ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնը հիմնանորոգվել և կահավորվել է․ լրագրողները ծանոթացել են կենտրոնի բնակիչների կեցության պայմաններին

Հայկական Կարմիր Խաչի ընկերության նախաձեռնությամբ մեդիատուր է անցկացվել Գյումրիի Շուրջօրյա խնամքի կենտրոնում, որտեղ լրագրողները ծանոթացել են կենտրոնի բնակիչների կեցության պայմաններին, զրուցել են տարեցների հետ ու լսել նրանց կյանքի հետաքրքիր պատմություններ:

Հայկական Կարմիր Խաչ ընկերության ենթակայությամբ գործող Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնն ունի 159 շահառու: Այստեղ մեկ հարկի տակ են ապրում ոչ միայն առողջական խնդիրներ ու խնամքի կարիք ունեցող միայնակ տարեցներ, այլև մարդիկ, որոնք ունեցել են կամ ունեն ընտանիքներ, երեխաներ, բայց հանգամանքների բերումով հայտնվել են խնամքի հաստատությունում: Նելլի Մալխասյանը երաժիշտ է՝ քանոնահարուհի։ Նա նաև դաշնամուր է նվագում ու հարևաններին ուրախացնում իր կատարումներով:

«Ավարտել եմ Կոմիտասի անվան 2-րդ երաժշտական դպրոցը, քանոնահարուհի եմ եղել: Ոչ լրիվ գերազանց ավարտել եմ դպրոցս, դաշնամուրիս թվանշանը միշտ չորս է եղել: Ես տանս դաշնամուր չունեի, որ էկա էստեղ, ես ուղղակի ուրախությունիցս հուզվեցի, որ էստեղ դաշնամուր կար, ես կարող եմ մեկ-մեկ օգտվել մեր դաշնամուրից»։

56 ամյա կինն արդեն 11 տարի է ապրում է խնամքի կենտրոնում: Ընտանիք ու երեխաներ է ունեցել, բայց հիվանդության պատճառով գերադասել է վերադառնալ հայրական տուն, որպեսզի նեղություն չպատճառի ընտանիքին: Արդեն մի քանի տարի է զավակներից լուր չունի։ Ասում է՝ իրենով չեն հետաքրքրվում, միայն իմացել է, որ ամուսնացել ու ապրում են Ռուսաստանում:

«Ես մի թեթև հիվանդացա, ընտանիքիցս բաժանվեցի հիվանդանալուցս հետո, ասի՝ ես չեմ ուզում ձեզ խանգարեմ, ես հայրիկիս մոտ կգնամ իմ հիվանդությունովս, ես դեռ բուժման մեջ էի գտնվում: Իրենք դեմ չկանգնեցին ինձ ու պապաս վերցրեց ինձ իր մոտ խնամքի, հետո էլ պապաս մահացավ, ես եկա էստեղ ծերանոց: Տղաս աղջիկ երեխա ունի, աղջիկս մեծ աղջիկ երեխաներ ունի, արդեն 5-6 տարի էղավ չեմ տեսել»։

83 ամյա Ջեմմա Մելքոնյանը կենտրոնի նորաբնակներից է: 88-ի երկրաշարժի ժամանակ կորցրել է ամուսնուն և որդուն: Ավելի քան երեսուն տարի միայնակ ապրելուց հետո, սոցիալական ծառայության աջակցությամբ տեղափոխվել է խնամքի հաստատություն: Փոքրիկ, կահավորված սենյակում կան բոլոր պայմանները՝ ասում է Ջեմմա Մելքոնյանն ու շնորհակալություն հայտնում անձնակազմից իրենց նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի համար:

«Էս կազմակերպությունից ես շնորհակալ եմ, որ մարդիկ կան հիմա դրսում են, տաքություն էլ չունին, իսկ մենք տաքություն ունինք, հարգանք կա, պատիվ կա, ուտել կա, ամեն ինչ: Տնտեսուհի ունինք մենք արտակարգ, գուգա ամեն օր կնայե՝ ինչ է պետք, ինչ պետք չէ: Շնորհակալ եմ բոլորից, քույրերից, բժշկուհիներից, խոհարար աշխատողներից, հավաքարարներից: Բոլորից էլ ես շատ գոհ եմ, որովհետև ես լավ բան կտեսնիմ, վատ բան չեմ տեսնի»:

Չորս մասնաշենք ունեցող շուրջօրյա խնամքի հաստատությունը հիմնանորոգումից, կահավորումից ու վերազինումից հետո աշխատում է նոր մոդելով: Մինչև 2020 թվականը, այստեղ տարեցների բնակության համար չկային անգամ նվազագույն պայմաններ: Արդեն 5 տարի է՝ խնամքի հաստատության տնօրինումը կառավարության պատվիրակությամբ ստանձնել է Հայկական Կարմիր Խաչը։ Ընկերությունը ավելի քան 300 միլիոն դրամ է ներդրել տարեցների բնակության պայմանները բարելավելու համար, ասում է Հայկական Կարմիր Խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը:

«Թույլ տվեք ասել՝ ոչ հումանիտար պայմաններ էր իրականում, որտեղ մարդիկ ապրում էին և մեր վրա պատասխանատվություն վերցրեցինք վերանորոգելու, կահավորելու և բացի էտ տեխնիկական հատվածից, նաև փորձում էինք, և այժմ էլ փորձում ենք մեր աշխատակիցների կարողությունները զարգացնել, որակը բարձրացնել խնամքի ծառայության: Նաև զուգահեռ իրականացնում ենք առաջին օգնության դասընթացներ հենց մեր աշխատակազմին, մեր հոգեբանները ևս աշխատում են, և դրսի խնամքի որակի բարձր փորձը ուզում ենք բերել Հայաստան»։

Խնամքի կենտրոնի 159 շահառուներից 18-ը պալեատիվ բաժանմունքում են։ Նրանք անկողնային հիվանդներ են և առանձնահատուկ խնամքի կարիք ունեն: Հաստատություն տեղափոխվել և ապրել ցանկացող տարեցների հերթացուցակը մեծ է: Այս ուղղությամբ Հայկական Կարմիր Խաչի ընկերությունն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր ծրագրեր են իրականացնում տարբեր մարզերում։ Դավիթ Ներսիսյանը վստահ է, որ այդ ծրագրերով հնարավոր կդառնա ավելի շատ տարեցների խնամքը ստանձնել:

«Էտ խնդիրը կա, շահառուների մեծ քանակ կա, որոնք որ սպասման մեջ են: Այդ իմաստով ես վստահ եմ, որ հիմա էլ հետևում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, իրենք էլ իրենց հերթին փորձում են քայլեր անել, որպեսզի նմանօրինակ իրավիճակներ չլինի, այսինքն՝ նոր գաղափարներ կան, սոցիալական տների գաղափարը, միգուցե ապագայում կարողանան կյանքի կոչել»։

Սոցիալական տները նախատեսված կլինեն 15-20 շահառուների միասին բնակեցման համար, որտեղ տարեցները հնարավորություն կունենան ցանկության դեպքում զբաղվելու գյուղատնտեսությամբ կամ ձեռագործ իրեր կպատրաստեն։ Դա նրանց ինքնաբավ լինելու հնարավորություն կտա: Այժմ կառավարությանը Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ քննարկում է Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնի կառավարումը ևս հինգ տարով շարունակելու հարցը։ Իսկ դա ենթադրում է նոր ներդրումներ ու սպասարկման նոր չափորոշիչներ:

Կարդացեք նաև

Back to top button