
Սեռական շահագործման մեջ դատապարտված եւ մանկապղծության մեջ մեղադրվող ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի հետաքննության շրջանակում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովի դեմոկրատ անդամների հրապարակած փաստաթղթերի և լուսանկարների մեջ կան Ուկրաինայի, Ռուսաստանի և Չեխիայի քաղաքացիների անձնագրերի լուսանկարներ, հայտնում է Axios-ը։
Անձնագրերից բացի՝ հրապարակված հարյուրավոր նյութերի թվում կան լուսանկարներ, այդ թվում կանացի մարմնի վրա Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» վեպից ձեռագրով արված մեջբերումներ։ 20-րդ դարի գրականության մեջ ամենանշանակալի վեպերից մեկում կա նաեւ մանկահասակ աղջկա եւ հասուն տղամարդու միջեւ սեռական կապի պատմություն։
Հրապարակված են նաեւ լուսանկարներ, որտեղ Էփշտեյնը հանրային հայտնի դեմքերի, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի հետ է պատկերված։
Միաժամանակ, ինչպես նշում է Axios-ը, այդ լուսանկարներից ոչ մեկը չի պարունակում պատկերված անձանց կողմից հանցագործությունների կատարման ուղիղ ապացույցներ և չի ցուցադրում ակնհայտ բռնություն։
Հանձնաժողովի անդամները հայտնել են, որ շարունակում են նյութերը հրապարակել «թափանցիկության ապահովման նպատակով»։




