Գերմանիայում շարունակվում է «Ադրբեջանի խավիարային դիվանագիտության» գործով դատավարությունը։ Մյունխենի Բարձրագույն երկրամասային դատարանը Բունդեսթագի նախկին պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ Աքսել Ֆիշերին կալանավորելու կալանքի օրդեր է տվել։ Ֆիշերը կասկածվում է Ադրբեջանից քանիցս կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ և, որպես ԵԽԽՎ-ում Գերմանիայից գործուղված պատգամավոր, Բաքվի շահերն առաջ տանելու մեջ։ «Ռադիոլուրը» Մյունխենի Բարձրագույն երկրամասային դատարանից նոր տեղեկություններ է ստացել։
Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» կոռուպցիոն սկանդալի գործով մեղադրվող Աքսել Ֆիշերը 7 տարվա դատական գործընթացներից հետո նախօրեին ձերբակալվել է։ Մյունխենի դատախազությունը վստահ է, որ դատարանն այս անգամ արդեն վերջնական վճիռ կկայացնի։ «Ռադիոլուրը» Մյունխենի Բարձրագույն երկրամասային դատարանից տեղեկացավ, որ Ֆիշերի գործով նոր ժամանակացույց է սահմանվել՝ մեկ ամսում՝ ընդհուպ 36 դատական նիստ՝ նախատեսված մինչև 2026 թվականի հունվարի 30-ը։
Դատարանը Ֆիշերին կալանավորելու որոշում է կայացրել, քանի որ անկախ բժշկական փորձաքննությունը փաստել է, որ նա առողջական խնդիրների պատճառաբանությամբ պարզապես խուսափել է դատական նիստերից։ Գերմանացի նախկին պատգամավորը ձերբակալվել է հենց հիվանդանոցում և տեղափոխվել Մյունխենի Շտադելհայմ բանտի քննչական մեկուսարան։ Թեև նրա պաշտպանները բողոքարկել են դատարանի որոշումը, և նախկին պատգամավորը կրկին պնդել է իր անմեղությունը, սակայն առնվազն մինչև առաջիկա նիստը մեղադրյալը կմնա կալանքի տակ։
Ով է Ֆիշերն, ու ինչով է գործն ուշագրավ․ահռելի կաշառք՝ Ադրբեջանի շահերը պաշտպանելու դիմաց
Աքսել Ֆիշերը 1998-ից մինչև 2021-ը եղել է Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր, իսկ 2010-ից՝ նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ։ Քրեական գործը նրա դեմ հարուցվել է 2018-ին սկսված հետաքննության արդյունքում, երբ բացահայտվեց, որ ԵԽԽՎ մի շարք անդամներ Ադրբեջանի իշխանություններից կաշառք են ստացել՝ այդ երկրի քաղաքական շահերը եվրոպական կառույցներում առաջ մղելու համար։
Քննության համաձայն՝ Ֆիշերը դեռ 2011-ից ԵԽԽՎ-ում գումարի դիմաց գործել է Բաքվից ստացած ցուցումներով՝ դրական ելույթներ Ադրբեջանի քաղաքականության վերաբերյալ, ներքին, գաղտնի փաստաթղթերի փոխանցում և քվեարկություն՝ հօգուտ Բաքվի ազդելու վեհաժողովի որոշումների վրա և սեփական խմբագրումը մտցնելու ընդունվող բանաձևերում։
Ըստ Մյունխենի դատախազության տվյալների՝ 2011-ից 2014 թվականներին Ֆիշերը ստացել է շուրջ 58 հազար եվրո, իսկ 2015–2016 թվականներին՝ ևս 26 հազար 300 եվրո։
Քաղաքական նշանակություն
Ֆիշերի գործը համարվում է Գերմանիայում քաղաքական կոռուպցիայի և օտարերկրյա ազդեցության ամենախոշոր դատական գործընթացներից մեկը։ Այն դիտարկվում է որպես փորձ՝ իրավական գնահատական տալու Եվրոպայում Ադրբեջանի լոբբիստական գործունեությանը, որը «խավիարային դիվանագիտություն» անունն է ստացել։
«Ռադիոլուրին» ավելի վաղ տրամադրվել է Մյունխենի գլխավոր դատախազության մեղադրական եզրակացությունը, որում բացառիկ մանրամասներ կան խավիարային գործարքների հանգամանքների, կոռուպցիոն սխեմաների մասին։ Փաստաթղթում առանձնակի կերպով հիշատակված է Հայաստանը։ Մեջբերում․
Մեղադրյալ Ֆ.-ն դեռ 2011 թվականի սկզբից ակտիվ գործունեություն է ծավալել ԵԽԽՎ-ում։ Էլխան Ս.-ի և Մուսլում Մ.-ի հետ կանխիկ վճարում ստանալու պայմանավորվածությամբ և նրանց պահանջով՝ պատգամավորը գործել է Ադրբեջանի շահերից ելնելով՝ լինի դա ելույթների, գաղտնի փաստաթղթերի վաղաժամկետ փոխանցման, թե քվեարկության տեսքով։
Մեղադրյալ Ֆ.-ն Էյխան Ս.-ից և Մուսլում Մ.-ից կանխիկ վճարումներ է ստացել առնվազն 2011-ից 2014 թվականներին՝ մի քանի փուլով՝ ընդհանուր առմամբ ստանալով 58 հազար եվրո։
2014 թվականի սեպտեմբերից մեղադրյալ Ֆ.-ն շարունակել է իր ստվերային գործակցությունը Էլխան Ս.-ի և Մուսլում Մ.-ի հետ։ Նոր համաձայնությամբ ստացել է 26,300 եվրո։ Ընդ որում՝ մասնաբաժինները շատ տարբեր են եղել՝ մի դեպքում 800, մեկ այլ դեպքում՝ 20 հազար եվրո։
Գերմանիայի պետական մեղադրողը փաստեր ունի, որ, համաձայն Ադրբեջանից ստացված հրահանգների՝ մեղադրյալ Ֆ.-ն ԵԽԽՎ-ում իրականացրել է առնվազն հետևյալ գործողությունները.
- 2015 թվականի հունվարին մեղադրյալը հանգուցյալ Շ.-ին առաջադրել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի անդամ, որպեսզի նա կարողանա այնտեղ հանդես գալ Ադրբեջանի անունից։
- 2015 թվականի օգոստոսի 19-ին մեղադրյալ Ֆ.-ն, որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցող, «Հայաստանի կողմից պարտավորությունների և հանձնառությունների կատարումը» վերնագրով գաղտնի զեկույցի առաջին նախագիծն էլեկտրոնային փոստով ուղարկել է Մուսլում Մ.-ին՝ հնարավորություն տալու նրան և Էյխան Ս.-ին՝ ազդել այս զեկույցի վրա։
- Արդեն 2016-ի հունվարի 26-ին մեղադրյալ Ֆ.-ն ԵԽԽՎ նիստում քվեարկում է ի շահ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» բանաձևի օգտին:
Մոտ 7արի ձգվող հետաքննությունը բարդանում է, քանի որ «Ադրբեջանական լվացքատուն» կոչվող կեղծ ընկերության միջոցով գումարի փոխանցման սխեմաները խճճված են ու տարածված տարբեր երկրներով․ Մյունխենի դատախազությունը հետաքննությանն աջակցելու հարցում է ուղարկել 15 երկիր։
Խավիարային դիվանագիտության գործով անցնում է նաև Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամ Էդուարդ Լինթները։ «Ռադիոլուրին» հայտնի են դարձել հանցավոր սխեմային առնչվող գործով անցնողների այլ անուններ ևս։ Մարկուս Լինթներ՝ Էդուարդ Լինթների որդին։ Էլլադա Մ՝ Վրաստան․ ազգային պատկանելությունն ու ազգանունն ամբողջությամբ չեն նշվում։ Կուրտ Յոզեֆ Ս․՝ Գերմանիա։
Ինչպես նշեցինք, ըստ Մյունխենի դատախազության նոր ժամանակացույցի, ակնկալվում է, որ Ֆիշերի գործով վճիռը կկայացվի մինչև հունվարի վերջ։ Նրա գործը քննվում է մյուսներից առանձին։




