՊԲ նախին հրամանատարը պնդել է, որ պաշտպանության բանակը երբեք չի թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Լևոն Մնացականյանը շեշտել է, որ արցախյան առաջին մարտերին չի մասնակցել Թունելի և Բաշլըբելի գործողություններին, որում Բաքուն իրեն մեղադրում է։
Դեկտեմբերի 22–ին Բաքվի դատարանում իր վերջին խոսքի ժամանակ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը նույնպես չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։
Բաքվում հայ գերիների գործով հաջորդ դատական նիստը դեկտեմբերի 25-ին է։
Ադրբեջանում Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը» ընթանում է հունվարի 17-ից: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատաքննությունը, որն ընթանում էր առանձին վարույթով, օրերս ավարտվել է։ Դատախազությունը պահանջում է նրան դատապարտել ցմահ ազատազրկման։ Ավելի վաղ նա հեռախոսազրույց էր ունեցել ավագ որդու հետ և փոխանցել, որ պատրաստվում է իր եզրափակիչ խոսքում ընդգծել՝ տեղի ունեցողը դատական գործընթաց չի համարում։
Տես նաև՝ Արցախի նախկին ղեկավարները Բաքվի դատարանում չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները




