
Նախորդ գիշեր արձանագրվել է օդի որակի էական վատթարացում՝ պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Հրդեհները և դրանցից անջատված տոքսիններն էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, նշել է քաղաքապետը։
«Ենթադրում եմ, որ շատերդ նաև տեսել եք ձեր կամ կողքի բակերում ինչ-որ մեկին, որը հավաքում է տերևներն ու վառում։ Սիրելի՛ երևանցիներ, տերևների և աղբի այդ փոքրիկ «գործարանները» ուղղակի թունավորում են ձեզ, շրջակա միջավայրն ու երեխաներին։ Եվ պետք է հասկանանք թունավորման աստիճանը: Երբ անընդհատ խոսում ենք շինարարական փոշուց, դա 3-5 անգամ ավելի նվազ վտանգավորություն ունի»,- ասել է քաղաքապետը:
Նրա խոսքով՝ ձմեռվա ամիսներին օդի շարժը շատ դանդաղ է և այրված տոքսիկ նյութերը երկար ժամանակ մնում են նույն տեղում։




