
Ֆեյսբուքն իսկական Լինչի դատաստան է կազմակերպել Զորականում անչափահաս տղային բռնության ենթարկած հինգ անչափահասների նկատմամբ։ Վիրուսային արագությամբ են տարածվում դեռահասներին խստորեն պատժելու, ծնողներին և ուսուցիչներին անգործության համար պատասխանատվության կանչելու, իրավապահ մարմիններին անհապաղ քայլեր ձեռնարկելու կոչերը։
Օգտատերերի մի մասը մեղադրում է բռնարարներին ու խիստ պատիժ ակնկալում, մյուս մասն էլ փորձում է հասկանալ, թե ինչու են երիտասարդ տղաները դաժանորեն ծեծում իրենց հասակակցին։
«Ռադիոլուր»-ը ժամեր առաջ տարածված տեսանյութից ուղիղ մեջբերումներ չի ներկայացնում, քանի որ շուրջ 2 րոպեանոց նկարահանումն ամբողջությամբ ուղեկցվում է հայհոյանքով։ Տեսանյութը հրապարակել է ֆեյսբուքյան օգտատեր Նանար Պողոսյանը՝ նշելով, որ ծեծողները Զորական գյուղի բարձր դասարանի աշակերտներ են, բռնության զոհը՝ Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող ուսանող։ Դեպքը եղել է սեպտեմբերին։
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Ռադիոլուր»-ին փոխանցում է, որ ծնողներից մեկը TikTok սոցիալական հարթակում է հանդիպել տեսանյութին և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել ոստիկանություն։ Հարուցվել է վարույթ Քրեական օրենսգրքի՝ խուլիգանության և անձին առևանգելու հոդվածների հատկանիշներով։
«Նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է դատարան։ Դատարանը 4 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառել կալանքը, իսկ մեկ անձի նկատմամբ՝ տնային կալանքը։ Այնուհետև մեր կողմից խափանման միջոցը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել դատարանին, որը մերժվել է։ Այս պահի դրությամբ, ինչպես արդեն նշեցի, մեկ անձի նկատմամբ են կիրառվում վարչական հսկողության և բացակայելու խափանման միջոցները»։
Կիմա Ավդալյանի խոսքով՝ քրեական վարույթը շարունակվում է, սակայն այս պահին այլ մանրամասներ հայտնել չի կարող։ Մինչ իրավապահները բացահայտում են դեպքի հանգամանքները, սոցիալական ցանցերում տարածվում են տեղեկություններ բռնության մասնակից տղաների մասին։ Նրանցից մեկը, ըստ իրավաբան Դավիթ Թումասյանի, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։ Դեպքին անդրադարձել է նաև մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
«Տավուշի մարզում բարձր դասարանի աշակերտների կողմից անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը մատնանշում է այն բոլոր խնդիրները, որոնք առկա են մեր հասարակական միջավայրում՝ բռնության նկատմամբ վերաբերմունքի, դրա կանխարգելման, դեպքերին արձագանքման և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անընդունելի է, իսկ պետությունն ունի պարտավորություն ապահովելու անչափահասների անվտանգությունը դպրոցում, ուսումնական այլ հաստատություններում և դրանցից դուրս»։
Հայ օգնության ֆոնդի Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնի հոգեբան Նարինե Աբրահամյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ բռնության կանխարգելման ամենածանրակշիռ միջոցը դրա մասին բաց ու անկեղծ խոսելն է․
«Ամենամեծ դրդող ուժը, պատճառը բռնության դեպքերի մեծ աճի այն է, որ մենք ամաչում ենք, լռեցնում ենք դա ընտանիքի մակարդակում, դասարանի մակարդակում, դպրոցի մակարդակում, որովհետև ինչ ամոթ է, որ իմ դասարանում սենց բան կա, սենց բան բոլորի մոտ կարող է լինել։ Սա տարիքային է։ Սրան պետք աջակցել, միջամտել, ոչ թե ծածկել ու կոծկել»։
Դեռահասությունն այն տարիքն է, երբ մարդու հոգեկան աշխարհը դեռ ձևավորման փուլում է։ Նույնիսկ առողջ միջավայրում այդ տարիքի երեխաները չափազանց էմոցիանալ, անվերահսկելի և զգայուն կարող են լինել՝ ասում է հոգեբանը․
«Սա վարակիչ էֆեկտ ունի, նույնիսկ գիտական մակարդակով ապացուցված է, որ այսպես ասած նեյրոններն արտացոլում են այն, ինչը դիմացինի հետ է կատարվում։ Այս խմբի ազդեցությունը հենց դա է, որ մասնավորապես դեռահասներն իրենց առանձին սկսում են չընկալել ու ընկնում են հոսանքի ներքո։ Ու այո, ագրեսիան ավելի բարձր է լինում»։
Ուշագրավ է, որ Զորականի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը լրատվամիջոցներից մեկին ասել է, որ անչափահասները «պարտաճանաչ, կարգապահ, խելոք, ոչ կոնֆլիկտային» աշակերտներ են։ «Այդ քոլեջի աշակերտն էլ է մեր դպրոցում սովորել, տղաները միշտ ընկերական են եղել իրար հետ, իրար աջակցել, օգնել են»,-մանրամասնել է դպրոցի տնօրենի պաշտոնակատարը։
Տեսանյութի խոսակցություններից պարզ է դառնում, որ տղաների միջև ինչ-որ խնդիր է եղել, դրա մասին իմացել է պահակը։ Դրանից հետո մի քանի տղա քոլեջի սանին կանչել է, որ պատասխան պահանջեն, թե պահակը որտեղից է իմացել խնդրի մասին։ Հոգեբանի կարծիքով՝ թե՛ բռնարարները, թե՛ բռնության ենթարկվողը այս իրավիճակում պաշտպանության կարիք ունեն։
«Իրենց պետք է օգնել դուրս գալ իրավիճակից, բայց իրենք նաև պետք է հասկանան, որ սա առողջ վարքի դրսևորում չի, և երկու կողմն էլ պետք է պաշտպանվի։ Բռնության դեպքերի հետ աշխատելու ժամանակ սովորաբար օգտագործում ենք նաև, այսպես ասած միջնորդի դերը, այսինքն` երկու կողմի միջև կոնտակտ կապել, հարթել իրավիճակը, փորձել հասկանալ` ինչն է դրդել երկու կողմին էլ»։
Անչափահասի վարքի կտրուկ փոփոխությունը, քնի խանգարումները, տագնապային գրոհները, անհասկանալի թվացող անհանգստությունը ծնողներներին կարող են հուշել, որ հոգեբանական կամ ֆիզիկական բռնության է ենթարկվել՝ մանրամասնում է Նարինե Աբրահամյանը։
«Բռնության ենթարկվող մարդիկ երկու տեսակի վարք են ցուցաբերում ու անպայման մի տեղ ագրեսիան դուրս է գալու, բայց դա չի նշանակում, որ ով բռնության է ենթարկել, պարտադիր կրկնում է բռնության շղթան։ Բայց էսպիսի մի կանոն էլ կա, որ բռնության ենթարկողն ինքը սովորաբար բռնության զոհ է»։
Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում դեպքի բուռն արձագանքներին, ապա հոգեբանի խոսքով՝ դրա հետևում էլ հասարակության տրավմաներն են։
«Ամեն տեղ արտահայտվելու հնարավորությունը ֆորմալ, ոչ իրատեսական միջոց է մեր սեփական լարվածությունը, մեր ներքին ագրեսիան թուլացնելու համար։ Մեզ թվաց, թե մենք ինչ-որ գործ արեցինք, բայց մենք լուծում չտվեցինք, մենք ուղղակի ինչ-որ հարթակում արտահայտվեցինք ու էդ գնաց։ Վաղը, մյուս օրը ուրիշ հարթակ է լինելու, ուրիշ դեպք է լինելու, մենք էդ ուրիշ դեպքի վրա ենք կենտրոնանալու, բայց դա արտացոլում է մեր պառակտվածությունը, տրավմատիկ փորձառությունը»։
Հոգեբանի կարծիքով՝ նման տեսանյութերի տարածումը կարող է բռնության նորմալացման նախադեպ դառնալ այնպես, ինչպես ֆիլմերում, տեսահոլովակներում կամ փողոցում ու ընտանիքում բռնության տեսարանները։ Գլխավորը, որ պետք է հիշել, ամփոփում է հոգեբանը, այն է, որ ագրեսիան սովորաբար առաջանում է մեծ վախից, հետևաբար ագրեսիան վերացնելու ամենաարդյունավետ տարբերակը «ո՞ւմից, ինչի՞ց կամ ինչո՞ւ ենք վախենում» հարցերի պատասխանները գտնելն է։




