ԿարևորՏնտեսական

Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է Էրբիլի գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին

Նոյեմբերի 24-27-ը Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ընթացող «Agro Pack 2025» գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով հայկական 10 ընկերության արտադրանք, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից

Ցուցահանդեսին մասնակցությունը հայկական ընկերություններին հնարավորություն է ընձեռել ներկայացնել իրենց արտադրանքը, ինչպես նաև ծանոթանալ տարբեր երկրներից ներկայացված արտադրողներին։

Հայկական տաղավար է այցելել նաև ԻՀ Էրբիլում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանը։

Այնուհետև ՀՀ հյուպատոսարանում, հյուպատոսի մասնակցությամբ, կազմակերպվել է հանդիպում ցուցահանդեսին մասնակցող հայ գործարարների հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանից դեպի Իրաք արտահանման հնարավորությունը և ընթացակարգերը։

Հանդիպման մասնակիցները շեշտել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության և հյուպատոսի աջակցությունը և պատրաստակամությունը հայկական արտադրանքը Իրաքի շուկայում առավել ճանաչելի դարձնելու գործում։ Կարևորվել է նաև ցուցահանդեսներին մասնակցության հնարավորությունը՝ նշելով, որ դա ևս մեկ հնարավորություն է՝ նոր գործընկերներ գտնելու, փոխշահավետ կապեր հաստատելու և հայկական արտադրանքը ներկայացնելու առումով։

Կարդացեք նաև

Back to top button