Հասարակություն

COP30-ը փակուղում. ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը համաձայնության չի եկել հանածո վառելիքից աստիճանական հրաժարման վերաբերյալ

Լարված քննարկումներից ու բանավեճերից հետո Բրազիլիայի Բելեմ քաղաքում կայացած COP30 ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովն ավարտվել է համաձայնագրով, որում ուղղակիորեն չի հիշատակվում գլոբալ տաքացմանը նպաստող հանածո վառելիքի մասին։

Ինչպես գրում է BBC-ին, սա հիասթափեցնող արդյունք էր ավելի քան 80 երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի համար, որոնք հույս ունեին, որ մասնակից երկրները կպարտավորվեն արագացնել նավթից, ածուխից և գազից հրաժարվելու անցումը։

Նավթ արտադրող երկրները պնդում էին, որ իրենց պետք է թույլատրվի օգտագործել իրենց հանածո վառելիքի ռեսուրսները՝ տնտեսական աճը խթանելու համար։

Կոլումբիայի ներկայացուցիչը քննադատել է համաժողովի ղեկավարությանը շաբաթ օրը կայացած վերջին լիագումար նիստում մի քանի երկրներին համաձայնագրի դեմ առարկություններ ներկայացնելուց խուսափելու համար։

Վերջնական համաձայնագիրը, որը կոչվում է Մուտիրաո, կոչ է անում երկրներին «կամավոր» արագացնել իրենց ջանքերը՝ կրճատելու հանածո վառելիքի օգտագործումը։

Առաջին անգամ Միացյալ Նահանգները պատվիրակություն չի ուղարկել գագաթնաժողովին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր 2015 թվականի Փարիզի կարևորագույն համաձայնագրից դուրս գալու մասին, որը պարտավորեցնում էր երկրներին գործել կլիմայական փոփոխությունների դեմ։

Թրամփը բազմիցս կլիմայի փոփոխությունն անվանել է «խարդախություն»։

Այն փաստը, որ բանակցությունները չձախողվեցին կամ չհանգեցրին նախկին կլիմայական համաձայնագրերի չեղարկման, շատ երկրներ դրական են համարում։

Շատ այլ առաջատար նավթարդյունահանող երկրների նման, Սաուդյան Արաբիան շարունակում է պնդել, որ իրեն պետք է թույլատրվի զարգացնել իր հանածո վառելիքի պաշարները, ինչպես դա անցյալում արել են այլ երկրներ։

Բրազիլիայում նոյեմբերի 10-ից 21-ն անցկացվող կլիմայական համաժողովին պատվիրակները բանակցում էին հիմնական հարցերի՝ հանածո վառելիքից աստիճանական հրաժարման և դրա պատճառով խոցելի տարածաշրջանների համար արդար անցման մեխանիզմների ստեղծման շուրջ:

Կարդացեք նաև

Back to top button