Բոլսոնարոն կոտրել է ոտքին ամրացված հսկող սարքը
Ցնծություն և ցասում, հաղթանակի բերկրանք և պարտության դառնություն: Ինչ էմոցիաներ ասես չեն ապրում ուրախությունից կամ տխրությունից խելագարված ամբոխները:
Դե իսկ այս իրարամերժ հույզերի պատճառը Բրազիլիայի նույնանուն մայրաքաղաքում դատարանի կայացրած վճիռն է, որի համաձայն նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն բանտում պետք է կրի 27 տարվա ազատազրկման ժամկետը:
Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդրե դե Մորայեշը եզրակացրել է, որ Բոլսոնարոն պետք է մնա դաշնային ոստիկանության շենքի բանտախցում:
Իրավապահները նախնական կալանքի որոշում են կայացրել, «քանի որ Բոլսոնարոն կարող է փախուստի դիմել»: Ինչո՞ւ՝ որովհետև նախկին նախագահը, ենթադրաբար, կոտրել կամ վնասել է ոտքին ամրացված հսկման սարքավորումը, որի միջոցով ոստիկանները հետևում են նրա տեղաշարժին:
Ամենածանր մեղադրանքը՝ հեղաշրջում կազմակերպելու փորձ
Իսկ բուն 27 տարվա դատավճիռն ընդունվել է այն բանից հետո, երբ դատարանն ապացուցված է համարել 2022 թվականի նախագահական ընտրություններում պարտվելուց հետո պետական հեղաշրջում ծրագրելու մեղադրանքը:
Պարզաբանում է Associated Press լրատվական գործակալության թղթակից Մաուրիսիո Սավարեզեն. «Նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն սկսել է կրել իր 27 տարվա ազատազրկման պատիժը՝ 2022 թվականին նախագահական ընտրություններում պարտվելուց հետո իր պաշտոնավարումը երկարաձգելու նպատակով պետական հեղաշրջման փորձը ղեկավարելու համար»։
Բրազիլացիների իրարամերժ հույզերը
Ինչպես են արձագանքում շարքային մարդիկ, իր ուրախությունը բացատրում Սան Պաոլո քաղաքի ավագանու անդամ, 34-ամյա Կեյտ Լիման. «Այսօր այն օրն է, երբ մենք վերջապես կարող ենք շունչ քաշել և ասել, որ շարունակում ենք պաշտպանել ժողովրդավարությունը։ Մենք ուզում ենք, որ իշխանության գլուխ ավելի շատ սևամորթ կանայք լինեն, ավելի շատ բազմազանություն լինի, որ Բրազիլիայի իրական դեմքը ներկայացված լինի։ Մենք չենք հրաժարվի մեր ժողովրդավարությունից, քանի որ խոսքը մեր կյանքի մասին է»։
Տրամագծորեն հակառակ կարծիքն է հայտնել Բոլսոնարոյի հավատարիմ աջակից, 61-ամյա թոշակառու Էլեն Լեանդրոն. «Ես ծայրաստիճան վրդովված եմ։ Նա մեր լավագույն նախագահն է։ Այն, ինչ դատավորը և նրա ավազակախումբը անում են Բոլսոնարոյի նկատմամբ, անարդարություն է։ Բոլսոնարոն ազնիվ մարդ է, ընտանիքի մարդ։ Այդ ձախերն ամեն ինչ գլխիվայր են շրջել։ Սա քաղաքական հետապնդում է»։
Թրամփին տխրեցրել է բրազիլական դատարանի վճիռը
Նախկին նախագահին երբեմն անվանել են Հարավային Ամերիկայի Դոնալթ Թրամփը: Նրանք հանդիպել են մի քանի անգամ և մշտապես գովեստով են խոսել մեկ-մեկու մասին: Լրագրողներից տեղեկանալով նախկին պաշտոնակցին բանտ ուղարկելու մասին՝ Թրամփը քննադատել է Բրազիլիայի դատարանի որոշումը:
«Ես դրա մասին չեմ իմացել, բանտարկե՞լ են, դա վատ է, շատ վատ, կարծում եմ, դա շատ վատ Է»,- ասել է Թրամփը:
«Փախուստի փորձ չի եղել»
Բոլսոնարոյի որդիները պնդում են, որ հայրը քաղաքական հալածանքների զոհ է: Նրանք երեկ բանտում տեսակցել են հորը: Կարլոս Բոլսոնարոն Ռիո Դե Ժանեյրոյի ավագանու անդամ է, հավատացնում է, որ նախկին նախագահն անմեղ է:
«Հայրս նորմալ վիճակում էր, փախուստի փորձի բացակայության ամենամեծ ապացույցն այն է, որ նա չի կտրել ոտքին ամրացված մոնիտորի ժապավենը: Հենց որ պատասխանատու մարմինները հայտնաբերեցին, թե ինչ է պատահել, նրա մոնիտորի ժապավենը փոխեցին, և նա նորից քնեց»,- ասել է Կարլոս Բոլսոնարոն։
Սարքը կոտրելու պատճառը՝ հալյուցինացիանե՞ր
Ժաիր Բոլսոնարոն այս տարվա օգոստոսից է եղել տնային կալանքի տակ: Նա ասել է, թե «ինչ-որ հալյուցինացիաների պատճառով կտրել է սարքի ժապավենը»:
Փաստաբանը՝ վկայակոչելով ամբաստանյալի առողջական անկայուն վիճակը, դատարանին խնդրել է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը: Սարքի ժապավենի միտումնավոր կամ ոչ միտումնավոր կտրելը դատարանին դրդել է խիստ որոշում կայացնելուն:
Հեղաշրջման ընթացքում պետք է սպանվեր ընտրյալ նախագահը
70-ամյա Բոլսոնարոն պատիժը կրելու է 12 քառակուսի մետր տարածքով սենյակում, որտեղ կա անկողին, զուգարան, օդորակիչ, հեռուստացույց, սեղան:
Նրան կարող են նաև ոստիկանության շենքից փոխադրել տեղական բանտ կամ մայրաքաղաք Բրազիլիայում գտնվող զորամասի տարածքի մեկուսարան:
Ըստ մեղադրող կողմի, պետական հեղաշրջման ծրագրող նախատեսվել է սպանել ներկայիս նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային, փոխնախագահ Ջերալդո Ալկմինին, դատավոր Ալեքսանդրե Դե Մորայեշին և զանգվածային ապստամբություն կազմակերպել 2023-ի տարեսկզբին:




