
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցնել 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 6,5 %: Գլխավոր դրամատանը արձանագրել են, որ 12–ամսյա գնաճը դանդաղել է՝ նոյեմբերին կազմելով մոտ 3 %։ Միջնաժամկետ հատվածում ԱՄՆ պետական պարտքի ավելացման պայմաններում երկարաժամկետ տոկոսադրույքների շուրջ անորոշություններ կան։ Նավթի ու պարենի համաշխարհային գները դրսևորում են աստիճանական նվազման միտումներ, բայց աշխարհաքաղաքական անորոշությունները պահպանվում են։
Հայաստանի կենտրոնական բանկը տարեվերջյան խորհդի նիստում որոշեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը․ այժմ 6,5 % է կազմում։ Ֆինանսական շուկայի մասնակիցներն ակնկալում են, որ ԿԲ-ն տոկոսադրույք աստիճանաբար կհասցնի 6,25-ի։ ԿԲ-ում հավասարակշռել են ռիսկերը, իսկ որոշման վրա ազդել են ներքին ու արտաքին գործոններ։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն արձանագրում է՝ նաև շուկայի սպասումներին համահունչ են կայացրել որոշումը․
«2025–ի 4-րդ եռամսյակում համաշխարհային տնտեսության մեջ և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի աճի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում զուգահեռաբար նաև գնաճի արագացման ռիսկերը պահպանվում են։ ԱՄՆ-ում սպառման աճի բարձր տեմպը շարունակում է նպաստել հարաբերականորեն բարձր տնտեսական աճի ձևավորմանը և գնաճային միջավայրի որոշակի ընդլայնմանը»։
Հայաստանում շինարարության ոլորտի երկնիշ աճը պահպանվում է։ Սրան զուգահեռ՝ նաև հիպոթեքային վարկերի ծավալն է ավելանում։ Բայց Մարտին Գալստյանի տեղեկացմամբ՝ ռիսկերը, ըստ էության, արդեն նվազել են։ Գների ճշգրտումը ոչ թե միանգամից է լինում, այլ աստիճանաբար․
«Տարբեր ծրագրերի իրականացմամբ, ներառյալ եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, անշարժ գույքի շուկայում գների որոշակի աճ ունեինք։ Մեր մտավախությունը նաև այն է, որ անկումը միանգամից ու արագ կլինի, ու այն կարող է առաջացնել անցանկալի երևույթներ տնտեսության մեջ։
Բարեբախտաբար մենք տեսնում ենք, որ էդ ռիսկերը չեզոքանում են, այսինքն՝ գների ճշգրտումը տեղի է ունենում աստիճանաբար»։

Բարձր տնտեսական աճի վրա, ավելացված արժեքի տեսանկյունից, ոսկու արտահանման աճը էական ազդեցություն չի թողնում, թեև կարճաժամկետ հատվածում ցուցանիշների աճ նկատվում է։ Այդուհանդերձ, համաշխարհային անորոշություններով պայմանավորված, միջազգային գործընկերները Հայաստանում տնտեսական աճի դանդաղում են կանխատեսում։ ՀԲ-ն առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսական աճի՝ մինչև 5,2 % դանդաղում է կանխատեսում։
ՀԲ փորձագետները նշում են, որ կանխատեսված ցուցանիշը մոտ է Հայաստանի կառավարության 2026–2028 թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագիր ներառած ցուցանիշին։ Մասնագետներն ակնկալում են, որ տնտեսական աճը միջնաժամկետ կտրվածքում կկազմի 5,3 %՝ հիմնվելով կայուն կապիտալ ծախսերի, Ամուլսարի ոսկու հանքավայրի գործունեության մեկնարկի, Սոթքի հանքավայրի արտադրողականության աճի սպասումների վրա։ ՀԲ ավագ տնտեսագետ Վիկի Չեմութայը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ տվյալները ներառում են մինչև այս տարվա օգոստոսը․
«Ելնելով այդ տվյալներից՝ կանխատեսում ենք, որ 2025-ին Հայաստանի տնտեսական աճը 5,2 % կկազմի։ 2026-ին այն կնվազի՝ 4,9 %։ Աճի, այսպես ասենք, սառեցում ենք կանխատեսում»։
Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցի՝ Հայաստանում 2025-ին կանխատեսվում է 4,8 %, իսկ 2026-ին՝ 4,9 % տնտեսական աճ։ Ընդ որում՝ ՀԲ-ի և ԱՄՀ-ի սպասումները նույնն են 2026-ի համար։ 2025-ի տնտեսական աճի կանխատեսումները համեստ են, բայց ոչ հաջորդ տարվա ակնկալիքի նման։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը բացատրում է, թե ինչու են փոխվել տնտեսական աճի ցուցանիշները․
«Հայկական ծագման ապրանքների աճի տեմպը արդյունաբերության մեջ 13 % է։ Մինուսը նախկինում վերարտահանման բացասական հետևանքն է։ Սա հաստատում է նաև այն, որ 2024–ի վերջից արդեն տնտեսությանը տրվող վարկերի ծավալն է էականորեն աճել»։
Առաջանցիկ տեմպերով աճող վարկերի զուգահեռ՝ նաև ավանդներն են ավելանում։ Միաժամանակ ավելանում են նաև բանկային զեղծարարությունները։ ԿԲ նախագահը առաջարկում է վիրտուալ տիրույթում լինել շատ զգոն․
«Կանխարգելիչ գործողությունները մեզ թույլ են տալիս ոչ միայն պաշտպանել անհատին, այլ նաև ստեղծել միջավայր, որտեղ ինովացիան կզարգանա։ Մենք պետք է տեղափոխվենք թվային տիրույթ, իսկ թվային տիրույթն իր հետ բերում է բազում ռիսկեր»։
Հակառակ դեպքում հետքայլ է լինելու․ ԿԲ-ն կրկին կպահանջի շփումը բանկերի հետ բացառապես ֆիզիկական եղանակով։ Սա հավելյալ բեռ է, ծախս ու ժամանակ՝ ասում է Մարտին Գալստյանը։ ԿԲ նախագահը շեշտում է՝ եթե ֆինանսական հիգիենայի կանոնները չպահպանվեն, ԿԲ-ն ստիպված է լինելու հետքայլ անելու։ Նոր դեպքեր չկան, իսկ նախկին դեպքերն ուսումնասիրում են։ Բայց սա չի նշանակում, որ թվային զեղծարարությունների նոր դեպքեր չեն արձանագրվի։ Սրանք 21-րդ դարի ամենատարածված խնդիրներից են։




