
Միջազգային ճանաչում վայելող իտալացի կոմպոզիտոր, երաժիշտ, ռեժիսոր և մեդիաարվեստի առաջին փորձագետներից Ռոբերտո Պաչի Դալոն Երևանում կներկայացնի յուրօրինակ համերգային և հանրային ծրագրեր, որոնք միավորում են արվեստը, գիտությունը, մշակութային ժառանգությունն ու նոր տեխնոլոգիաները։
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում նոյեմբերի 27-ին արվեստագետն ստեղծալու է մի կոմպոզիցիա, որտեղ Դանիել Վարուժանի «(Հացին երգը») տեքստերը միահյուսվելու են էլեկտրոնային հյուսվածքների, ակուստիկ մեղեդիների ու գործիքների ձայնային լանդշաֆտի հետ։ Սա 2015-ին թողարկված Marsèll Records ալբոմի կենդանի կատարումն է Հայաստանում։
«Խորը, կինեմատոգրաֆիկ, երազային մթնոլորտում ալբոմը բացվում է որպես ճանապարհորդություն՝ հիշեցնելով անցյալի ստվերների մասին… Հզոր ստեղծագործություն, որը անպայման պետք է լսել»,- Buscadero ամսագրում գրում է Լինո Բրունետտին։
Համերգի երկրորդ հատվածում Պաչի Դալոն հանդես կգա երևանաբնակ արվեստագետների հետ կենդանի իմպրովիզացիոն կատարումով։
Բացի այդ, արվեստագետը կներկայանա հանրային դասախոսությամբ, որը նվիրված է արվեստի, գիտության, թվային մշակույթի, էկոլոգիայի և ժամանակակից լեզվի հատման կետերին։
Միջոցառումները նախաձեռնել է hosq հիմնադրամը։
Ռոբերտո Պաչի Դալոն իտալացի հեղինակ է, կոմպոզիտոր, երաժիշտ, թատրոնի ու կինոյի ռեժիսոր, վիզուալ և ձայնային արվեստագետ։ Giardini Pensili-ի հիմնադիրն է ու ղեկավարը (Ռիմինի, Իտալիա)։ Նրա աշխատանքները ներկայացվել են աշխարհի տարբեր բիենալեներում, թանգարաններում, թատրոններում և փառատոներում։




