ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Փողերի լվացում ՀԷՑ–ում․ վարչապետն ունի ընկերության ապագայի նախընտրած սցենարը

Ամիսներ առաջ վարչապետը Հայաստանի էներգետիկ համակարգում տիրող  իրավիճակը իր գրառումներում կոչել էր «էներգետիկ ճգնաժամ»։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ոլորտին ուշադրություն է դարձրել Հայաստանի տարբեր բնակավայրերում քաղաքացիների հետ զրույցներից հետո, երբ մարդիկ բողոքել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակից։

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը վարչապետ Փաշինյանի հետ աշխատանքային քննարկմանը, վկայակոչելով վիճակագրական թվերը, հայտարարել է, որ հոսանքազրկումների միջին տևողությունը կրճատվել է 27%-ով, իսկ ինտենսիվությունը՝ 18%-ով։ ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչը հայտարարել է, որ այսօր գնում են յուրաքանչյուր անջատման հետքերով և փորձում են հասկանալ պատճառները։ Ընկերության ժամանակավոր կառավարչի ներկայացմամբ՝ շատ բան արդեն պարզվել է ընկերության կառավարման աշխատանքում։

Այժմ ժամանակն է հասկանալու, թե ինչպես է լուծվելու ՀԷՑ–ի ապագան։ Իսկ մինչ կառավարությունում քննարկել են ընկերության ապագայի հարցը, ընկերության նախկին կառավարիչներից մեկը հայտարարել է, որ հանրային այդ քննարկումով փորձ է արվում ՀԷՑ–ը խլելու հիմնավորումներ ներկայացնել։

Քաղաքացիներին հաճոյանալու համար պետությունը այնքան չի իջեցնի էլեկտրաէներգիայի սակագինը, որ, օրինակ՝ 3 տարի հետո էներգամատակարարման խնդիր առաջանա։ Պետություն–ՀԷՑ–քաղաքացիներ հարաբերություններում անհրաժեշտ է իրատեսական սպասելիքներ ձևավորել․ վարչապետ Փաշինյանը այսպես սահմանեց աշխատանքային սկզբունքները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ։

«Օրինակ, ես շատ երկրներում տեսել եմ, որ քաղաքական նպատակահարմարություններից, քաղաքական կոմպրոմիսներից ելնելով, ինչ–որ գներ են անընդհատ իջեցրել, իջեցրել, իջեցրել, իջեցրել, արդյունքում համակարգերը հասել են այն իրավիճակի, որ կոլապսի առաջ են։ Այս տրամաբանությունը մենք մեր քաղաքացիներին պետք է ներկայացնենք, որ գինը պետք է լինի էֆեկտիվ այն աստիճանի, որ համակարգի բնականոն գործունեությունը և որոշակիորեն նաև զարգացումը ապահովելու համար, ու դրանից ոչ մի լումա ավելի։ Սա էլ է շատ կարևոր, որովհետև դրանից ավելն էլ արդարացված չէ, որովհետև քաղաքացին տրամաբանական հարց կտա` ես ինչո՞ւ եմ այսքան վճարում։ Մենք պետք է այս հարցի պատասխանը գտնենք»։

Հարցի պատասխանը ՀԷՑ–ում որոշակիորեն գտել են, բայց Ռոմանոս Պետրոսյանը փակագծերը դեռ չի բացում։ Պարզապես ասում է, որ արդեն պատկերացում ունեն, թե ինչ չափով են կարողանալու հոսանքի գինը վերանայել։ Նա լիահույս է, որ տարեսկզբից այդ վերանայման որոշումը կկայացնեն։

30-40%–ով վերանայում կլինի նաև նոր միացումների և նոր բաժանորդների համար, վարչապետին խոստացավ ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչը՝ նշելով, որ միացումների կոնկրետ տեսակների դեպքում մինչև 10 անգամ թանկացում է եղել։ Պետրոսյանը դա ուռճացում է համարում։

«Ունենալով ահռելի ֆինանսական խնայողություններ՝ ներդրումային ծրագրի իրականացման, գնումների գործընթացների արդյունքում, թափանցիկության ապահովման արդյունքում, մենք այդ խնայողությունների մի մասը ուղղելու ենք, այսպես ասած, դրա սուբսիդավորման ընկերության բյուջեում։ Բնականաբար, չենք կարող 10 անգամ նվազեցնել, բայց առնվազն գոնե 30–40% հնարավոր է վերանայում ունենանք։

Այս պահին արդեն հաշվարկե՞լ եք, հաշվարկի հիման վրա՞ եք ասում։ Չստացվի, հիմա տոկոս ասենք, հետո պարզվի ․․․

Հաշվարկի հիման վրա եմ ասում և պատասխանատվությամբ եմ բնականաբար հնչեցնում թվերը»։

Քննարկման առանցքում են եղել քրեական վարույթների հանգամանքները, հավելագրումների դեպքերը և 2018–2024 թթ. սպառման տվյալների անհետացումը։ 

Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ ՀԷՑ-ում արձանագրվել են էլեկտրաէներգիայի ստվերային շրջանառության դեպքեր, որոնք իրականացվել են խարդախ սխեմաներով․ որոշ տեսուչներ իրական սպառման փոխարեն ներկայացրել են ավելացված ցուցմունքներ, հավելագրումների բեռը դրվել է պետական և համայնքային հիմնարկների վրա՝ դպրոցներ, բժշկական կենտրոններ, կոմունալ տնտեսության օբյեկտներ, գիշերային լուսավորության ցանցեր։

«Մեկուկես տասնյակից ավելի քրեական վարույթներ են այս պահին նախաձեռնված նաև մեկ տեսուչի կալանավորում ունենք ցանցերից մեկում, ով մեկ միլիոնից ավելի գումարի հավելագրում էր արել համայնքային կազմակերպության հաշվիչին։ Հավելագրումների ծավալը, ընդհանրական որ ասեմ, արդեն իսկ հայտնաբերված և փաստաթղթավորված, անցնում է մի քանի միլիոն կիլովատ/ժամ քանակը։ Դա կարելի է բազմապատկել միջին սակագնով, 50 դրամով, մի քանի տասնյակ միլիոն դրամի մեքենայությունների բյուջե ենք ստանում»։

ՀԷՑ–ում կատարված ուսումնասիրություններով խնդիրներ են հայտնաբերվել նաև գնումների գործընթացում, վարչապետին տեղեկացրել է Ռոմանոս Պետրոսյանը։ Նրա ներկայացմամբ՝ ՀԷՑ–ում կառավարումը ստանձնելու պահից բոլոր հիմնարար փաստաթղթերով աշխատանքը շարունակել են դեռևս տարեսկզբից նախորդ կառավարչի կողմից հաստատված փաստաթղթերի հիման վրա։ Այդ որոշումն ընդունվել է նախ՝ շահարկումներից խուսափելու համար, ասում է Ռոմանոս Պետրոսյանը։ Բայց արդյունքում նոր բացահայտումներ են տեղի ունեցել գնումների տարբեր գործընթացի հետ կապված։ Վարչապետին ներկայացված փաստերից առանձնացրել ենք ընդամենը մեկը։  

«Իրենց իսկ հաստատված գնումների պլանով, օրինակ, կցորդիչների՝ որոշակի դետալ է, որը մալուխային գծերի վթարների ժամանակ է կիրառվում, նույն տեսակի, նույն տեխնիկական բնութագիրն ունեցող նույն քանակի գնման խմբաքանակը նախատեսված էր 128 միլիոն դրամի և կոնկրետ ընկերություն կար նախանշված, ում առաջարկած գնով էլ գնման պլանը կազմել էինք։ Բաց, թափանցիկ, ներառական 3 փուլից բաղկացած գնումների գործընթաց իրականացրեցինք՝ հանրային գնումների օրենսդրությանը խիստ համապատասխան։ Նույն քանակի նույն տեխբնութագրով ապրանքը ձեռք բերեցինք ընդամենը 58 միլիոն դրամով։ 70 միլիոն դրամ խնայել ենք միայն այդ գործարքում։ Կարող ենք ասել, որ առնվազն ապրանքանյութական արժեքների մատակարարումները տևական շրջան վերջին տարին իրականացվել են առնվազն 60, 70 մինչև 100 % ուռճացված գներով, ինչը ուղղակիորեն մտել է սակագին։

Դե սրանք շատ կոնկրետ փաստեր են, և եթե չեմ սխալվում, սենց երևույթները իրավաբանները փողերի լվացում են կոչում»։

Այս փաստերն ու ուսումնասիրություններ են պատճառ դարձել, որ ՀԷՑ–ի նախկին կառավարչին զրկեն լիցենզիայից։ Ռոմանոս Պետրոսյանի ներկայացմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված փաստաթղթում 6 կետ էր, որոնցից վերջինն էլ ուներ խախտումների 9 ենթակետ։

ՀԷՑ–ի նախկին կառավարիչներից, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը, արձագանքելով ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը, իր ֆեյսբուքյան էջում խոստացել է առաջիկայում կետ առ կետ անդրադառնալ տեղի ունեցած զրույցին։ Հնչեցված փաստերը Կարապետյանը ներկայացնում է իբրև, մեջբերում՝ «ՀԷՑ-ը խլելու համար հիմնավորումներ ներկայացնելու փորձ»։

«ՀԷՑ–ը այս մարդկանց պետք է, որպեսզի իրենք կարողանան ընտրությունների ժամանակ օգտագործեն որպես գործիք, իրենց չի հետաքրքրում ոչ տնտեսական վիճակը, ոչ տնտեսության համբավը, ոչ միջազգային արբիտրաժը»։

Կառավարությունը երկու սցենարով է պատկերացնում ՀԷՑ–ի ապագան։ Վարչապետը խոստովանում է, որ իր սրտով է առաջին տարբերակը, կարծիքը կիսում է նաեւ ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչը։

«Տարբերակ մեկ, որ մենք սահմանված օրինական ընթացակարգերով ՀԷՑ–ը ամբողջությամբ դարձնենք պետական սեփականություն, որից հետո ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ հրավիրենք։ Այսինքն` կոնցեսիոն սկզբունքով՝ ենթակառուցվածքը պետական սեփականություն է և կառավարվում է պրոֆեսիոնալ ընկերության կողմից, իհարկե, կառավարության վերահսկողության ներքո։ Երկրորդ տարբերակը, եթե տեսնենք, որ սա ինչ–որ պատճառով անհասանելի է, որովհետև ընկերությունը վերցնելու համար պետք է վճարում իրականացնենք, իսկ այդ վճարումը փաստացի պետական բյուջեի ծախս է։ Եթե տեսնենք, որ այդ ծախսը արդարացված չէ պետական բյուջեի կողմից, ուրեմն մենք պետք է թափանցիկ ընթացակարգերով նոր ներդրող ներգրավենք։ Անկեղծ ասեմ՝ ինձ համար լավագույն ցանկալի տարբերակը առաջին տարբերակն է։ 

Ճիշտն ասած, ես էլ կցանկանամ»։

Կառավարությունը խոստանում է, որ անգամ երկրորդ սցենարի դեպքում ընկերությունում ռազմավարական բոլոր հարցերը լուծված են լինելու և մասնավորի ձեռքում հայտնվելու դեպքում անգամ ՀԷՑ–ում այլևս չեն կարող կրկնվել նախորդ սխալներն ու թերությունները։ Վարչապետը համոզված է, որ կառավարության քայլերով երկարաժամկետ կտրվածքով այդ խնդիրները լուծված կլինեն։

Կարդացեք նաև

Back to top button