
Արամուս գյուղում հոկտեմբերի 12-ի ողբերգական դեպքից անցել է շուրջ երկու ամիս, սակայն լարվածությունը չի նվազել։ Թադևոս Հովակիմյանը, որը մեղադրվում է մեկ օրում չորս մարդու սպանության համար, դատահոգեբանական փորձաքննությամբ անմեղսունակ է ճանաչվել և տեղափոխվել հոգեբուժարան։ Այս որոշումը մեծ վրդովմունք է առաջացրել գյուղում․ շատերը վստահ են, որ եզրակացությունը չի համապատասխանում իրականությանը։
Արամուս գյուղում իրավիճակը լարված է։ Բնակիչները դուրս են եկել բողոքի։ Հոկտեմբերի 12-ին սպանվածների հարազատները և համայնքի բազմաթիվ բնակիչներ արդար դատաքննություն են պահանջում։
Կոտայքի մարզում հոկտեմբերի 12-ին 4 ժամում 4 սպանություն էր եղել։ Ոստիկանությունը հաղորդում էր ստացել, որ Արամուս գյուղի դաշտամիջյան հատվածում տղամարդու և կնոջ դիեր կան։ Հետաքննությունը պարզեց, որ Արամուսի բնակիչ 61-ամյա Թադևոս Հովակիմյանը իր անունով հաշվառված որսորդական հրացանով կրակոցներ է արձակել իր հարևան ամուսինների՝ 64-ամյա տղամարդու և 59-ամյա կնոջ ուղղությամբ։ Հետո՝ նույն օրը, Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին հրացանի կրակոցներով սպանել էր մյուս զույգին։ Հովակիմյանը, ինչպես օրերս հաղորդվել էր, դատահոգեբանական փորձաքննությամբ անմեղսունակ է ճանաչվել, ինչն էլ, ըստ իրավական ընթացակարգերի, կարող է քրեական պատասխանատվությունից ազատվելու հիմք դառնալ։
Արամուսի բնակիչներն ասում են, որ չեն համակերպվելու այս եզրահանգմանը և լրացուցիչ ու ավելի մանրամասն քննություն են պահանջում։ Սպանվածների հարազատներից Գեղամ Սողոմոնյանն առաջինն է հայտնվել դեպքի վայրում։
«Առաջինը ես եմ տեսել դեպքը, ես եմ զանգել ոստիկանություն։ Դեպքի օրը անհանգստացել եմ հարազատից ստացած զանգից հետո և որոշել եմ գնալ դաշտ, որտեղ էլ տեսել եմ տեղի ունեցածը»։
Զրուցակիցս ասում է, որ ոստիկաններն ու քննչական մարմինները դեպքի վայրը լիարժեքորեն ուսումնասիրել են, սակայն այն հարցերը, որոնք հարազատներին անհանգստացնում են, դեռ անպատասխան են։
«Չորս մարդ սպանած մարդը ո՞նց կարող է անմեղսունակ ճանաչվել»։
«Գժին պիտի տան զենք, վարորդական իրավունք, տաքսի էր վարում։ 2 ամիս առաջ մարդ է սպանել, հիմա ասում են՝ գիժ է։ Դա սուտ է»։
Սպանվածների հարազատները կտրուկ են արձագանքում այն տեղեկությանը, որ Հովակիմյանն անմեղսունակ է ճանաչվել։

«Չեմ կարողանում հաշտվել այդ մտքին։ Չորս մարդու կյանք խլած մարդը ո՞նց կարող է համարվել անմեղսունակ։ Մենք ոչ մի բացատրություն չենք ստացել Քննչական կոմիտեից կամ դատախազությունից»։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Թադևոս Հովակիմյանը նույնիսկ ցուցակ է ունեցել այն անձանց անուններով, որոնց նկատմամբ ենթադրաբար թշնամական, ագրեսիվ մտադրություններ է ունեցել։ Այդ ցուցակում նշված անձանց մի մասն ապրում է Արամուսում և մտահոգված է իր անվտանգությամբ։
Տիկին Շողիկը՝ սպանված Կարենի քույրը, հաստատում է՝ իր եղբոր ու նրա կնոջ անունները նույնպես այդ ցուցակում են եղել։
«Ոստիկանությունն է իր գրպանից հանել ցուցակը։ Իմ եղբայրն ու նրա կինը մեջն են եղել»։
Հարազատների մի մասը կարծում է, որ որոշման վրա ազդեցություն են ունեցել Հովակիմյանի կապերը։
«Կապեր ուներ տարբեր տեղերում։ Որպես իրավապահների հետ կապված մարդ միշտ փրկվում էր։ Վիճում էր, տանում էին բաժին, բայց անմեղ դուրս էր գալիս»։
Թադևոս Հովակիմյանը, որը մեղադրվում է մեկ օրում չորս մարդու սպանության համար, դատահոգեբանական փորձաքննությամբ անմեղսունակ է ճանաչվել և տեղափոխվել հոգեբուժարան։
Հոգեբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում բուժման տևողությունը կախված է տարբեր հանգամանքներից՝ հիվանդի առողջական վիճակ, դեղամիջոցների արդյունավետություն։ Սուր վիճակներում գտնվող հիվանդների համար հաճախ, ըստ Արմեն Սողոյանի, կարող է 24-օրյա բուժումը լիովին բավարար լինել։ Սակայն կան իրավիճակներ, երբ 24 օրն էլ, մեկ ամիսն էլ խնդիրը չեն լուծում, և հիվանդը երկարատև խնամքի և վերահսկվող բուժման կարիք է ունենում։
«Այստեղ որևէ ստանդարտ մոտեցում չի կարող լինել։ Յուրաքանչյուր հիվանդ յուրահատուկ է, և յուրաքանչյուր դեպք պետք է գնահատվի անհատական կարգով։ Երբեմն բուժումը երկար է տևում, և դա բնական է»։
Հոգեբուժական ոլորտում անհատականացված մոտեցումը, ըստ մասնագետների, ոչ միայն ապահովում է բուժման արդյունավետությունը, այլև նվազեցնում է հանրային տաբուների տարածումը հոգեկան առողջության շուրջ։
Իսկ բնակիչները նշում են, որ ձեռնարկելու են օրինական բոլոր քայլերը՝ վիճարկելու Հովակիմյանին անմեղսունակ ճանաչելու որոշումը, պահանջելու գործի օբյեկտիվ ու ամբողջական քննություն և ապահովելու, որ մեղավորները չխուսափեն պատասխանատվությունից։




