
Նոյեմբերի 22-ին նշվում է Հայկական դրամի՝ մեր պետության տնտեսական ինքնության առանցքային խորհրդանիշներից մեկի և բանկային աշխատակցի օրը։
32 տարի առաջ հենց այս օրը Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց սեփական ազգային արժույթը խորհրդային ռուբլու փոխարեն։
Կենտրոնական բանկը շնորհավորել է բանկային ոլորտի բոլոր ներկայացուցիչներին մասնագիտական տոնի, իսկ ՀՀ քաղաքացիներին դրամի տոնի կապակցությամբ․
«Հայկական դրամը պարզապես վճարամիջոց չէ։ Այն մեր պետականության, տնտեսական ինքնիշխանության և ազգային ինքնության հիմնասյուներից մեկն է։ Տարիների ընթացքում դրամը բախվել է տարբեր փորձությունների՝ թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային, թե՛ ներքին։ Այդ ամենի արդյունքում դրամը ապացուցել է իր կայունությունն ու կենսունակությունը, ինչը հետևողական տնտեսական քաղաքականության, կայուն ինստիտուտների և նվիրված աշխատանքի արդյունք է:
Չափազանց մեծ է բանկային հատվածի և նրա ներկայացուցիչների դերակատարությունը երկրի տնտեսական կյանքում։ Իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ բանկային համակարգի աշխատողները ապահովում են տնտեսության անխափան գործունեությունը՝ խթանելով բիզնեսների աճը, ֆինանսավորելով նորարարությունը և պաշտպանելով քաղաքացիների խնայողությունները։ Այսօր բանկային համակարգը մեր պետության տնտեսական կայուն զարգացման շարժիչ ուժերից մեկն է»:




