
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը շուտով կբացի դռները հանդիսատեսի առաջ։ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ Էկա Ճիճինաձեն ասել է, որ թատրոնի վերակառուցումը մոտենում է ավարտին․
«Այժմ կատարվում են անհրաժեշտ աշխատանքները՝ վերակառուցված հայկական թատրոնի վերաբացման ուղղությամբ։ Եվ, հավանաբար, այն շատ շուտով կբացվի։ Մենք իսկապես շատ ուրախ ենք․․․գիտեմ, որ մնացել են միայն տեխնիկական մանր հարցեր հիմնականում սարքավորումների հետ կապված․ սա արդեն վերակառուցման եզրափակիչ փուլն է»։
Հայաստանից դուրս հայերենով գործող միակ պետական թատրոնի շենքը վթարային էր համարվել դեռ 2010-ին։ Վրաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոն եզրակացրել էր, որ շենքը պետք է ամբողջությամբ ապամոնտաժել և կառուցել նորը։
Հայկական թատրոնի շենքի վերակառուցումն իրականացվել է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի «Քարթու» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։




